MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ բժիշկների աշխատավարձը բավականին ցածրացել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո։
.jpg)
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը նշում է․ «Հիվանդանոցային բլոկի աշխատողները ստացել են շուրջ 30%-ով ցածր աշխատավարձ, իսկ պոլիկլինիկաներում՝ երբեմն 2-3 անգամ ցածր։ Այս կառույցում շատ ավելի ցածր ստացել են բուժքույրերը, մայրապետները, քանի որ բժիշկներն ու բուժքույրերը, սովորաբար, վարձատրվում էին պերկապիտալ սկզբունքով, իրենց աշխատավարձը բավականին իջել է»։
Բժիշկները բողոքում են՝ ստացել են 19000 դրամ, 23000 դրամ և այդպիսի անհիմն ցածր աշխատավարձեր։
«Բուժաշխատողների աշխատավարձերն իջել են, որովհետև սխալ հաշվարկներ են արվել, մարդիկ, որոնք պացիենտի հետ չեն շփվում, այդ տիտանական աշխատանքը չեն կատարում ու մարդկանց կյանքեր չեն փրկում, որոշել են, որ բուժաշխատողի աշխատավարձը պետք է այդքան լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ Գևորգ Գրիգորյանը։
Այսօր ԱԺ-ի դիմաց հավաքված բժիշկները՝ Գրիգորյանի գլխավորությամբ, նամակ հանձնեցին բոլոր խմբակցություններին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով։
Բժիշկներն ու պացիենտները նաև բողոքում էին «ArMed» համակարգից, որ որոշ պացիենտների մոտ գրված են այնպիսի հիվանդություններ և վիարահատություններ, որոնք երբեք չեն արել թե՛ բժիշկները, թե՛ պացիենտները։
Օրինակ՝ Անուշ Պողոսյանը նշում էր, որ իր «բժշկական կենսագրությունը» դարձել է ֆանտաստիկ ժանրի։ «Պարզվում է՝ ես ապենդիցիտի կապակցությամբ վիրահատվել եմ Ապարանում, դիալիզ եմ ստացել Վանաձորում, և ռևմատոլոգի մոտ եմ եղել Գավառում»,- նշում է Պողոսյանը։
MediaHub-ի հարցին, թե արդյո՞ք խնդիրը լուծվել է, թե՝ ոչ, Պողոսյանը պատասխանեց. «Այդ խնդիրները չեն լուծվել, դեռ կան, կոնկրետ իմ օրինակով, դեռ իմ «ArMed» համակարգում տեսնում եմ այն չարված բժշկական օգնությունը և սպասարկումը, որը գրվել էր»։
Արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող բժիշկներն անդադար բողոքում են, որ անգամ հիվանդին դեղ գրելը ժամեր է տևում «ArMed» համակարգում։
«Մեր տարեցները՝ հատկապես 65 պլյուսը, բազմաթիվ բողոքներ են ներկայացնում, ասում են, որ չեն կարողանում իդենտիֆիկացվել, մտնել, ակտիվացնել ապահովագրությունը։ Էլ չեմ ասում, որ մենք լուրջ խնդիր ունենք, որի լուծումը չունենք՝ էլեկտրոնային գրանցումների հետ կապված, տարեցների, որ չեն կարողանում պոլիկլինիկա այցի ժամ վերցնել, գնում են և ժամերով սպասում»,- նշեց Պողոսյանը։
Ըստ նրա՝ այդ հերթերի մեջ տարեցները ժամերով սպասում են, և բժշկական մի ծառայություն ստանալու ակնկալիքով, վիրուսներով վերադառնում են տուն, այսինքն՝ առողջապահության կազմակերպումն ամբողջությամբ խնդրահարույց է այսօր, հատկապես այն մարդկանց համար, որոնք խոցելի են. նրանք են զրոյից 18 և 65 պլյուս տարեկանները, որոնք ունեն լուրջ խնդիրներ հասարակ հասանելիության հետ կապված։
«Աշխարհում կա մոտեցում՝ գոհունակության ցուցանիշը հասանելիությունն է, մարդը պետք է ոտքով քայլի իր պոլիկլինիկա և ստանա հասանելի առողջապահություն։ Պոլիկլինիկաների օպտիմալացումը, երբ Երևան քաղաքում 2 տարի առաջ անում էին, մենք զգուշացնում էինք, որ դուք խնդիր եք ունենալու հերթերի հետ կապված, այսօր մենք այդ խնդրի առաջ ենք կանգնած»,- ամփոփեց խոսքը Անուշ Պողոսյանը։

Русский