Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պակիստանում ինֆլուենսերի հարսանեկան միջոցառման ժամանակ առնվանզ 2 մարդ է մահացել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել

Blog Image

Պակիստանում սոցիալական ցանցերի ազդեցիկ գործչի (ինֆլուենսերի) հարսանեկան միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով երկու մարդ է մահացել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է PTI լրատվական գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի երեկոյան՝ Սիալկոտ քաղաքի «Ֆարազ» մարզադաշտում։

Ըստ ոստիկանության՝ ինֆլուենսեր Անսար Մահմուդը, ով TikTok-ում հայտնի է «Mr Patlo» անունով, հրավիրել էր իր հետևորդներին հարսանիքին նախորդող «մեհնդի» (հենայով նախշազարդման) արարողությանը՝ խոստանալով ներկաներին բաժանել դրամական պարգևներ և նվերներ։ Դրանց թվում են եղել 20 միլիոն պակիստանյան ռուփի, ավտոմեքենա, 50 մոտոցիկլետ, բջջային հեռախոսներ և այլ արժեքավոր իրեր։

Ոստիկանության պաշտոնյա Դոստ Մուհամեդը հայտնել է, որ հրմշտոցը սկսվել է այն բանից հետո, երբ ինֆլուենսերը բեմից կոչ է արել ամբոխին անհապաղ մուտք գործել մարզադաշտ։ Երբ մարդիկ շտապել են դեպի դարպասները, առաջացել է հրմշտոց։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ականատեսները միջադեպը կապում են ամբոխի կառավարման թերի կազմակերպման, հակասական հայտարարությունների և անվտանգության աշխատակիցների կողմից, ըստ ենթադրությունների, ուժի կիրառման հետ։

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ինն անձի, այդ թվում՝ Մահմուդի, ինչպես նաև 45 չպարզված անձանց նկատմամբ։ Վեց կասկածյալ ձերբակալվել է։ Մեղադրանքները ներառում են անզգուշությամբ մահ պատճառելը, պաշտոնական կարգադրությունների խախտումը և գույքին վնաս հասցնելը։

Մահմուդն ինքը հերքել է իր պատասխանատվությունը միջադեպի համար։ Նա հրմշտոցը որակել է որպես դժբախտ պատահար և պնդում է, որ ողբերգության պահին ինքը ներկա չի եղել վայրում։

 

Send