Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը հայտարարեց, թե Հայաստանի Հանրապետության տարածք չէ՝ նշելով նաև բնակավայրի ադրբեջանական «Քյարքի» անվանումը, հանրության շրջանում մտահոգություններ առաջացան այնտեղ բնակվող ավելի քան 120 մարդկանց հետագա ճակատագրի վերաբերյալ։
MediaHub-ն այսօր փորձել է զրուցել Տիգրանաշենի բնակիչներից մեկի հետ։ Կինը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ իրենք լրատվամիջոցների զանգերին չեն պատասխանում։ Թե ինչու են նման որոշում կայացրել և արդյոք դա որևէ մեկի կողմից տրված հրահանգի հետևանք է, բնակիչը չմանրամասնեց։
Այնուամենայնիվ, կարճ զրույցի ընթացքում նա ասաց, որ Տիգրանաշենի բնակիչները շարունակում են ապրել իրենց առօրյայով և պատրաստվում են ձմռանը։ «Կառավարությունից ու համայնքապետարանից գյուղը լքելու հրահանգ չենք ստացել և չենք էլ պատրաստվում դուրս գալ։ Որտե՞ղ գնանք։ 30 տարի այստեղ ենք ապրում, ու այստեղ էլ կապրենք»,- ասաց նա։
Բնակչուհու խոսքով՝ Տիգրանաշենում հետևում են լրահոսին և տեղյակ են վարչապետի հայտարարությունից, սակայն գյուղը լքելու հարցն անգամ չեն քննարկում։ «Տիգրանաշենցիները մտահոգված չեն։ Մենք մեր տներում ենք, մեզ բան ասող չի եղել»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին անդրադարձել է Տիգրանաշենի կարգավիճակին՝ հայտարարելով, որ այն Հայաստանի Հանրապետության տարածքում չէ։ Վարչապետը սակայն, չի մանրամասնել, թե ե՞րբ է այն հանձնվելու Ադրբեջանին։

Русский