Կասպից ծովում անցկացված զորավարժությունների ընթացքում զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը, հայտնել են երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
ՆԳՆ ռազմաքննչական ստորաբաժանումը ձերբակալել և ժամանակավոր պահման վայր է տեղափոխել Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարին՝ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում անփութություն դրսևորելու մեղադրանքով. գործողությունն իրականացվել է Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։
Ըստ ՆԳՆ տվյալների՝ նա կալանավորվել է դատարանի թույլտվությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։
Անցյալ շաբաթավերջին Ղազախստանում մի շարք պաշտոնանկություններ են տեղի ունեցել. նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Կանիշ Աբուբակիրովին ազատել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններից։ Բացի այդ, պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Ալմազ Ջումակեեւը, իսկ Կանատ Նիյազբեկովը՝ Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Սեպտեմբերի վերջին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել էր Դաուրեն Կոսանովը։
Այս պաշտոնանկությունները հաջորդել են սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի մարզում տեղի ունեցած ողբերգությանը։ Կասպից ծովում «Խազար Կորգանի-2026» զորավարժությունների ժամանակ «Կայսար» պարեկային նավից ափ իջնելիս 17 զինծառայող ջրի հոսանքի հետևանքով տարվել էր դեպի բաց ծով։ Երեքին հաջողվել էր փրկել, իսկ 14-ը զոհվել էին։ Այնուհետև անփութության և նավարկության կանոնների խախտման (որոնք հանգեցրել են ծանր հետևանքների) կասկածանքով ձերբակալվել էին պաշտպանության նախարարության համակարգի հինգ պաշտոնյա։ Ձերբակալվածների թվում էին եղել Ռազմածովային ուժերի շտաբի պետն ու գլխավոր հրամանատարի առաջին տեղակալը, զորամասերի երկու հրամանատար, նաև ծովային հետևակի վաշտի և պարեկային նավի հրամանատարներ։

Русский