Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՔՊ-ն վախեցա՞ծ է, թե՞ հաշվարկված քայլեր է անում, որ ցույց տա՝ իբր ընտրություններն արդար են եղել

Blog Image

Թեև համապետական ընտրություններին երկու ամսից ավելի ժամանակ է մնացել, բայց արդեն նախընտրական գործընթացները բավականին թեժ են՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի թիվը գնալով ավելանում է, իշխանությունն ու ոչ գրպանային, ոչ իշխանահաճո ընդդիմության փոխադարձ ռմբահարումները քարոզչական մակարդակում ավելի ու ավելի վիրավորական ու կատաղի են դառնում, իշխանության գաստրոնոմիական քարոզարշավն էլ աշխարհագրական նոր տարածքներ է ընդգրկում երկրի ներսում՝ ընտրազանգվածի հետ հանդիպումներում փորձելով բարձրացնել վերջին տարիներին շռնդալից ձևով ընկած իր վարկանիշը։ 

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները դարձել են մեր հանրության ամենաքննարկվող և նրա ուշադրության կենտրոնում գտնվող թոփ առաջին թեման, մարդիկ քննարկում են, վիճում ու բանավիճում, անգամ միմյանց հետ գրազ գալիս, թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները՝ կվերարտադրվե՞ն օրվա իշխանությունները, թե՞ ի վերջո հնարավոր կլինի հեռացնել նրանց՝ հանրային համատարած դժգոհության և անհանդուրժողականության պայմաններում։ Սոցհարցումները, քաղաքական կանխատեսումները հակասական պատկեր են ներկայացնում։ Իսկ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը թերահավատ է, որ ընտրություններն իշխանություններից ձերբազատվելու լավագույն այլընտրանքն են։ MediaHub-ի հետ զրույցում իր այդ համոզումը նա հիմնավորում է այն օրինաչափությամբ, որը հաստատվել է վերջին 30 տարիներին։

 

- Պարոն Բադալյան, արդեն հայտնի են այն ծանրակշիռ ուժերը, որոնք տարբեր ձևաչափերով մասնակցելու են համապետական ընտրություններին՝ հավակնելով վատագույն դեպքում հաղթահարել անցողիկ շեմը, իսկ լավագույն դեպքում ընտրողների ձայների մեծամասնությունը հավաքել։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց շանսերը։ Մտահոգություն կա, որ ընտրություններին մասնակիցների մեծ թիվը կարող է վճռորոշ լինել՝ կամ փոշիացնելով ընտրողների ձայները կամ կոնսոլիդացնելով նույն բևեռում կանգնած ուժերին և տապալելով իշխանություններին։

- Հայաստանում միշտ էլ այս կարգի ընտրություններին 20- 25 կուսակցություն է մասնակցել՝ սկսած 1995 թվականից։ Ոմանք մասնակցում են քաղաքական ամբիցիաներից ելնելով, նրանց թվում է, որ իրենք կարող են փրկել ժողովրդին, որոշ ուժեր մասնակցում են այլ քաղաքական ուժերին հարվածելու համար, սփոյլերներ են և ներդրվում են կա՛մ իշխող ուժի կա՛մ այլ քաղաքական ուժերի կողմից՝ այս կամ այն կուսակցությանը, միավորմանը քննադատելու համար, կան ուժեր, որոնք պարզապես հիշեցնում են իրենց մասին։ Այսինքն՝ մասնակիցները տարբեր նպատակներ են դնում իրենց առաջ, բայց հիմնական ուժերի նպատակը իշխանափոխությունն է։ Արձանագրենք, որ 1995 թվականից ի վեր որևէ նման ուժի չի հաջողվել իր այդ նպատակն իրականացնել, պարտվել են։ Դա արդեն օրինաչափություն է դարձել։ Այս առումով ընտրության մասնակից ուժերի թիվն էական նշանակություն չունի ձայները փոշիացնելու կամ  չփոշիացնելու առումով։ Մենք 30 տարվա ընթացքում 1995, 2003, 2007, 2012, 2017, 2021 թվականների փորձն ունենք, և հավանաբար 2026 -ն էլ նույն սցենարով կկրկնվի։ Եթե 30 տարվա ընթացքում վեց անգամ նույն երևույթը կրկնվում է, պետք է հարց տալ՝ ինչու պետք է յոթերորդ անգամ նույնը չկրկնվի։ Հայաստանում երկու անգամ է խորհրդարանում քաղաքական մեծամասնություն փոխվել՝ 1999 թվականին, երբ նախօրոք նախագահը և կառավարությունը փոխվել էին, և 2018 թվականին, երբ վարչապետն արդեն հեռացել էր և գործադիր իշխանությունը ՔՊ-ի ձեռքում էր։ Մնացած դեպքերում իշխող քաղաքական ուժն, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է։  

