Արդեն մի քանի օր է՝ համացանցում չեն հանդարտվում քննարկումներն ու քննադատությունները ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման, նրա ֆիզիկական վիճակի և դատարան ներկայացվելու հանգամանքների շուրջ։ Խաչատրյանին դատարան են բերել ակնհայտորեն ծանր ֆիզիկական վիճակում, ինչը հանրության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացրել՝ արդյոք նման առողջական վիճակում գտնվող անձի նկատմամբ կիրառված խափանման միջոցը համաչա՞փ է, և արդյոք նրա նկատմամբ իրականացվող գործընթացը չի անցնում օրենքի ու մարդու իրավունքների թույլատրելի սահմանները։
Ակտիվիստ և ընդդիմադիր հասարակական գործիչ Կարեն Ղազարյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշում է, որ Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի ծագման հարցն իրեն առանձնապես չի հետաքրքրում, սակայն անընդունելի է համարում այն վերաբերմունքը, որ այսօր դրսևորվում է նրա նկատմամբ։
«Ինձ առանձնապես չի հետաքրքրում, թե որտեղից է Խաչատրյանին այդքան կարողություն։ Իշխանության ութուկես տարվա ընթացքում դա բացահայտելու համար իշխանությունն ուներ բավարար ժամանակ և բոլոր հնարավորությունները։ Եթե իսկապես կան հանցագործություններ, թող դրանք բացահայտվեն, թող լինի քննություն, և օրենքով սահմանված պատասխանատվություն։ Բայց այն, ինչ այսօր տեսնում ենք Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, արդեն այլ հարց է։ Երբ մարդուն ծանր ֆիզիկական վիճակում են բերում դատարան, երբ նրա առողջական վիճակը ակնհայտորեն մտահոգիչ է, այստեղ արդեն պետք է խոսել ոչ միայն քրեական գործի, այլ նաև մարդու նկատմամբ վերաբերմունքի մասին։ Ես սա համարում եմ բռնություն և խոշտանգում»,- MediaHub-ին ասաց Ղազարյանը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանում տեղի է ունենում մի գործընթաց, որի քաղաքական ենթատեքստը շատ ավելի լայն է։ Իշխանության ութուկես տարվա ընթացքում բազմաթիվ հարցեր կային, որոնք այդպես էլ չստացան պատասխաններ։ Հիմա հասարակության ուշադրությունը տեղափոխվում է մեկ այլ դաշտ՝ «բռնեցին, տարան, կերան» տրամաբանությամբ։
«Կարծում եմ՝ այս պատմության մյուս կողմը հանրությունն ավելի ուշ կլսի։ Այն ժամանակ, երբ իշխանությունը կսկսի իրականացնել այն քայլերը, որոնց մասին ընդդիմությունն ու քննադատները վաղուց ահազանգում են՝ Տավուշի երեք գյուղերի և Տիգրանաշենի հարցում զիջումների գնալու, ինչպես նաև իշխանության կողմից «TRIPP» անվանվող, իսկ ընդդիմության գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից պարտադրվող «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը կյանքի կոչելու ժամանակ։ Այսօր կարող են հասարակության ուշադրությունը պահել Գագիկ Խաչատրյանի կալանավորման վրա, վաղը նույն հասարակությունը կանգնելու է արդեն պետական և տարածքային անվտանգության շատ ավելի մեծ հարցերի առաջ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ղազարյանի խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանն ու իր «թշվառախումբն» արդեն կնքել են իրենց դատավճիռը՝ «Չաուշեսկուների դատավճիռ լինելու է», պատն էլ կա՝ Կիրանցի «խաղաղության պատը»:
Հունան Թադևոսյան

Русский