Քաղաքականության մեջ կա սահման, որը գործիչը, որքան էլ իրեն ձգտի ցույց տալ որպես մեկը՝ «սովորական» մարդկանցից, չպետք է անցնի, հակառակ պարագայում վերանալու է ակնածանքն ու հարգանքը պետության ղեկավարի հանդեպ։
Խնդիրը տվյալ պահին Նիկոլ Փաշինյանի անձը չէ, քանի որ նա վաղուց է անցել ցանկացած սահման։ Հարցը նրա կողմից քաղաքականությունը հետևողականորեն արժեզրկելն է, հասցնելն այնպիսի ցածր մակարդակի, որ որևէ քաղաքացի պետության ղեկավարին կարող է դիտարկել դիցուք որպես բազմացման ցլիկ։ Այս արժեզրկման պտուղները մենք քաղելու ենք դեռևս երկար տարիներ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո։ Քանի որ հետևողականորեն հասցված վնասների հետքերը ջնջելն ամենևին էլ հեշտ չի լինելու։ Քաղաքացիների մոտ Փաշինյանը սերմանում է այն մոտեցումը, որ պետության ղեկավարին ցանկացած ոք կարող է դիմել ցանկացած հարցով՝ սկսած գինեկոլոգիական խնդիրներից, վերջացրած պեռաշկու ձեթի որակով։
Օրինակ երեկ՝ ՔՊ-ի ժամկետներից շուտ իրականացվող քարոզարշավի ընթացքում մի կին, ընդ որում դստեր ուղեկցությամբ, մոտեցավ Նիկոլ Փաշինյանին ու դիմեց հետևյալ հարցով. «Պարոն Փաշինյան, աղջկաս մայրանալու մոմենտով եմ խնդրում»։ Ու երբ Փաշինյանը պատասխանում է, որ «այս պահին նյութական ոչինչ խոստանալ չեմ կարող», տիկինը շարունակում է. «չեմ ասում նյութական»։
Բարեբախտաբար, թե դժբախտաբար այդքանով զրույցն ավարտվում է, ու այդպես էլ մնում է անհայտ, թե տիկինն իր աղջկա մայրանալու «մոմենտով» ի՞նչ էր ակնկալում Նիկոլ Փաշինյանից։
Բայց այդ տիկինն իրականում մեղավոր չէ, յուրաքանչյուր մարդ մտածում ու գործում է իր ինտելեկտին համապատասխան, ու տվյալ քաղաքացու պատկերացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կարող է զբաղվել նաև կանանց վերարտադրողականությամբ, առավել ևս, որ իր իսկ խոսքերով՝ խնդիրը նյութական չէ։
Մեղավորը միանշանակ այն մարդն է, որը մարդկանց աշխարհայացքը, կրթվածության պակասը, դաստիարակության խոցերը... օգտագործում է իր քաղաքական շահերի համար։ Մեղավորն այն մարդն է, որ ոչ թե փորձում է ինտելեկտուալ ոչ բարձր մակարդակի վրա գտնվող մարդուն բարձրացնել հնարավորինս վեր, այլ ինքն է իջնում հնարավորինս վար, այսինքն՝ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։
Եվ այս ամենը արդյունքն է նրա, որ Նիկոլ Փաշինյանը եթերով ուտում է պեռաշկի, երկու ձեռքերով խժռում է ժենգյալով հացը, իրենն ուտելուց հետո անցնում է թիմակցի ուտելիքին, այսինքն՝ իրեն պահում է այնպես, ինչպես կպահեր ցանկացած միջին ինտելեկտի տեր որևէ քաղաքացի։ Տվյալ պարագայում այդ քաղաքացին չի կարողանում ընկալել, որ այդ ամենն ընդամենը քարոզչական հնարքներ են, այլ իրեն զգում է որպես պետության ղեկավար։ Այսինքն՝ մարդու գիտակցության մեջ ձևավորվում է մի պատկերացում, որ երկրի ղեկավար դառնալու համար քաղաքական տասնյակ տարիների փորձը, կենսագրությունը, կրթվածությունը, գիտելիքները, հմտությունն ու մնացած այլ բաները անկարևոր են ու բավարար է միայն եթերով ուտել՝ բլդուղները լցրած։
Եվ նման մտածելակերպը գերիշխող է դառնում այնքան, որ սոցիալական ցանցերում յուրաքանչյուր ոք, որը կյանքում, խոշոր հաշվով, ոչնչի չի հասել, կարող է գիտությունների դոկտորին անվանել հիմար ու տգետ միայն այն բանի համար, որ վերջինս քննադատում է Նիկոլ Փաշինյանին։
Կարեն Կարապետյան

Русский