ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, կարծես թե, սկսել է ահաբեկել բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնք բնակվում են արտերկրում, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի Դաշնությունում և մտադիր են հունիսի յոթին գալ Հայաստան և քվեարկել իրենց նախընտրելի քաղաքական ուժի օգտին։
Տպավորություն է, թե Ռուբինյանը շատ է վախենում, որ Ռուսաստանում աշխատող ու բնակվող ՀՀ քաղաքացիները կարող են գալ և իրենց քվեն տալ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժին։
Իսկ իշխանությունների վարքագիծը հատկապես «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների, վստահված անձանց ու գրասենյակների աշխատակիցների շրջանում իրականացվող գաղտնալսումների, նրանց դեմ գործեր հարուցելու, նրանց կալանավորելու դրսևորումներով վկայում է այն մասին, որ իշխող խումբը, այնուամենայնիվ, հանձին այդ ուժի ծանրակշիռ մրցակից է տեսնում, այդ պատճառով էլ հենց նրան է թիրախավորել։
ԱԺ փոխխոսնակն իր ֆեյսբուքյան էջը վերջին ժամանակահատվածում վերածել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեժ գծի և ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում՝ մե՛կ օգտատերերին հորդորելով կոնկրետ քաղաքական ընդդիմադիր ուժերի կողմից իրենց կաշառք առաջարկելու դեպքում կամ նման դեպքերի մասին լսելիս դիմել իրեն՝ երաշխավորելով, որ նրանց անձնական տվյալները գաղտնի կպահվեն, իսկ այդ դեպքերի մասին տեղեկությունները կփոխանցվեն իրավապահ մարմիններին, մե՛կ տեսագրություններ է տեղադրում, ուղիղ եթերներ անում՝ զգուշացնելով, որ իրեն կոգնիտիվ դիսոնանսի մեջ գցող ուժերի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք վերցնելու դեպքում արտերկրում բնակվող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում և մյուս անցակետերում անմիջապես ձերբակալվելու են։
Վերջին տեսագրության մեջ Ռուբինյանը արտերկրում բնակվողներին զգուշացնում է, որ կաշառք վերցնելու դեպքում հենց Երևանի օդանավակայանում իրենց ձերբակալելու են և տեղեկացնում, որ նաև արտերկրում են հատուկ կառույցներն իրավիճակին հետևում․ «Արտերկրում բնակվող սիրելի հայեր, եթե ձեզ այնտեղ ընտրակաշառք են առաջարկել, և դուք վերցրել եք, երբ գաք «Զվարթնոց» օդանավակայան, դուք անմիջապես ձերբակալվելու եք, որովհետև ընտրակաշառք վերցնելը ևս հանցագործություն է, և մեր համապատասխան հատուկ ծառայությունները ոչ միայն Հայաստանում են հետևում իրավիճակին, այլ նաև Հայաստանից դուրս։ Նաև Եզրաս Արքեպիսկոպոս կոչված ԿԳԲ-ի գործակալի կամ նրա ցանցի միջոցով եթե ընտրակաշառք եք վերցրել, պետք է իմանաք, որ ԿԳԲ-ի գործակալ Եզրասը հատուկ ուշադրության ներքո է մեր ծառայությունների կողմից, և եթե նրա ցանցից գումար, կաշառք վերցնեք, հենց գաք «Զվարթնոց» օդանավակայան, ձերբակալվելու եք»։
Ի՞նչ է ակնարկում Ռուբինյանը ՌԴ-ում բնակվող կամ աշխատող մեր քաղաքացիներին, երբ ասում է, որ հատուկ կառույցները Հայաստանից դուրս էլ են հսկում իրավիճակը։ Ինչպե՞ս է բացահայտելու՝ արտերկրում տվյալ մարդիկ կաշառք են վերցրել, թե ոչ, եթե, դիցուք, ԱԱԾ աշխատակիցները նրանց գաղտնալսելու իրավունք չունեն։ Իսկ գուցե սա ընդամենը իրենց ապագա գործողությունների ինդուլգենցիա է, արդարացում, որ եթե հատկապես Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիները, մանավանդ այս կամ այն կերպ օրինակ Սամվել Կարապետյանի անվան հետ առնչվող՝ նրա ընկերություններում աշխատող, յոթ պորտ հեռու կանգնած բարեկամ, ազգական գան քվեարկելու, նրանց այդ իրավունքը խոչընդոտվի, անունն էլ դնեն «ընտրակաշառք» օպերացիա։
