Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Չեմ ուզում ապրել»․ երբ և ինչպես պետք է վերաբերվել այս խոսքերին

Blog Image

«Չեմ ուզում ապրել»․ արտահայտություն, որը երբեմն կարող է հնչել հուզական պահի ազդեցությամբ, սակայն հոգեբանները զգուշացնում են՝ նման խոսքերը երբեք չպետք է անտեսել։ Սեպտեմբերի 10-ը ինքնասպանության կանխարգելման օրն է։ Հատկապես ինչո՞ւ են երիտասարդների շրջանում առաջանում ինքնասպանության մասին մտքեր, և ի՞նչ պետք է իմանան ծնողներն ու շրջապատը։
 
«Երիտասարդությունը մարդու կյանքի խոցելի փուլերից է։ Այս տարիքում ձևավորվում են ինքնությունը, հարաբերությունները, ապագայի պատկերացումները, իսկ դրան զուգահեռ կարող են առաջանալ ընտանիքի, սիրային հարաբերությունների, ուսման, աշխատանքի կամ սեփական անձի ընդունման հետ կապված բազմաթիվ ճնշումներ։ Ինքնասպանության մասին մտքերը սովորաբար մեկ պատճառի հետևանք չեն։ Դրանք կարող են առաջանալ, երբ հոգեբանական ցավը դառնում է այնքան ուժեղ, որ մարդն այլևս չի տեսնում դրանից դուրս գալու ելքերը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց հոգեբան Լուսինե Ալավերդյանը։
 
Իսկ որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք կարող են երիտասարդին հասցնել նման հոգեբանական վիճակի։ Դրանք կարող են լինել դեպրեսիվ վիճակները և երկարատև սթրեսը, ընտանեկան կոնֆլիկտները կամ բռնությունը, սիրային հարաբերությունների խզումը, բուլինգը, միայնությունը և սոցիալական մեկուսացումը, ուսման կամ աշխատանքի ճնշումը, ինչպես նաև ծանր կորուստներն ու ապագայի նկատմամբ հուսահատությունը։
 
Այսօր երիտասարդների հոգեբանական վիճակի վրա ազդում է նաև այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են։ Տեղեկատվության հսկայական հոսքը, սոցիալական համեմատությունները և հաջողության վերաբերյալ բարձր սպասումները կարող են լրացուցիչ ճնշում ստեղծել։
 
«Չի կարելի միանշանակ ասել, որ այսօր երիտասարդների խնդիրներն ավելի շատ են, քան նախկինում։ Սակայն փոխվել է միջավայրը։ Երիտասարդներն այսօր մշտապես ենթարկվում են տեղեկատվական հոսքի, սոցիալական համեմատության և հաջողության վերաբերյալ բարձր սպասումների։ Սոցիալական ցանցերը կարող են և՛ աջակցել, և՛ վնասել։ Դրանք հնարավորություն են տալիս շփվելու և աջակցություն գտնելու, բայց մշտական համեմատությունը ուրիշների «կատարյալ» կյանքի հետ կարող է առաջացնել անբավարարության և ցածր ինքնագնահատականի զգացում»,- ասաց հոգեբանը։
 
Հոգեբան Լուսինե Ալավերդյանի գնահատմամբ՝ շատ հաճախ երիտասարդները չեն կիսվում մտերիմների հետ, եթե իրենց ինչ-որ բան դուր չի գալիս՝ մտածելով, որ իրենց չեն հասկանա։
 
«Շատերը վախենում են, որ իրենց չեն հասկանա կամ կդատեն։ Ոմանք չեն ցանկանում ծանրաբեռնել ընտանիքին, մյուսները մտածում են, որ իրենց խնդիրները կարժեզրկվեն։ Հաճախ գործում է նաև կարծրատիպը՝ «եթե օգնություն եմ խնդրում, ուրեմն թույլ եմ»։ Այդ պատճառով կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ հոգեկան դժվարությունների մասին խոսելը բնական է»,- նշեց մասնագետը։
 
Հատկապես կարևոր է հասկանալ՝ ինչ անել, երբ մարդն արդեն ասում է «չեմ ուզում ապրել»։

