Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանը չի գնում մայիսի 9-ին Մոսկվա․ Հայաստանը հեռանո՞ւմ է Ռուսաստանից

Blog Image

Մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան չմեկնելու որոշումը, ինչպես նաև Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հակառուսական հայտարարությունները շարունակում են ակտիվ քննարկվել քաղաքական դաշտում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Հայաստանը ներքաշվում է հակառուսական գործընթացների մեջ, իսկ երևանյան գագաթնաժողովը «շոու» էր։ Նրա խոսքով՝ նման քաղաքականությունը Հայաստանի համար կարող է ունենալ քաղաքական և տնտեսական հետևանքներ։

Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկ Այվազյանի հետ։

Քաղաքագետի խոսքով՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ակնհայտ հակառուսական ուղղվածություն ուներ։

«Այդ հավաքն ակնհայտ հակառուսական էր, որովհետև Եվրամիությունն այսօր ունի Ռուսաստանի դեմ պայքարելու ռազմավարություն։ Հայաստանը նույնպես Եվրամիության հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության համաձայնագիր, և դա միայն ձևական համագործակցություն չէ․ դրա շրջանակում Հայաստանի վրա որոշ պարտավորություններ են դրվել»,- ասաց քաղաքագետը։

Այվազյանի կարծիքով՝ Զելենսկու մասնակցությունը ևս այդ քաղաքականության բաղադրիչն էր։ «Զելենսկին ինքնին որևէ արժեք չի ներկայացնում, սակայն հակառուսականության տեսանկյունից կարևոր սիմվոլ է՝ որպես Եվրոպայի կողմից Ռուսաստանի դեմ օգտագործվող գործիք»։

Անդրադառնալով Զախարովայի հայտարարությանը՝ քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանի արձագանքը կարող է լինել աստիճանական։ «Եթե Հայաստանը մտնում է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, ապա որևէ պետություն դա անարձագանք չի թողնի։ Այն արտոնությունները, որոնք Հայաստանը ուներ որպես Ռուսաստանի դաշնակից, կարող են աստիճանաբար դադարել գործել»,- նշեց Այվազյանը։

Նրա գնահատմամբ՝ Մոսկվան միանգամից կտրուկ քայլերի չի դիմի, սակայն ամեն ինչ կախված կլինի Երևանի հետագա քաղաքականությունից: «Չեմ կարծում, որ Ռուսաստանը միանգամից բոլոր ուղղություններով կգնա կոշտ քայլերի։ Դժվար թե հենց վաղը գազը թանկանա կամ հայաստանցիներին զրկեն Ռուսաստանում աշխատելու հնարավորությունից։ Բայց տեսնում եմ, որ Հայաստանի իշխանությունները ո՛չ ցանկանում են, ո՛չ էլ կարողանում են հետքայլ անել և դուրս գալ հակառուսական գործընթացներից։ Ընդհակառակը՝ ավելի խորն են ներգրավվում այդ գործընթացներում»,- նշեց քաղաքագետը։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ չի ցանկանում նոր ճակատներ բացել, Այվազյանը պատասխանեց․ «Ռուսաստանը միշտ առաջնորդվում է իր շահերով։ Ուկրաինայի դեպքում էլ ութ տարի փորձեց բանակցել, համոզել, բայց հետո տեսանք, թե ինչ եղավ։ Սակայն այսօրվա Ռուսաստանը նախկինը չէ։ Եթե այն ժամանակ երկար համբերեց, հիմա նույն կերպ չի վարվի»։

Քաղաքագետն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշմանը՝ այն դիտարկելով որպես քաղաքական ազդակ։ «Մայիսի 9-ին չգնալը մեկ օրվա հարց չէ։ Այդ օրը միայն Ռուսաստանի տոնը չէ․ Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովուրդն էլ է մեծ մասնակցություն ունեցել։ Փաշինյանի այցը կարող էր նաև այդ ներդրման մասին հիշեցում լինել»։

Նրա խոսքով՝ ներկայիս գործընթացները վկայում են, որ Երևան-Մոսկվա հարաբերությունները շարունակում են վատթարանալ։ «Լիակատար խզում դեռ չկա, բայց հարաբերությունները գնում են խզման ճանապարհով։ Այդ գագաթնաժողովից հետո արդեն պարզ էր, որ Փաշինյանը չի մեկնելու Մոսկվա։ Եթե այս քաղաքականությունը շարունակվի, հարաբերությունների վատթարացումն անխուսափելի կլինի»։

Միաժամանակ քաղաքագետը չի բացառել, որ աշխարհաքաղաքական զարգացումները կարող են կտրուկ փոխվել։ «Այս մեկ ամսում աշխարհաքաղաքական իրադարձություններն այնքան արագ կարող են փոխվել, որ հնարավոր է՝ Փաշինյանը հետո ծաղիկներով դիմավորի ռուսական պատվիրակությանը օդանավակայանում»։

Ալիտա Եղիազարյան

Send