ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Բաքու և Երևան դիվանագիտական ձևականություն չէ, այլ ԱՄՆ ներկայության նոր մոդելի ամրագրում Հարավային Կովկասում։ Խաղաղության հռետորաբանությունից դուրս Վաշինգտոնը վերաբաշխում է ազդեցությունը և ամրապնդում իր շահերի համար կարևոր հենակետերը։
ԱՄՆ-ը խորացնում է ռազմական-տեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ, փոխանցում է ծովային անվտանգության միջոցներ, աջակցում է TRIPP տրանսպորտային միջանցքին և քաղաքական մակարդակում ամրագրում ռազմավարական գործընկերությունը։ Գործնականում սա նշանակում է, որ Ադրբեջանը դիտարկվում է որպես ԱՄՆ ռազմական և լոգիստիկ գործընկեր Կասպից ու տարանցիկ ուղղություններում։
TRIPP-ը ներկայացվում է ոչ թե որպես «խաղաղության նախագիծ», այլ որպես լոգիստիկ վերահսկողության գործիք․ այն ուժեղացնում է Բաքվի դերը որպես տարածաշրջանային հանգույց և ձևավորում է Հայաստանի տնտեսական կախվածություն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարանցումից։ Ռազմական համագործակցության ընդլայնումը փաստում է, որ Վաշինգտոնը չի հավասարակշռում կողմերին, այլ աշխատում է այն դերակատարի հետ, որը արդեն ունի ուժային վերահսկողություն։
Երևանում շեշտը դրվեց խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության, ռազմական-տեխնիկական կապերի ընդլայնման և քաղաքական «նոր փուլի» հայտարարությունների վրա։ ԱՄՆ-ը մտնում է Հայաստանի կենսական ենթակառուցվածքների ոլորտ՝ ձևավորելով երկարաժամկետ տեխնոլոգիական ու ինստիտուցիոնալ կախվածություն։ Միաժամանակ ռազմական աջակցությունը չի փոխում ուժերի հարաբերակցությունը Ադրբեջանի հետ և չի ապահովում արտաքին անվտանգության իրական երաշխիքներ։
ԱՄՆ-ը Հայաստանին չի ուժեղացնում անվտանգության տեսանկյունից, այլ ավելի խորն է ինտեգրում արևմտյան համակարգերին՝ առանց պաշտպանական պարտավորությունների ստանձման։
Ինչ է սա փոխում տարածաշրջանում
Խաղաղ գործընթացը դառնում է տնտեսական առումով ասիմետրիկ․ TRIPP-ը Ադրբեջանին դարձնում է հիմնական շահառու, իսկ Հայաստանին՝ օտար պայմաններով նախագծի մասնակից։ ԱՄՆ-ը ամրագրում է հետպատերազմյան նոր կարգ՝ որտեղ Ադրբեջանը ուժեղանում է, Հայաստանը հարմարվում է ուժերի անհավասարակշռությանը, իսկ Վաշինգտոնը կառավարում է գործընթացը տնտեսական և ենթակառուցվածքային գործիքներով, ոչ թե անվտանգության երաշխիքներով։
Վենսի այցերը «հավասար աջակցություն» չեն։ Դրանք ամրագրում են նոր հիերարխիա․ Ադրբեջանը՝ որպես ԱՄՆ-ի հենարանային գործընկեր, Հայաստանը՝ որպես ռազմավարական վերաձևավորման օբյեկտ՝ առանց անվտանգության իրական երաշխիքների։
Ազա Բաբայան

Русский