Ակնհայտ է, որ ընտրություններից առաջ այս իշխանություններն ամեն ինչ անում են արատավորելու հատկապես «Ուժեղ Հայաստանի» անունը, նրանց ընտրակաշառք բաժանողի պիտակը կպցնելու, մանիպուլացնելու, որպեսզի կամ հանրային բացասական կարծիք ստեղծելով՝ ազդեն ընտրությունների արդյունքների վրա, կամ որոշակի լծակներ կիրառելով՝ ընտրությունների համար այլ արդյունքներ ապահովեն։
Ռուբեն Ռուբինյանի վարքագիծը առավել քան զավեշտալի է։ Փաստորեն նա այնքան չի վստահում Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգին, որ նրանց գործառույթներն է ստանձնել կամ նրանց վերահսկելու մեխանիզմներ է փորձում ներդնել՝ անձամբ է հետևելու գործերի ընթացքին։ Հետաքրքիր է՝ գլխավոր դատախազը, Քնչական կոմիտեի նախագահը, ԱԱԾ պետը, ՆԳ նախարարը ոչինչ չունե՞ն ասելու ԱԺ փոխխոսնակին, օրինակ ասելու՝ դու քո գործերով զբաղվիր, մեր հացը մեզնից մի խլիր։ Փաստորեն, ԱԺ մի փոխխոսնակը կարող է հանգիստ փոխարինել ողջ ուռճացված ոստիկանապետական, իրավապահ համակարգին։
Փաստաբան Արամ Վարդևանյանը թեև ծանոթ չէր Ռուբինյանի հայտարարություններին ու սպառնալիքներին, սակայն MediaHub-ի հետ զրույցում նա ևս անլուրջ համարեց այն փաստը, որ իրավական բնույթի հարցերին ու խնդիրներին ոչ թե իրավասու մարմիններն են անդրադառնում, այլ պաշտոնյաները, որոնք Սահմանադրությամբ նման լիազորություններ չունեն․ «Ծանոթ չեմ ձեր վկայակոչած հայտարարությանը, բայց կարող եմ արձանագրել, որ իրավական տեսանկյունից իրավական բնույթի հարցերին առաջին հերթին պետք է անդրադառնան ու անհրաժեշտության դեպքում գործողություններ իրականացնեն իրավասու մարմինները և այն պետական պաշտոնյաները, որոնք հենց դրա լիազորությամբ են օժտված։ Վերջին ժամանակաշրջանում Հայաստանում ակնհայտ խնդիրներից մեկն այն է, որ քաղաքական և իրավական գործընթացների սերտաճում է նկատվում։ Ընդհանրապես, իրավական գործընթացների, առավել ևս քրեաիրավական գործընթացների վարույթների հնարավոր հետապնդումների վերաբերյալ իրավասու պաշտոնյաները քրեաիրավական հետապնդման մարմիններն են՝ քննչական մարմինները, դատախազությունը, օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնող իրավասու մարմինները, բայց երբեք ոչ քաղաքական գործիչները, ԱԺ օրենսդրական գործունեության՝ սահմանադրական պարտականություններ ունեցող պաշտոնատար անձինք։ Հենց նման պատճառներով է, որ մեր ոլորտում բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնց մասին մամուլը պարբերաբար բարձրաձայնում է»։
Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխող քաղաքական թիմը նման հայտարարություններով, ընդդիմադիր քաղաքական ուժերի հանդեպ բռնաճնշումներով, հետապնդումներով։ Արամ Վարդևանյանն անդրադառնալով այս հարցին՝ ասաց, որ որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտելու արտերկրում գտնվող մեր հայրենակիցների ընտրելու իրավունքը, մանավանդ, որ մենք ամենամեծ սփյուռք ունեցող ժողովուրդներից ենք։ Եվ քանի որ դրսում ապրող, բայց ՀՀ քաղաքացիություն ու գրանցում ունեցող քաղաքացիները չեն կարող դրսում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, պետք է պատշաճորեն հնարավորություն տալ նրանց ընտրության օրը գալ Հայաստան և իրացնել իրենց այդ իրավունքը․ «Հայաստանի Հանրապետությունում ընտրական օրենսդրության զարգացումներն իրացվել են այնպես, որ չնայած մենք ունենք ամենամեծ սփյուռքը, որը մեր հասարակական կյանքի կարևորագույն դերն ունեցող կառույցներից է, բայց արտերկրում գտնվող այդ թվում ՀՀ քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցները ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանում գտնվելու և հաշվառում ունենալու պայմաններում։ Կան երկրներ, որոնցում այդ մեխանիզմը ներդրված է, երբ արտերկրում գտնվող նրանց քաղաքացիները կարող են դրսից էլ քվեարկել։ ՀՀ ընտրական օրենսդրությունը նման բան թույլատրում է միայն դիվանագիտական ծառայության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»։
Ուստի նրանց մուտքը Հայաստան կամ ընտրություններին մասնակցությունը խոչընդոտելը հակաիրավական գործընթաց է։ Այո, չի բացառվում, որ Ռուբինյանի սպառնալիքները նաև կոտրեն մեր շատ հայրենակիցների՝ Հայաստան գալու և ընտրություններին մասնակցելու ցանկությունը, մանավանդ, երբ նրանք պարբերաբար լսում են ընտրակաշառքի անվան տակ տարբեր մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու մասին։ Ինչպես նշում է Արամ Վարդևանյանը, կարծես թե միտումնավոր այդ գործերին հանրային լայն հնչեղություն է տրվում՝ հատուկ վախի, խուճապի մթոնոլորտ ձևավորելու միտումով։
«Վերջին շաբաթներին քաղաքական ռեպրեսիվ բնույթի հետապնդումներն առավել քան ակնառու են։ Բազմաթիվ ձայնագրություններ են հրապարակվում, բայց իշխանական հայացքներ ունեցող կամ իշխանական քաղաքական թիմի ներկայացուցչի հետ կապված, նրան առնչվող որևէ ձայնագրություն երբեք չի հրապարակվել։ Ես կասկածի տակ չեմ դնում, որ նաև իշխանական քաղաքական թիմի ներկայացուցիչների նկատմամբ են քրեական գործեր հարուցվում, քրեական հետապնդումներ են իրականացվում, բայց համացանցում երբևէ նրանց առնչվող ձայնագրություն չի հրապարակվել։ Ձայնագրությունները հրապարակում է քննչական մարմինը, գրեթե բոլոր գործերը մինչդատական վարույթում նախաքննական գաղտնիքով պաշտպանված են, հետևաբար իրենք են որոշում շրջանակները, թե ինչ բնույթի ձայնագրություն հրապարակվի։ Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց վերաբերյալ ձայնագրություններ հրապարակվում։ Մեզանում պետք է նաև այդ մշակույթը ձևավորվի, որ անմեղության կանխավարկածն անսակարկելի արժեք պետք է դառնա։ Իրենք ԱՄՆ փորձից շատ են խոսում։ Տարիներ առաջ ներկայիս ԱՄՆ նախագահի նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել, մեղադրանք էր առաջադրվել, քրեական վարույթը գտնվում էր դատարանում քննության փուլում։ Բայց որևէ ձայնագրություն կամ անմեղության կանխավարկածի հետ հակադրվող տվյալների հրապարակում չի եղել։ Անգամ այդ ժամանակվա իշխանությունը, որը Թրամփի քաղաքական հակառակորդն էր, այդ եզրագիծը չհատեց։ Այդ ձայնագրություններն անգամ եթե հրապարևակվում են, չպետք է հակադրվեն անմեղության կանխավարկածին։ Այդ ձայնագրությունների գերակշռող մասը մոնտաժված է, չի ներկայացնում ամբողջական տվյալների համակցումը, որը դռնփակ դատական նիստերի ընթացքում ներկայացվում է, բայց հանրային կարծիք է ձևավորվում հնարավոր մեղավորության մասին, որը բնավ առկա չէ»,- ասաց փաստաբանը։
Այսպիսով ստացվում է, որ Ռուբեն Ռուբինյանը հավանաբար այն բարձրախոսի գործառույթն է ստանձնել, որը Քննչական կոմիտեի հետ ձեռք ձեռքի տված պետք է վախի մթնոլորտ ստեղծի ընտրողների շարքերում և այդպիսով նպաստի, որ ընդդիմադիր ուժերին համակրող շատ ընտրողներ զգուշավորության նկատառումներով պարզապես զերծ մնան ընտրական ու քաղաքական գործընթացներից։
Թագուհի Ասլանյան

Русский