Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Ինչո՞ւ «կպեք ձեր գործերին» ասող «դուխով» Նիկոլ Փաշինյանն ինքը կպավ իր գործերին

Blog Image

«2018 թվականին ինձ կանչեցին «Մարիոթ» հյուրանոց օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման, որոնց առաջարկին՝ այն է՝ միջնորդ լինել իմ ու իշխանությունների միջև, որպեսզի լարված մթնոլորտը մեղմվի, ես ասացի, որ իշխանությունւը պատկանում է ժողովրդին ու կպեք ձեր գործերին»։ Այսպես խոսեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության վերջին նիստի ժամանակ։ 

Բնականաբար այս խոսքերի հասցեատերը ոչ թե նիստին ներկա նախարարներն էին, այլ Փաշինյանի երդվյալ ընտրազանգվածը, ու Փաշինյանն անշուշտ կհավասարվեր Ռիչարդ Առյուծասիրտին, եթե վերջիններս Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ի մասին երբևէ լսած լինեին։

Բայց քանի որ նման բան հնարավոր չէ, ապա այդ փաշինյանական ընտրազանգվածի համար կրկին հավանաբար վեր հառնեց երբևէ «դուխով Նիկոլի» կերպարը։

Սակայն ՔՊ-ի օգտին քվեարկելուց ընդամենը մեկ վայրկյան առաջ Նիկոլ Փաշինյանի երդվյալ ընտրողը լավ կլինի մի քանի հարց ուղղի իր թեկնածուին։ Եթե Նիկոլ Փաշինյանն այդքան «դուխով» էր ու օտարերկրյա դեսպաններին՝ այն է՝ այլ պետություններին ասաց՝ «կպեք ձեր գործերին», ապա ինչո՞ւ նույն Ալիևին չասաց՝ «կպի գործերիդ», երբ վերջինս նրան անվանում էր «հարբեցող ծաղրածու»։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն Ալիևին չասաց «կպի գործերիդ», երբ վերջինս պնդում էր, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, այլ հակառակը, համաձայնեց Ալիևի հետ, որ ՀՀ Սահմանադրության մեջ հղումը դեպի Անկախության հռչակագրին, պետք է դուրս գա։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն Ալիևին չասաց «կպի գործերիդ», երբ վերջինս պահանջում էր «Զանգեզուրի միջանցքը», այլ փոխարենն ընդամենը միջանցքի անվանումը դրեց TRIPP։ Ինչո՞ւ Փաշինյանը «կպի գործերիդ» ասելու փոխարեն Ադրբեջանին հանձնեց Գորիս-Կապան ճանապարը, Սև լիճը, Կիրանցը։ Ինչո՞ւ ադրբեջանական զորքերին չասաց «կպեք ձեր գործերին» երբ վերջիններս ներխուժեցին Ջերմուկի տարածքներ, փոխարենը հարցի լուծումը թողեց ինչ-որ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի վրա։ «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացող Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ «Ալի՛և, կպի գործերիդ» ասելու փոխարեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։

Նույն Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ Էրդողանին «կպի գործերիդ» ասելու փոխարեն ուրացավ Հայոց ցեղասպանությունը, Արարատ լեռը, մեր պատմական հիշողությունն ու գործուն աջակցություն ցուցաբերեց Մեծ Թուրանի ստեղծման գործում։ Էրդողանին «կպի գործերիդ» ասելու փոխարեն ինչո՞ւ հավասարության նշան դրեց Արևմտյան Հայաստանի ու «արևմտյան Ադրբեջանի» միջև՝, դրանով լեգիտիմացնելով վերջինիս գոյության իրավունքը։

Այո, Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ առիթներ ուներ թե՛ Ալիևին, թե՛ Էրդողանին ասելու՝ «կպեք ձեր գործերին», սակայն թող փաշինյանական երդվյալ ընտրողը քվեարկելուց մեկ րոպե առաջ հարցնի, ինչո՞ւ Փաշինյանը «ինքը կպավ իր գործերին», ու արդյունքում կորցրինք Արցախը, ՀՀ ինքնիշխան տարածքները, մեր ազգային արժեքներն ու արժանապատվությունը ու վերածվում ենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող տարածքի։

Կարեն Կարապետյան

Send