«Նման արտահայտությունը չպետք է անտեսել կամ վերագրել պարզապես ուշադրություն գրավելու ցանկության։ Կարելի է ուղղակի հարցնել. «Երբ ասում ես՝ չես ուզում ապրել, ի՞նչ նկատի ունես»։ Այս հարցը չի «ներշնչում» ինքնասպանության գաղափար, այլ հնարավորություն է տալիս մարդուն խոսել իր իրական վիճակի մասին։ Եթե կա կոնկրետ ծրագիր, համապատասխան միջոցների հասանելիություն կամ նախկին փորձ, անհրաժեշտ է շտապ մասնագիտական միջամտություն»,- ասաց Ալավերդյանը։
 
Միևնույն ժամանակ, մարդը կարող է ունենալ ինքնասպանության մասին մտքեր և արտաքինից ընդհանրապես չթվալ ընկճված։ «Արտաքին վարքը միշտ չէ, որ ցույց է տալիս մարդու ներքին վիճակը։ Մարդը կարող է շարունակել աշխատել, սովորել, շփվել և կատակել՝ միաժամանակ ապրելով ծանր հոգեբանական ցավ։ Այդ պատճառով միայն արտաքինից դատել մարդու հոգեվիճակի մասին չի կարելի»,- նշեց մասնագետը։
 
Իսկ ե՞րբ է իրավիճակը դառնում հատկապես վտանգավոր, և մարդը չի ցանկանում դիմել հոգեբանի։ «Չպետք է ստիպել կամ ամաչեցնել։ Ավելի արդյունավետ է հասկանալ՝ ինչն է նրան խանգարում օգնություն ստանալ, և առաջարկել տարբերակներ։ Կարելի է ասել. «Ես քեզ չեմ ստիպում, բայց չեմ ուզում, որ այս ամենի միջով միայնակ անցնես։ Եկ միասին մտածենք՝ ինչ օգնություն կարող է քեզ համար լինել»։ Եթե կա անմիջական վտանգ, առաջնահերթը մարդու անվտանգությունն է»,- ասաց հոգեբանը։
 
Սակայն լինում են դեպքեր, երբ հոգեբանի մասնագիտական միջամտությունը շատ անհրաժեշտ է։ «Երբ կա ինքնասպանության կոնկրետ մտադրություն կամ ծրագիր, համապատասխան միջոցների հասանելիություն, նախկին փորձ կամ սուր ճգնաժամային վիճակ։ Լուրջ ազդանշաններ կարող են լինել նաև հրաժեշտի խոսքերը, հանկարծակի մեկուսացումը և ուժեղ հուսահատությունը։ Այդ դեպքում մարդուն չպետք է մենակ թողնել, և անհրաժեշտ է դիմել շտապ մասնագիտական օգնության»,- նշեց Ալավերդյանը։
 
Սակայն հասարակության մեջ դեռ պահպանվում է այն կարծրատիպը, որ հոգեբանի կամ հոգեբույժի են դիմում միայն «թույլ» մարդիկ։ Մինչդեռ հոգեբանի գնահատմամբ՝ իրականում օգնություն խնդրելը սեփական առողջության և կյանքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի դրսևորում է։ «Ինչպես բժշկի ենք դիմում ֆիզիկական ցավի դեպքում, նույնքան բնական պետք է լինի օգնություն խնդրելը հոգեբանական ցավի ժամանակ»,- նշում է հոգեբանը։
 
Ծնողները կարող են ասել. «Դու ամեն ինչ ունես», «Դա լուրջ բան չէ», «Քո տարիքում ես նման բաներից չէի նեղվում»։ Թեև դրանք կարող են ասվել լավ մտադրությամբ, սակայն նման խոսքերը կարող են արժեզրկել երեխայի ապրումները և ստիպել նրան ավելի փակվել։
 
«Ավելի ճիշտ է ասել. «Ես տեսնում եմ, որ քեզ համար դժվար է», «Ես պատրաստ եմ լսել քեզ», «Դու պարտավոր չես միայնակ հաղթահարել սա»»,- ասաց Ալավերդյանը։
 
Իսկ ամենակարևոր ուղերձը ծնողներին ու շրջապատին մեկն է․ եթե երիտասարդն ասում է՝ «չեմ ուզում ապրել», նրա խոսքը չպետք է անցնի աննկատ։ Պետք է լսել, չդատել, չարժեզրկել նրա ապրումները և անհրաժեշտության դեպքում օգնություն ներգրավել։ Որովհետև երբեմն մարդու համար ամենակարևորն այն գիտակցումն է, որ ինքը մենակ չէ, և իր կողքին մեկը կա, ով պատրաստ է լսել ու օգնել։
 
Ալիտա Եղիազարյան

Send