Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օրերս հայտարարել է, որ սահմանազատման աշխատանքները նախատեսվում է իրականացնել հյուսիսային հատվածից դեպի հարավ։ Գործընթացը պետք է մեկնարկի Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների հատման եռակողմ կետից։
Իսկ ո՞րն է այդ կետում գտնվող առաջին ադրբեջանական գյուղը։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ երեք երկրների պետական սահմանների հատման հատվածը՝ «Բաբաքյար» լեռնաշղթայի ռազմավարական բարձունքը, վարչատարածքային բաժանմամբ մտնում է Ադրբեջանի Ղազախի շրջանի Շըխլը գյուղի տարածքի մեջ։ Այն իր աշխարհագրական դիրքով սահմանակից է միաժամանակ և՛ Վրաստանին, և՛ Հայաստանին։
Եռակողմ կետից դեպի հարավ շարժվելիս սահմանազատման հնարավոր հաջորդականությունը մեզ բերում է Տավուշի սահմանամերձ հատված։ «Այստեղ կարևոր է հիշել, որ Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի ուղղություններով սահմանազատման աշխատանքներն արդեն իրականացվել են։ 2024 թվականի ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հենց այս չորս հատվածների համար համաձայնության էին եկել սահմանագծի նկարագրության շուրջ, իսկ հետագայում այդ հատվածներում իրականացվեց սահմանային ծառայությունների տեղակայումը։ Եթե Բաքվի հայտարարած տրամաբանությամբ սահմանազատման նոր փուլը իսկապես սկսվի երեք երկրների հատման կետից և շարժվի հյուսիսից հարավ, ապա խոսքը միայն արդեն սահմանազատված Կիրանցի ուղղության մասին չէ։ Սահմանագիծը շարունակվում է դեպի Տավուշի ավելի հարավային հատվածներ, այնուհետև՝ Գեղարքունիքի ուղղությամբ»,- MediaHub-ին փոխանցեց Տավուշի մարզի բնակիչներից մեկը։
Ըստ մեր զրուցակցի՝ սահմանային գիծը Տավուշից հետո անցնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած լեռնային հատվածներով և հասնում Գեղարքունիքի սահմանային գոտի։ Գիտական քարտեզագրական ուսումնասիրություններում այդ հատվածը նկարագրվում է մինչև Գեղարքունիքի Դարանակ գյուղի ուղղությունը, իսկ հետագայում սահմանը շարունակում է անցնել Սևանի լեռնաշղթայի և Արևելյան Սևանի լեռնաշղթայի հատվածներով։
«Եթե ըստ Բայրամովի՝ մեկնարկային կետը իսկապես Հայաստան-Ադրբեջան-Վրաստան եռակողմ սահմանն է, ապա գործընթացը տեսականորեն կարող է շարժվել արդեն սահմանազատված Տավուշի հատվածից հարավ՝ դեպի Գեղարքունիք»,- հավելեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այդ հատվածներում հայկական կողմն արդեն իրականացրել է ականազերծման աշխատանքներ։
Հունան Թադևոսյան

Русский