Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պատերազմ սկսվելու մասին հայտարարությունները մանիպուլյացիա է, 100 տոկոսանոց ապատեղեկատվության օգտագործում․ Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ

Blog Image

Մարտի վերջին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարբեր լրատվամիջոցների լրագրողների հրավիրել էր Ծաղկաձորում կազմակերպված երկօրյա աշխատաժողովի՝ ընտրությունների նախաշեմին ռիսկերի և մանիպուլյացիաների դինամիկայի և դրանց հակազդելու մեթոդների ներկայացման հանձնառությամբ, որի ընթացքում ԿԸՀ-ի ներկայացուցիչներից բացի ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Ռաստո Կուզելը։

Կարելի է ասել՝ աշխատաժողովի առանցքային դեմքը հենց ԵԽ միջազգային փորձագետն էր, որն էլ լրագրողների հետ համապատասխան զրույցներ էր անցկացնում, փորձում լրագրողներին իր տեսակետներն ու դիրքորոշումները հրամցնել այլ հետխորհրդային երկրներում անցկացված ընտրությունների որակի վերաբերյալ և դրանց օրինակով Հայաստանում վերահսկել հնարավոր խախտումները, կեղծիքներն ու ապատեղեկատվության տարածումը։ ԵԽ փորձագետը հավանաբար չէր հաշվարկել, որ Հայաստանում լրատվական դաշտի աշխատողներն այնքան միամիտ չեն, որպեսզի իր խոսքերը հալած յուղի տեղ ընդունեն՝ առանց դրանք վերլուծելու և համադրելու մեր իրողությունների հետ։

Եվ ակամա Ռաստո Կուզելը, հավանաբար չտիրապետելով հայաստանյան իշխանությունների քարոզչական նարատիվներին, նրանց այն պնդումները, թե հունիսի յոթին ՔՊ-ին չընտրելու դեպքում Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ, որակեց որպես ապատեղեկատվություն ու մանիպուլյացիա, խաբեություն, որով հանրության մեջ վախ, սարսափ, խուճապ առաջացնելու միջոցով իշխանությունները փորձում են վերարտադրվել։ Դա, ըստ փորձագետի, ուղղակի ճնշում է ընտրություններին մասնակիցների վրա և կարող է տխուր հետևանքներ ունենալ, երբ իշխանության եկողները ընտրվեն ոչ թե քաղաքացիների հոժար կամքով, հստակ դիրքորոշմամբ ու ազատ ընտրությամբ, այլ պարտադրաբար, վախից ելնելով, որպեսզի երկրում պատերազմ չլինի։ Այսինքն՝ հույզերի միջոցով նման քարոզչություն իրականացնող ուժը փորձում է ազդել ընտրությունների և դրանց արդյունքների վրա։ 

Եվրախորհրդի միջազգային փորձագետը պարբերաբար Վրաստանի օրինակն էր մեջբերում։ Ակնհայտ է, որ նրանք չեն մարսել Վրաստանում 2024 թվականի համապետական ընտրությունների արդյունքները, երբ իրենց սատարած ուժը, այնուամենայնիվ, չկարողացավ սահմանադրական մեծամասնությամբ անցնել խորհրդարան, և դրանց արդյունքները նա ներկայացրեց որպես մանիպուլյատիվ քարոզչության ուղղակի ազդեցության հետևանք։ Ըստ նրա՝ «Վրացական երազանք» քաղաքական կուսակցության հիմնադիր ու առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ուժը ընտրություններից առաջ թեզեր է հնչեցրել, որոնց համաձայն՝ եթե «Վրացական երազանքը» ընտրություններում մեծամասնություն չստանա, ապա Վրաստանում պատերազմ կլինի, ինչպես նաև արևմտյան ուժերի կողմից հովանավորվող ու աջակցություն ունեցող ուժերին անվանել է «Գլոբալ պատերազմի կուսակցություններ», որոնք ցանկանում են Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։

Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե բացահայտել էր տարածաշրջանի երկրների վրա ԵՄ-ի կողմից իրականացվող ճնշումները՝ հայտարարելով, թե 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո Եվրամիությունը Վրաստանին ճնշելով պարտադրել է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ պատժամիջոցներին միանալու և Ուկրաինա կամավոր մարտիկներ ուղարկելու միջոցով։ Եվ քանի որ պահանջները չկատարվեցին, Ուկրաինան հետ կանչեց իր դեսպանին Վրաստանից։ Արևմտյան աջակցություն ունեցող ուժերին պատերազմի ուժեր անվանելով՝ «Վրացական երազանքը» նկատի է ունեցել, որ նրանց իշխանության գալու դեպքում իրենք անվերապահորեն կկատարեն ԵՄ պահանջը և երկրորդ ճակատ կբացեն Ռուսաստանի դեմ։ Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետը այդ հայտարարությունը մանիպուլյացիա է համարում, 100 տոկոսանոց ապատեղեկատվության օգտագործում․ «Նրանք վախն են օգտագործել։ Ես սա լսել եմ տեղում գտնվող մարդկանցից, ովքեր իսկապես վախենում էին։ Հատկապես տարեց մարդիկ իսկապես վախենում էին, որ երկրորդ ճակատ կբացվի։ Եվ, իհարկե, ամբողջ Վրաստանում պաստառներ կային, որոնք ցույց էին տալիս Ուկրաինան, և թե ինչպես է Ուկրաինան ավերվել Ռուսաստանի պատերազմի արդյունքում, ապա ցույց էին տալիս խաղաղ Վրաստանը և ասում, որ «եթե դուք չքվեարկեք մեզ համար, նման բան տեղի կունենա այստեղ»։ Սա այն է, ինչ ես տեսա Վրաստանում իմ սեփական աչքերով, և ես լիովին համաձայն եմ, որ սա մանիպուլյացիա էր»։ 

Լրագրողները փորձագետից հետաքրքրվեցին՝ այդ դեպքում արդյո՞ք նմանատիպ մանիպուլյացիաների չեն դիմում ՀՀ իշխանությունները՝ հայտարարելով՝ եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չունենան և չընտրվեն որպես իշխանական ուժ, ապա պատերազմ կլինի։ Պարոն Կուզելը զարմացավ, որ իշխանությունների կողմից նման թեզեր են հնչում և ասաց, որ առաջին անգամ է դրա մասին իմանում լրագրողներից։

Ամեն դեպքում փորձագետը խուսափեց որևէ գնահատկան տալ՝ հայտնելով՝ «բայց ես հիմա այն դիրքում չեմ, որ մեկնաբանեմ դա»։

Արդյո՞ք փորձագետը վախեցավ Փաշինյան Նիկոլի դաժան հաշվեհարդարից, որ իր դեմ ևս կարող է որևէ հոդվածով քրեական գործ հարուցել, և նա այդպես էլ չի կարողանա վերադառնալ հայրենիք։ Կամ գուցե ՀՀ իշխանությունների դեպքում նման հայտարարությունները արհեստականորեն վախի մթնոլորտ ստեղծելու և ընտրությունները մանիպուլացնելու միջոց չի՞ համարում փորձագետը՝ լավ իմանալով, որ նրանք Եվրամիության, Արևմուտքի մեծ աջակցությունն ունեն և իրենց ձեռնտու է, որպեսզի հենց նրանք շարունակեն իշխանավարել Հայաստանում, այլ ոչ թե, օրինակ, Վրաստանում այսօրվա իշխանոությունների պես որևէ ուժ, որը Արևմուտքին գրողի ծոցը կուղարկի կամ որ իրենց համար շատ ավելի վատ է՝ ռուսամետ քաղաքական ուժ, որը կշարունակի Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, իսկ Արևմուտքի հետ ընդամենը գործընկերային հարաբերություններ կպահպանի ինչպես նախկինում էր։

Ամեն դեպքում Ռաստո Կուզելը, գուցե չուզելով, արդեն իր գնահատականը տվեց Փաշինյանի իշխանության քարոզչական թեզերին և բացահայտեց, որ նրանք ակնհայտ մանիպուլյացիայով ու ապատեղեկատվություն տարածելով են զբաղված, որի միջոցով փորձում են մոլորեցնել ընտրողներին և նրանց դարձնել վախի ու խուճապի զոհեր։  

Թագուհի Ասլանյան

Send