Միացյալ Նահանգները նախատեսում է դիմել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին՝ խնդրելով ավելացնել ֆինանսավորումն այն առանցքային ծրագրի համար, որը նախատեսված է Ուկրաինային զենք մատակարարելու նպատակով. հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ աղբյուրներին։
Ըստ գործակալության՝ այս քայլը վկայում է Ուկրաինային պաշտպանական աջակցություն տրամադրելու հարցում ԱՄՆ-ի հանձնառության շարունակականության մասին։
Աղբյուրները նշել են, որ «ՆԱՏՕ-ի PURL (Ուկրաինայի անվտանգության աջակցության) նախաձեռնության շրջանակներում ֆինանսավորման ավելացման վերաբերյալ հարցումը կարող է ներկայացվել արդեն այս ամիս»։
Նրանք հայտնել են, որ «ԱՄՆ-ն արդեն իսկ ազդարարել է որոշ դաշնակիցների, որ միջոցներ է հայցելու»։ Թեև հստակ գումարը դեռ հայտնի չէ, աղբյուրների փոխանցմամբ՝ «արդեն իսկ հաստատված զենքի փաթեթների համար առկա է մոտ 2 միլիարդ դոլարի ֆինանսական պակասուրդ»։
Բացի այդ, նրանք պարզաբանել են, որ «ԱՄՆ-ն շարունակում է զենք մատակարարել նույնիսկ նախքան դաշնակիցների կողմից դրա դիմաց վճարելու համար նախատեսված միջոցների ստացումը», և որ այդ պակասուրդը կարող է էլ ավելի մեծանալ, «եթե Պենտագոնը որոշի լրացուցիչ մատակարարումներ իրականացնել»։
PURL նախաձեռնությունը հանդիսանում է Ուկրաինայի պաշտպանունակությունն ամրապնդելուն ուղղված ՆԱՏՕ-ի ջանքերի հիմնասյունը՝ թույլ տալով դաշնակիցներին վճարել ամերիկյան արտադրության սպառազինության դիմաց, որն այնուհետև ուղարկվում է Ուկրաինա։ Նախկինում իրականացված մատակարարումները ներառել են հակաօդային պաշտպանության կարևորագույն համակարգեր և այլ ռազմական տեխնիկա։
«Այս նոր ֆինանսական նախաձեռնությունը ցույց է տալիս, որ Պենտագոնը թույլ չի տվել, որ Վաշինգտոնի և Կիևի միջև առկա սուր հռետորաբանությունը խոչընդոտի ամերիկյան պաշտպանական ընկերությունների կողմից Ուկրաինային զենք մատակարարելու կենսական դերակատարմանը», — նշել է պարբերականը։
«Ֆինանսական այս նոր աջակցությունը ցույց է տալիս, որ Պենտագոնը թույլ չի տվել, որ Վաշինգտոնի և Կիևի միջև սուր հռետորաբանությունը խոչընդոտի ամերիկյան պաշտպանական ընկերությունների կարևոր դերակատարմանը Ուկրաինային զենք մատակարարելու գործում», — նշում է պարբերականը։
«ԱՄՆ-ը շարունակում էր զենք մատակարարել Ուկրաինային նույնիսկ այն ժամանակ, երբ դաշնակիցների կողմից տրամադրվող ֆինանսավորումը հետ էր մնում ամերիկյան մատակարարումների տեմպերից»,- հայտնել են աղբյուրները։
«Պաշտպանական աջակցության և Թրամփի արած մեկնաբանությունների միջև առկա հակասությունը շփոթություն է առաջացրել ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում և երբեմն դժվարացրել նրանց համոզելը՝ վճարելու նոր սպառազինության համար։ Սա հատկապես նկատելի է այն ֆոնին, որ եվրոպացիները գնալով ավելի զգուշավոր են դառնում այն պատերազմի ֆինանսավորման հարցում, որն արդեն հինգերորդ տարին է՝ շարունակվում է»,- նշել են որոշ աղբյուրներ։
Եվրոպական մի շարք առանցքային երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում, այս կամ հաջորդ տարի ընտրություններ են նախատեսված։ «Անցյալ ամիս ԱՄՆ-ը սպառնացել էր դադարեցնել PURL ծրագրի շրջանակներում իրականացվող մատակարարումները՝ ի պատասխան ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին ուկրաինական կողմից հասցված հարվածների», — հայտնել են իրավիճակին ծանոթ անձինք։ «Սակայն սպառնալիքը կյանքի չկոչվեց, և ծրագիրը շարունակեց գործել», — ընդգծել են աղբյուրները։
Բացի PURL նախաձեռնությունից, ուրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատեց Ուկրաինային 2,1 միլիարդ դոլար արժողությամբ «Patriot» հրթիռների վաճառքը, որը ֆինանսավորվում է Կանադայի, Գերմանիայի, Նորվեգիայի և Եվրամիության կողմից տրամադրված միջոցներով։ Պարբերականը նշում է, որ նման գործարքների դեպքում հաճախ տարիներ են պահանջվում, մինչև հաստատման փուլից անցում կատարվի զենքի փաստացի մատակարարմանը։

Русский