ՔՊ-ականների համար Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիներն աստիճանաբար սկսում են նույնանալ, ու այլևս որևէ կարևորություն չի ունենում, թե այս կամ այն արարքը որ երկրի քաղաքացու կողմից է կատարվում։ Իհարկե, իրավական առումով գուցե բոլորը հավասար են Քրեական օրենսգրքի առաջ, սակայն կա նաև բարոյական ու անվտանգային խնդիր։
Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով Շաքիի դեպքերի հետ կապված լրագրողի հարցին, հայտարարեց, որ «Հայաստանում հարյուրավոր հանցագործություններ են տեղի ունենում, բոլորի հետ կապված հո քաղաքական հայտարարությամբ հանդես չե՞նք գալու»։ Այլ խոսքով ասած՝ ՀՀ քաղաքացիների վրա զինված ադրբեջանցու հարձակումը նա հավասարեցրեց, օրինակ, գրպանահատության հետ։
Իհարկե, Հայաստանում տեղի ունեցող հարյուրավոր հանցագործությունների հետ կապված որևէ քաղաքական հայտարարության կարիք չկա, պարզապես իրավապահ համակարգը պետք է աշխատի այնպես, որ այդ հանցագործությունները հասցվեն նվազագույնի, որպեսզի բացառվեն օրը ցերեկով զինված «ռազբորկաները», կրակոցներն ու հաշվեհարդարները։ Եվ երբ պատկան մարմիններն ի զորու չեն լինում այդ հարցը կարգավորելու, ապա հայտարարության փոխարեն տվյալ ոլորտների պատասխանատուները պետք է ենթարկվեն քաղաքական պատասխանատվության ու պաշտոնանկ արվեն։
Ինչ վերաբերում է Շաքիի դեպքերին, ապա դա ոչ միայն հանցագործություն է, այլև անվտանգային խնդիր, ու այո՛, կարիք կա քաղաքական անդրադարձի։ Եթե թշնամական պետության զինծառայողը զենքը ձեռքին անցնում է Հայաստանի Հանրապետության տարածք, մտնում բնակավայր, մտնում ՀՀ քաղաքացու տուն ու փորձում պատանդ վերցնել այդ տանը բնակվողներին, ապա դա սովորական հանցագործություն չէ։ Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները, հատկապես սահմանամերձ շրջաններում, պաշտպանված չեն։ Դա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հարձակման ենթարկվել որևէ զինված ադրբեջանցու կողմից, ու միշտ չէ, որ կարող ենք խուսափել զոհերից։
Ինչո՞ւ եմ շեշտում թշնամական պետություն. որովհետև որքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսի խաղաղությունից, պետք է փաստենք, որ պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, ինչը նշանակում է, որ մենք գտնվում ենք ոչ թե խաղաղության, այլ զինադադարի ռեժիմում։ Բացի այդ, որքան էլ խաղաղության մասին խոսի նաև Ալիևը, այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ նրա կողմից առաջ քաշվող պահանջները շարունակվում են, իսկ չի կարող լինել խաղաղություն մի դեպքում, երբ կողմերից մեկը շարունակում է թելադրել իր պայմանները։
Հետևաբար, Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիների միջև հավասարության նշան դնելու փոխարեն (ինչը շատ վտանգավոր միտումներ ունի իր մեջ), լավ կլինի, որ ՔՊ-ական իշխանությունները հետևություններ անեն մեր սահմանային անվտանգության մասին և ոչ թե քաղաքացիներին մխիթարեն այն մտքով, թե՝ «դե ի՞նչ մի մեծ բան է տեղի ունեցել Շաքիում, ՀՀ քաղաքացիներն էլ են միմյանց վրա հարձակվում, սպանում կամ կողոպտում», և բացառեն որևէ ադրբեջանցու, այն էլ զինված, ներթափանցումը ՀՀ տարածք։ Հակառակ դեպքում, ժողովրդական ասացվածքի համաձայն՝ «սելի փոխարեն սելվորն է ճռռում»։
Կարեն Կարապետյան

Русский