Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Ողբերգություն է Փաշինյանի նման անվտանգության երաշխավոր ունենալը, բայց ողբերգությունը վերածվում է կատակերգության, երբ սկսում է ինքնապաշտպանության մասին խորհուրդներ տալ

Blog Image

Եթե մտնեք տուն ու հանկարծ ձեր տանը զինված ադրբեջանցի տեսնեք, ապա զանգե՛ք ոստիկանություն ու սպասե՛ք վերջիններիս ժամանմանը։ Համարյա այսպիսի խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանը՝ նման այն հաղորդագրությանը, որը տարիներ առաջ տարածել էր ԱԱԾ-ն, երբ հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը։ Այդ հաղորդագրության բովանդակությունը մոտավորապես հետևյալն էր. «Եթե Գորիս-Կապան ճանապարհով անցնելիս հայտնվեք ադրբեջանցիների ձեռքում, ապա խուճապի մատնվել պետք չէ, պարզապես զանգեք ԱԱԾ թեժ գծին»։

Սակայն տվյալ պահին հարցը Նիկոլ Փաշինյանի հայտարարության անհեթեթությունը չէ, այլ այն, որ դրանով նա տողատակերով մեղավոր է համարում հայ կնոջը՝ փորձելով իբր արդարացնել նաև նրան, շեշտելով, որ հասկանում է մայրական բնազդը։

Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ ոչ թե հայ կինն է պաշտպանել իր ընտանիքը, այլ ադրբեջանցին է ինքնապաշտպանվել։

«Հասկանալի է, որ մայրական բնազդը երբեմն ամեն ինչից ուժեղ է, բայց երբ ոստիկանություն են զանգում, ուրեմն պետք է սպասել ոստիկանության գործողություններին»,- բառացիորեն շեշտում է ՀՀ վարչապետը հանդիսացող անձը։

Եթե փորձենք վերծանել այս անհեթեթությունը, ապա կստացվի հետևյալ պատկերը։ Հայ ընտանիքը մտնում է տուն, տեսնում է զինված ադրբեջանցուն, զանգում է ոստիկանություն, բայց հանկարծ պահի տակ տանտիկնոջ նյարդերը տեղի են տալիս, և նա, հարձակվելով իր համար հանգիստ նստած, ոստիկանությանը սպասող ադրբեջանցու վրա, դանակահարում է նրան։

Դե, ադրբեջանցին էլ, այլևս որևէ հույս չկապելով ոստիկանության հետ, ստիպված ինքնապաշտպանվում է՝ կրակելով իրեն դանակահարողի վրա։

Ու եթե առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, ապա մեղադրյալի աթոռին պետք է հայտնվի ոչ թե ադրբեջանցին, այլ մեր հայրենակցուհին։
Սակայն Նիկոլ Փաշինյանը բաց է թողնում մի շատ կարևոր հանգամանք, որ նախքան դա, այդ ադրբեջանցին, ըստ տեղեկությունների, արդեն պատանդ էր վերցրել երեխաներին ու հայտնի չէ, թե ինչ ողբերգական ավարտ կարող էր տեղի ունենալ, եթե Անի Ավետիսյանը չդիմեր հստակ քայլերի։ Առավել ևս վիճակն առավել վտանգավոր կարող էր դառնալ, եթե սպասեին ոստիկանների ժամանմանը, քանի որ ինչպես այսօրվա ճեպազրույցում հայտարարեց Փաշինյանը, այդ ադրբեջանցու դեմ քրեական գործ է հարուցված նաև Ադրբեջանում։ Ստացվում էր, որ նա այլևս ոչ մի կողմից որևէ հույս ունենալ չէր կարող, իսկ սովորաբար հուսահատ մարդը միշտ դիմում է ծայրահեղ քայլերի։

Բայց ինչևէ, նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, որ երբ ձեր տուն կողոպտիչ է մտնում, ապա ուղղակի զանգեք ոստիկաններին ու ոչինչ մի նախաձեռնեք, եթե նույնիսկ դանակը դնեն ձեր վզին։

Կամ կարող է խորհուրդ տալ, որ եթե ձեզ փորձում են բռնաբարել, ապա ընթացքում զանգեք ոստիկանություն ու հանգիստ պառկած սպասեք վերջիններիս ժամանմանը։

Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ ահա նման մտածողությամբ մարդն է այսօր հանդիսանում մեր երկրի ղեկավարը, մեր անվտանգության երաշխավորը. մարդ, որը ժամանակին կիրանցիներին խորհուրդ էր տալիս ծառեր տնկել, որպեսզի չտեսնեն ադրբեջանցիներին։ Մարդ, որը պատերազմի օրերին հորդորում էր, թե ովքեր տանն ունեն զրահաբաճկոն ու սաղավարտ, թող վերցնեն, ջոկատներ կազմեն ու մեկնեն ռազմաճակատ։ Մարդ, որը կորոնավիրուսի դեմ պայքարում էր պինցետով։ Մարդ, որը զարմանում է, թե ինչու են մյուս մարդիկ ողջ...

Իհարկե, ողբերգություն է Նիկոլ Փաշինյանի նման անվտանգության երաշխավոր ունենալը, բայց ողբերգությունը վերածվում է կատակերգության, երբ նա սկսում է խորհուրդներ տալ մարդկանց, թե ինչպես պետք է նրանք ինքնապաշտպանվեն։

Կարեն Կարապետյան

Send