Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Ադրբեջանցու ձերբակալման կադրերը հրապարակել պահանջող պատգամավորները գիտակցո՞ւմ են, թե դրանից հետո ինչ տեղի կունանա Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հետ

Blog Image

Ապշել կարելի է այսօր տիրապետող դարձած քաղաքականության որակից. բացակայում է երկարատև մտածողությունն ու խորությունը, բացակայում է մի գործընթացից մեկ այլ գործընթացը տեսնելու կարողությունը։ Մարդիկ կարող են հայտնվել Ազգային ժողովում, իրենց հորջորջել քաղաքական գործիչ, սակայն իրական կապ քաղաքականության հետ պարզապես չկա։

Երբ որևէ հարց քննարկվում ու տիրաժավորվում է սոցցանցերում տարբեր օգտատերերի կողմից, դա նորմալ է, որովհետև սոցցանցերում գրառումներ կատարողները քաղաքական գործիչ չեն ու, բնականաբար, չեն կրում քաղաքական պատասխանատվություն։ Նրանք կարող են լինել զգացմունքային՝ առանց իրենց հաշիվ տալու, թե ինչ հետևանքներ կունենան իրենց շատ հաճախ անկեղծ մղումները, եթե դրանք իրականություն դառնան։

Սակայն երբ պատգամավորը, մոտենալով ամբոնին, իրեն պահում է սովորական օգտատիրոջ նման, ապա այստեղ առաջանում է երկու հարց. կա՛մ տվյալ պատգամավորը չի գիտակցում իր կարգավիճակը ու հնչեցրած հարցի հետևանքները, կա՛մ դա իրեն ամենևին չի հետաքրքրում, և նպատակը միայն էժանագին դիվիդենտներ հավաքելն է։

Օրինակ՝ այսօր ցավով արձանագրեցի, որ ընդդիմադիր ուժերից մեկը ներկայացնող մի պատգամավոր Նիկոլ Փաշինյանից պահանջում էր, որպեսզի հրապարակվեն Հայաստանի սահման թափանցած ադրբեջանցու ձերբակալման կադրերը։ Որպես հիմնավորում բերում էր այն հանգամանքը, որ եթե հրապարակվում են Հայաստանում քաղաքական հայացքների համար ձերբակալվող անձանց տեսանյութերը, ապա ինչո՞ւ է բացառություն արվում ադրբեջանցու հանդեպ։

Իհարկե, առաջին հայացքից պահանջը կարող է արդարացի թվալ ու զայրույթ առաջացնել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մոտ, սակայն պետք չէ հանուն պոպուլիզմի չգիտակցել այդ պահանջի հնարավոր հետևանքները։ Չի բացառվում, որ այդ ադրբեջանցուն ձերբակալած լինեն կոշտ մեթոդներով, որովհետև նրան ձերբակալող իրավապահները նույնպես հայ մարդիկ են ու նույնպես կարող են առաջնորդվել արդարացի ցասումով։ Բայց մարդը, որը հավակնում է քաղաքական գործունեության, պետք է մի փոքր ունենա նաև քաղաքական մտածելակերպ։

Եկեք մի պահ պատկերացնենք, որ այդ կադրերը հրապարակվում են, ու մեր «սիրտը հովանում է», բայց արդյունքում ի՞նչ ենք ստանում մենք ու ի՞նչ ենք կորցնում։ Ստանում ենք միայն ժամանակավոր «հաճույքի վայելում», լայքում ենք, քոմենթում, տակը գրում, որ այդ ադրբեջանցուն պետք էր «սատկացնել», այդ հարցը բարձրացրած պատգամավորը տոնում է իր «փոքրիկ հաղթանակը»՝ թե բա տեսեք-տեսեք, իմ ջանքերով այդ կադրերը հրապարակվեցին, իրենց խմբակցությունում թփթփացնում են ուսին ու ասում՝ «մալադեց»...

Իսկ ի՞նչ ենք կորցնում։ Մենք՝ Հայաստանում ապրողներս՝ ոչինչ, բայց այդ քայլի դիմաց միանշանակ պատասխան կտան մեր այն հայրենակիցները, որոնք այսօր գտնվում են Բաքվի բանտերում։ Մինչ մենք կլայքենք ու կքոմենթենք ադրբեջանցու ձերբակալման կադրերը, այդ նույն ժամանակահատվածում մեր հայրենակիցները Բաքվի բանտերում կենթարկվեն կտտանքների, տանջանքների, վայրագ բռնությունների ու ստորացումների։

Այնպես որ, հարգելի պատգամավորներ, երբ որևէ հարց եք բարձրացնում, ապա հիշեք, որ դուք, այնուամենայնիվ, ձեզ քաղաքական գործիչ եք համարում, իսկ քաղաքական գործիչը ոչ միայն պետք է տեսնի ամբիոնում իր առջև դրված խոսափողը, այլև վաղվա օրն ու իր առաջարկի հնարավոր հետևանքները։

Կարեն Կարապետյան

Send