Եթե գործադիր իշխանությունը քո ձեռքում չէ, քիչ հավանական է ապագա խորհրդարանում մեծամասնություն լինել՝ հույսը դնելով քվեաթերթիկների վրա։ Եթե դու նախօրոք  գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթիկով չես կարող իշխանափոխություն անել, եթե իշխող քաղաքական ուժը դա չի ցանկանում։ Իսկ այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ իշխող քաղաքական ուժն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար։ 

Մյուս կողմից էլ այնպես չէ, որ ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերը ցանկանում են՝ իշխող քաղաքական թիմը տապալվի։ Կան ընդհատակ հօգուտ իշխանության աշխատող, բայց որպես ընդդիմություն ներկայացող և իշխանություններին քննադատող ուժեր։ Նրանք աշխատում են 2031 թվականի համար։
 

- Այսօր խաղարկվում է «Գյումրի 2» սցենարը, որով հնարավոր կլինի հեռացնել իշխանություններին։ Այսինքն՝ առավել շատ ձայներ հավաքած և նույն բևեռում գտնվող ընդդիմադիր ուժերի միավորմամբ խորհրդարանական մեծամասնություն ստեղծել։   
 
- Դրան հակադրվում է «Վաղարշատապ 1» սցենարը, որով իշխող ուժը հաղթեց։ Ի վերջո մենք տեսանք նաև, թե ինչպես վարվեցին Գյումրիիի հաղթած ուժի հետ․ քաղաքապետն արդեն մի քանի ամիս է՝ բանտում է։ Իսկ դա նշանակում է, որ իշխող ուժը ոչ մի դեպքում չի հանձնվելու առաջիկա ընտրություններին և հիմա էլ նա այդ դիմադրությունը ցուցադրում է՝ անմեղ տեղը քաղաքական գործիչը կարող է տևական ժամանակ կալանավորվել, Եվրամիությունը նախադեպը չունեցող միջամտություն է ցուցաբերում Հայաստանի քաղաքական ու ընտրական գործընթացներին ՀՀ իշխանությունների խնդրանքով՝ դրանով նախապատրաստելով ընտրությունների զարգացման մոլդովական սցենարը, անգամ ԱՄՆ-ն է իր աջակցությունը հայտնում այս իշխանություններին՝ համատեղ ԹՐԻՓՓ-ի իրականացման ծրագրով։ 

 

-Այդ դեպքում ինչի՞ց է վախեցած ՔՊ-ն, որ փորձում է մի կողմից սիրաշահել ժողովրդին ու նրանց քվեն ստանալ՝ տարբեր շերտերին տարատեսակ արտոնություններ տալով, որոշակի պարտավորություններից ազատելով, պարտքերը ներելով, զիջումների գնալով, թոշակ բարձրացնելով, մյուս կողմից ԵՄ-ին կանչելով, որ իրենց օգնեն վերարտադրվել։

- Չեմ կարծում, թե դա վախի դրսևորում է, ավելի շատ այդ պրագմատիկ, հաշվարկված քայլերով իշխող ուժը իր վերարտադրման համար արդարացումներ է հավաքում, որ հետո ասի՝ թոշակառուն ընտրեց ինձ, որովհետև թոշակ էի բարձրացրել, այսինչն ընտրեց ինձ, որովհետև նրանց համար այսքան լավ բան էի արել և կապ չունի, որ թոշակառուն շատ հնարավոր է տասը հազար դրամով բոլորովին էլ իրենց չէր ընտրել։ Դա հնարավոր անազնիվ ընտրությունները լեգիտիմ ներկայացնելու միջոց է՝ գործընթացի ձևական կողմն ապահովելու համար։ Նույնը վերաբերում է ԵՄ աջակցությանը։ Տպավորություն է ստեղծվում, թե իբրև ընդդիմությունն է հնարավոր արտաքին ազդեցությամբ փորձելու անազնիվ հաղթանակ ապահովել իր համար։ Ինչ վերաբերում է ԵՄ աջակցությանը, պարզ է, որ ԵՄ-ն էլ այդ խաղում իր շահն ունի, որն ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության զրոյացմանը։ 

 

Զրուցեց Թագուհի Ասլանյանը

Send