Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է թաքնված Աբու-Դաբիի կուլիսներում

Blog Image

Փետրվարի 4-ին Աբու-Դաբիում նախատեսված է «Մարդկային բարեկամություն» մրցանակաբաշխությունը, որը առաջին հայացքից, կարող է թվալ պարզապես արարողակարգային միջոցառում,սակայն համընկնումների խտությունը թույլ է տալիս այն դիտարկել որպես քաղաքական հաշվարկված հանգրվան՝ միժամանակ մի քանի գործընթացների խաչմերուկում։

 

Ինչու՞ հիմա. 

Առաջին՝ Թրամփի նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջիկա փուլին: Դա նշանակում  է, որ միջոցառումը դառնում է ոչ միայն պարգևատրման, այլև քաղաքական հաղորդակցության հարթակ։ Նման ձևաչափերը հաճախ օգտագործվում են ոչ պաշտոնական շփումների, «կարճ հանդիպումների»կամ դիրքորոշումների ճշգրտման համար։

Երկրորդ՝ Իրանի շուրջ զարգացումները և Գազայի կարգավորման ամերիկյան ծրագրի ակտիվացումը ձևավորում են ավելի լայն տարածաշրջանային օրակարգ։ Հարավային Կովկասը այս համատեքստում դիտարկվում է որպես լոգիստիկ, էներգետիկ և անվտանգության կարևոր օղակ։ Եթե Վաշինգտոնը փորձում է միաժամանակ առաջ մղել մի քանի ճգնաժամերի կառավարում, ապա հայ-ադրբեջանական ուղղությունը չի կարող դուրս մնալ այդ համակցված փաթեթից։

Երրորդ՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի սպասվող այցի անոնսը Երևան և Բաքու արդեն իսկ բարձրացրել է գործընթացի «քաղաքական կշիռը»։ Այդ այցից առաջ տրամաբանական է փորձել հստակեցնել կողմերի դիրքորոշումները և նվազեցնել անակնկալների ռիսկը։ Աբու-Դաբին կարող է դառնալ այդ նախապատրաստական աշխատանքի ոչ ֆորմալ հարթակը։

 

Հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում. 

Պաշտոնական հաստատում չկա, բայց դիվանագիտության տրամաբանությունը հուշում է, որ նման հնարավորությունը միշտ պահվում է բաց, հատկապես երբ խոսքը վերաբերվում է նույն վայրում գտնվելու փաստին։ Ավելին՝ անցյալ տարվա օգոստոսյան պայմանավորվածություններին նախորդել էր հենց Աբու-Դաբիի հանդիպումը, ինչը այս քաղաքը դարձնում է յուրատեսակ «խորհրդանշական միջավայր» երկխոսության համար։

Եթե նույնիսկ լիարժեք հանդիպում չլինի, կարճ շփումը կամ միջնորդված հաղորդակցությունը կարող է ազդակ հանդիսանալ հետագա փուլերի համար։

 

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ

1. Խաղաղության գործընթացի վերաակտիվացում. 

Եթե ԱՄՆ-ն փորձում է ամրապնդել իր քաղաքական երաշխավորի դերը, ապա հնարավոր է՝ առաջիկայում տեսնենք պայմանավորվածությունների հստակեցումներ՝ սահմանազատման, կոմունիկացիաների բացման կամ անվտանգության մեխանիզմների մասով։
2. Ռուսաստանի դերի հարաբերական նվազեցում. 
Եթե գործընթացը ավելի տեսանելիորեն տեղափոխվում է ամերիկյան հովանու տակ, դա կարող է խորացնել ազդեցության վերադասավորումները տարածաշրջանում։ Սակայն դա նաև նշանակում է, որ ցանկացած ձախողում կկապվի Վաշինգտոնի հեղինակության հետ։
3. Ադրբեջանի հաշվարկները. 
Ալիևի «զուսպ» վերաբերմունքը Վենսի այցին կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ միջազգային խառանաշփոթի պայմաններում Բաքուն փորձում է առավելագույնս պահպանել մանևրելու հնարավորությունը՝ չկապելով մեկ կենտրոնի հետ։Եթե ԱՄՆ-ն ակտիվացնի ճնշումը կամ ակնկալիքները, դա կարող է փոխել Ադրբեջանի մարտավարությունը։
4. Հայաստանի համար պատասխանատվության մեծացում. 
«Մարդկային բարեկամություն» մրցանակը միայն խորհրդանշական գնահատական չէ։ Այն նաև հանրային պարտավորության ձևավորում է՝ շարունակելու գործընթացը։ Եթե Աբու-Դաբին դառնա նոր փուլ, ապա Երևանը ստիպված կլինի հստակեցնելու իր  «կարմիր գծերը» և արագացնել որոշումներ։

 

Աբու-Դաբիի միջոցառումը, ամենայն հավանականությամբ, ավելին է, քան պարզապես մրցանակաբաշխություն։ Այն կարող է դառնալ միաժամանակ մի քանի դիվանագիտակաբ գծերի հատման կետ՝ Ուկրաինա, Իրան, Մերձավոր Արևելք և Հարավային Կովկաս։

Հարցը ոչ միայն այն է, թե հանդիպում կլինի՞ Փաշինյանի և Ալիևի միջև, այլ՝ արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է իր քաղաքական կապիտալը ներդնել հայ-ադրբեջանական կարգավորման մեջ այն աստիճան, որ գործընթացը մտնի վերջնական փուլ։

Եթե այո, ապա փետրվարի 4-ը կարող է դիտվել նոր հանգրվանի մեկնարկ։ Եթե ոչ՝ այն կմնա որպես լավ բեմադրված, բայց առանց բովանդակային շարունակության դիվանագիտական արարք։

Ալիտա Եղիազարյան

Send