Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Նիկոլ Փաշինյանն այսօր հնձում է այն, ինչ ցանել է իր ձեռքով

Blog Image

Երբ Նիկոլ Փաշինյանի նախկին կինը՝ Աննա Հակոբյանը, հեռացավ ամուսնուց, հայտարարեց, որ չի ասում «սիրում եմ բոլորիդ», քանի որ դա միայն ասելով չէ, այլ պետք է ապացուցել։ Իհարկե, այդ հայտարարության իրական հասցեատերը Նիկոլ Փաշինյանն էր, որով Աննա Հակոբյանը նրան մեղադրում էր կեղծավորության մեջ։

Շատերը կարծում են, որ իշխանական զույգն իրոք ամուսնալուծվել է, շատերն էլ այդ ամենը համարում են շոու, բայց խնդիրը դա չէ, այլ այդ մեղադրանքի ճշմարտացի լինելը։ Երբ մարդը հայտարարում է, որ «սիրում եմ բոլորիդ», ապա դա պետք է արտահայտվի նաև գործնականում, քանի որ սերն առաջին հերթին գործողություն է, ոչ թե  պարզապես խոսք։

Այնինչ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի ամենաօրյա բնույթ ստացած «սիրում եմ բոլորիդ» արտահայտությունն ընդամենը բովանդակազուրկ ձևականություն է, խոսքեր, որոնք ուղղված են միայն իրեն սիրողներին։ Բազմիցս է ապացուցվել, որ Նիկոլ Փաշինյանը, բացի անձի երկտվությամբ տառապելուց, կրում է նաև մի քանի դիմակ։ Դիմակներից մեկով նա միայն իր համակիրներին սիրող վարչապետն է, մյուսով` սրբություններ չճանաչող ու ընդդիմադիրներին ճնշելու միջոցների մեջ խտրականություն չդնող բռնակալը։

Ի դեպ, հարցը միայն իրավական կողմը չէ, այլ այն մեթոդաբանությունը, որով ձերբակալում են Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին` անկախ տարիքից։ Զորօրինակ կիրակի Սուրբ Աննա Եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած երեխաների ձերբակալությունը։ Նման վայրագությամբ կարող են ձերբակալել հասարակության համար առանձնահատուկ վտանգավորություն ունեցող որևէ մարդասպանի, որևէ մոլագարի, սակայն ոչ ընդդիմադրի, հատկապես երբ այդ ընդդիմադիրը դպրոցական երեխա է։ Էլի եմ շեշտում, իրավական կողմն այստեղ ամենևին կարևոր չէ, քանի որ պատկան մարմիններն անպայման ձերբակալման համար իրավական հիմնավորումներ կբերեն։

ՔՊ-ական տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ «ապշած» են այն հանգամանքից, թե ինչպե՞ս կարելի է «եկեղեցում» հարձակվել վարչապետի վրա, բայց մոռանում են մի պարզ հանգամանք, որ այսօր իրենք ու հատկապես Նիկոլ Փաշինյանը հնձում եմ այն, ինչ ցանել են։ Նախ՝ եկեղեցում բոլոր գծերն անցնելու պիոներն իրենք են, առաջինը Նիկոլ Փաշինյանն է ասպատակել եկեղեցու վրա ու հենց նա է եկեղեցին վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի։ Բացի այդ, այն ատելության մթնոլորտի, որն այսօր առկա է երկրում, հիմնադիրը նույնպես իրենք են։ Չի կարող իրականում «բոլորին սիրել» նա, ով իշխանության եկավ դագաղներով ու սև ժապավեններով, դա ոչ թե նույնիսկ ատելության, այլ մահվան ցանկության դրսևորում էր, իրենք, հասարակությանը բաժանելով սևերի ու սպիտակների, երկրում հիմք դրեցին «ով մեզ հետ չէ՝ նա մեր դեմ է» գործելաոճին, իրենք սկսեցին խոսել «ասֆալտին փռելուց» ու «պատերին ծեփելուց», հետևաբար իրենք այն ուղիղ պատասխանատուն են նաև նրա համար, որ Եկեղեցում «հարձակվում» են իրենց վրա, ուստի Նիկոլ Փաշինյանի վրա «հարձակման» իրական մեղավորն ու պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։

Կարեն Կարապետյան

Send