Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կլինե՞ն արդյոք իրական դատավճիռներ․ ի՞նչ կներկայացնի Ադրբեջանը

Blog Image

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական անգամ մերժել է Ադրբեջանի դիմումը և պարտավորեցրել մինչև օգոստոսի 31-ը ներկայացնել հայ գերիների վերաբերյալ կարևոր փաստաթղթեր՝ ներառյալ դատավճիռները։

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը MediaHub-ի հետ զրույցում ընդգծեց.
«Սա միջանկյալ, բայց կարևոր որոշում է։ Անհապաղ միջոցները 2020 թվականից կիրառված են որոշ խմբերի նկատմամբ՝ 2023 թվականից, սակայն անընդմեջ այդ միջոցները վերացնելու ջանքեր են գործադրում։ Բայց դրանց կարևորությունը կայանում է նրանում, որ նրանք եվրոպական դատարանի պաշտպանության ներքո են, և նրանց կյանքին ու առողջությանը սպառնացող անմիջական վտանգը կասեցնելու նպատակով է այս միջոցը կիրառվում։ Նաև միջնորդություններ ներկայացնելիս աղավաղված տեղեկություններ են ներկայացվում, թե բոլոր նորմերը պահպանված են, վտանգներ չկան, ուստի լրացուցիչ պարտավորությունների կարիք չկա։

Մինչդեռ մենք հեռախոսազանգերի միջոցով տեղեկանում ենք լրջագույն առողջական խնդիրների մասին, և վերջերս տեղեկացանք, որ նրանց առնչվող դատական ակտերը չեն տրամադրվել, ինչը, մեծ հաշվով, կարևորագույն երաշխիք է, որը պետք է հասանելի լիներ ազատությունից զրկված անձանց, սակայն նրանց դեպքում չի գործում։ Նրանք չեն կարողանում տեսակցել անկախ փաստաբանների, օգտվել անկախ բժշկական հետազոտություններից, և անգամ իրենց առնչվող դատական ակտերին ծանոթանալու իրավունք չունեն։ Եվ եվրոպական դատարանը հերթական անգամ մերժեց այդ միջնորդությունը, վերահաստատեց, որ միջոցները շարունակում են ուժի մեջ մնալ, և սահմանեց հաջորդ վերջնաժամկետը, երբ պետք է Ադրբեջանը տեղեկություններ տրամադրի։ Այստեղ կարևոր է, որ ի համեմատություն նախորդ ժամանակահատվածների, երբ դատարանը կարևորում էր պահման պայմանների և բժշկական վիճակի վերաբերյալ տեղեկությունների ստացումը, այժմ հավելել է նաև դատավճիռների պատճենների տրամադրումը կամ առնվազն պատճառաբանական հատվածները և այն ապացույցները, որոնց վրա հենվել է դատարանը մեղադրական դատավճիռ կայացնելիս»,- ասաց Սահակյանը

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, որպես կանոն, որոշակի տեղեկություններ ներկայացնում է, սակայն դրանք հաճախ ամբողջական չեն, կամ ներկայացվում են ուշացումով։

«Ադրբեջանը, որպես կանոն, տեղեկություններ ներկայացնում է։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ վերջնաժամկետները խախտվել են կամ տեղեկությունները ամբողջովին չեն արտացոլվել։ Ամեն դեպքում, ձևական առումով նրանք այս պարտավորությունը կատարում են և որոշակի տեղեկություններ փոխանցում են դատարանին։ Քանի որ դատարանը նման պարտականություն է սահմանել, կարծում եմ՝ Ադրբեջանը փորձելու է մինչև վերջնաժամկետի լրանալը այդ դատավճիռները կամ հրապարակայնացնել, կամ տրամադրել ամբաստանյալներին՝ ցույց տալու համար, որ ինքնուրույնաբար՝ առանց միջազգային ատյանների էլ, այդ երաշխիքները ապահովում են։

Մեր տեսանկյունից կարևոր է, որ ցանկացած եղանակով այդ դատավճիռները հասանելի լինեն․ դրանց միջոցով մենք նոր աղաղակող խախտումներ ենք բացահայտելու։

Վստահ եմ՝ այդ ապացույցները բավականին խնդրահարույց պատկեր կբացահայտեն, և իմ գնահատմամբ՝ նրանք խուսափում են այդ դատավճիռները հրապարակելուց։ Կա նաև մտավախություն, որ այդ դատավճիռները գրված էլ չեն․ ճիշտ է՝ որոշ տեղեկություններ հրապարակվել են, բայց ամբողջական դատական ակտեր ֆիզիկապես կարող են գոյություն չունենալ»։

Սահակյանը չի բացառում նաև հնարավոր դրական զարգացումները դատավճռի հրապարակումիզ հետո։

«Պետք չէ բացառել, սակայն եթե լուրջ տեղաշարժեր չլինեն, կարծում եմ՝ առնվազն անհատական գանգատների շրջանակում ընտանիքները շարունակելու են պայքարել իրենց իրավունքների համար»,- ամփոփեց խոսքը Սիրանուշ Սահակյանը։

Ալիտա Եղիազարյան

Send