ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի և իրանցի բանակցողները, ըստ ամենայնի, այս շաբաթա վերջին կհանդիպեն բանակցությունների երկրորդ փուլի շրջանակում՝ փորձելով հասնել համաձայնության։ Ըստ Axios-ի՝ հանդիպումը նախատեսվում է անցկացնել կիրակի օրը Իսլամաբադում։ Սակայն իրանական կողմը, ըստ ամենայնի, դեռևս լիարժեք համաձայն չէ նոր հանդիպման անցկացման հարցում։
MediaHub-ը թեմայի շուրջ զրուցել է իրանագետ Փույա Հոսսեինիի հետ։
«Պետք է լինի երկրորդ հանդիպում։ Սակայն պարզ է, որ Իրանը Հորմուզի նեղուցը չի բացելու։ Վերջերս ԱՄՆ-ը հայտարարեց, որ նաև Լիբանանի ճակատում պետք է լինի հրադադար, այսինքն՝ կատարեց Իրանի առաջին պայմանը, և Իրանը հայտարարեց, որ սահմանափակ ռեժիմով կբացի Հորմուզի նեղուցը և կանի այն, ինչ պայմանավորվել էին»,- հայտնեց իրանագետը։

Բացի այդ առաջին հանդիպումից հետո ԱՄՆ-ը սահմանափակումներ է կիրառել իրանական նավերի ելքի և մուտքի վրա, մեկուսացրել է Իրանի նավահանգիստները, թույլ չի տալիս, որ իրանական նավերը հասնեն ազատ ծովեր և վերադառնան Իրան։ Սա, ըստ էության, հրադադարի խախտում է։ Իրանը հայտարարել է, որ մինչև այդ սահմանափակումները չվերացվեն, նեղուցը կմնա նույն վիճակում։
«Իրանը խիստ պահանջում է, որ ԱՄՆ-ը կատարի բոլոր պայմանավորված պարտավորությունները, սակայն ԱՄՆ-ը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վստահելի գործընկեր չէ բանակցություններում և բազմիցս օգտագործել է բանակցությունները՝ պատերազմի համար ժամանակ շահելու նպատակով։ Այնուամենայնիվ, Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի և միայն մեկ պայմանով կգնա խաղաղության համաձայնագրի՝ փոխզիջման դեպքում, ոչ թե միակողմանի պարտադրանքի»,- ասաց Հոսսեինին։
Անդրադառնալով այն առաջարկին, ըստ որի՝ Թրամփը հորդորել էր Հորմուզի նեղուցը համատեղ օգտագործել՝ իրանագետը նշեց.
«Իրանը ինչու պետք է թույլ տա, որ Հորմուզի նեղուցը գտնվի այլ ուժերի վերահսկողության տակ․ դա անընդունելի է։ Տարիներ շարունակ նեղուցը եղել է ազատ ռեժիմում, և Իրանը չի խոչընդոտել նույնիսկ ռազմանավերի անցումը։ Սակայն երբ իրենց դեմ պատերազմ է հրահրվում, և տարածաշրջանի մի շարք արաբական պետություններ պատրաստ են իրենց տարածքները տրամադրել Իրանի դեմ գործողությունների համար, Իրանը լիովին իրավունք ունի պաշտպանել իր շահերը»։
Հարցին՝ արդյոք երկրորդ հանդիպումից կարելի՞ է կոնկրետ արդյունքների սպասել, փորձագետը զգուշավոր պատասխանեց.
«Ամեն ինչ հնարավոր է․ հնարավոր է հանդիպում տեղի ունենա, հնարավոր է՝ ինչ-որ համաձայնություն ձեռք բերվի, բայց նաև չի բացառվում, որ հրադադարի ժամկետի ավարտից հետո պատերազմը վերսկսվի։ Պետք է սպասել առաջիկա օրերին և ժամերին՝ հասկանալու, թե ինչ զարգացումներ են լինելու»,- եզրափակեց խոսքը իրանագետը։
Ալիտա Եղիազարյան

Русский