Կրասնոդարի երկրամասը շարունակում է մնալ Ռուսաստանի ամենախոցելի շրջաններից մեկը։
Վերջին օրերին տարածաշրջանը գրեթե ամեն գիշեր ենթարկվում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ Օգոստոսի 25-ի գիշերն էլ Կրասնոդարի երկրամասում արձանագրվել է հերթական զանգվածային ԱԹՍ հարձակումը, որի հետևանքով զոհեր և ավերածություններ են գրանցվել։
«Նախորդ օրը Կրասնոդար քաղաքում անօդաչուի բեկորներն ընկել են շուրջօրյա երեխաների գտնվելու համար նախատեսված մասնավոր մանկական կենտրոնի վրա։ Տուժել է 12 մարդ, զոհվել՝ 3 երեխա։ Անցած գիշեր երկաթուղային կայարանում 2 մարդ է զոհվել անօդաչու թռչող սարքի հարվածից։ Կեսօրին բավականին հանգիստ է, երեկոյան սարսափելի։ Երեկոյան ժամը 8-ից հետո ինտերնետի և բջջային կապը կորում է։ Քաղաքի հյուրանոցները դատարկ են, մյուս բիզնես կենտրոնները գրեթե չեն աշխատում»,- MediaHub-ին փոխանցեց Ռուսաստանի հայաշատ քաղաքում՝ Կրասնոդարում բնակվող Պոլինա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ գնալով իրավիճակն ավելի է սրվում։ Արտագաղթի մեծ հոսք կա թե՛ հայության և թե՛ տեղացիների շրջանում։ «Հիմնականում մարդիկ նախընտրում են Հայաստանն ու Վրաստանը»,- նշեց նա։
Վերջին օրերին Ուկրաինան թիրախի տակ է պահում հիմնականում ռուսական գործարանները, լոգիստիկ կենտրոններն ու վառելիքաքսուքային նյութերի պահեստները։ Բացի մանկական կենտրոնից, Կրասնոդարում վնասվել են նաև բազմաբնակարան շենքեր և շինություններ, իսկ որոշ հատվածներում հրդեհներ են բռնկվել։ ԱԹՍ-ների հարվածների հետևանքով խնդիրներ են առաջացել նաև Կրասնոդարի երկրամասի այլ հատվածներում, այդ թվում՝ Տուապսե քաղաքում։
«Քաղաքում բենզին չկա։ Մեր շարժը կազմակերպում ենք ոտքով կամ հասարակական տրանսպորտով։ Երբ լցակայանները վառելիք են ստանում, հերթեն այնքան մեծ է լինում, որ շատերիս չի հասնում, իսկ գինը դարձել է կրկնակի»,- հավելեց Պոլինան։

Русский