Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Փակեք, էդ էլ փակեք. ձեզ միամիտի տե՞ղ եք դրել, իբր երեխաներին լավությո՞ւն եք անում

Ազգային կրթության խորհուրդը հետազոտություն է իրականացրել. սեպտեմբերի 1-ից Հայաստանի սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերի 231 դպրոց փակվելու է, որը կազմում է ամբողջ հանրապետության դպրոցների 16,6 տոկոսը, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր վեցերորդ դպրոց փակման ենթակա է։ Գյուղական բնակավայրերի յուրաքանչյուր երրորդ դպրոցը փակվելու է։ 

Փակվող դպրոցները հիմնականում Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում են։ Շիրակի լեռնային կարգավիճակ ունեցող գյուղերի 859 աշակերտ սեպտեմբերի 1-ից զրկվելու է իր բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից։ 

Սահմանամերձ, լեռնային ու բարձր լեռնային բնակավայրերում առանց այդ էլ երիտասարդություն չի մնացել, մեծ մասն արտագաղթում է կամ ընտանիքներով, կամ արտագնա աշխատանքի է մեկնում։ Եթե դպրոցները փակվեն, գյուղերը լիովին կդատարկվեն. ահազանգում են կրթության ոլորտի մասնագետները։ 

Դպրոցների վերամիավորման կամ օպտիմալացման ծրագրով՝ մի քանի գյուղի աշակերտներ հաճախելու են հարևան գյուղի դպրոց։ Իսկ հայտնի է, որ միջհամայնքային ճանապարհները քարուքանդ են, երեխաները 10-20 կիլոմետր ամեն օր կտրելու են, որ գնան հարևարն գյուղի դպրոց, նույնքան ճանապարհ հետ գան։ 

Ազգային կրթության խորհուրդը հետազոտության արդյունքը հրապարակել է առցանց, բոլոր տվյալները, թվերը կան՝ ըստ բնակավայրերի։ 

Եթե երիտասարդ ընտանիքը երեխային դպրոց տանելու խնդիր ունեցավ, հեռանալու է գյուղից, ու կարճ ժամանակ անց գյուղերը դատարկվելու են։ Իսկ ո՞ւմ համար են գյուղերը հայերից ազատում։ 

Կրթության փորձագետներն ասում են՝ ԿԳՄՍ նախարարությունը ծրագրի անունը դրել է «կրթության որակի հասանելիություն», մի քանի գյուղի դպրոցները փակում է, մեկ դպրոց վերանորոգում, արդիականացնում, որ մնացած բնակավայրերի աշակերտները հաճախեն այդ դպրոց։ 

Նախարարությունը «Հերքում» վերնագրով հայտարարություն է տարածել, թե տեղեկությունները, որ 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն։

Հայտարարության ներքևում օգտատերերը մեծ մասամբ  քննադատում են սահմանամերձ բնակավայրերի դպրոցների օպտիմալացման ծրագիրը՝ գրելով. «Դպրոցի նոր շենքը կրթության որակի բարելավո՞ւմ է»։

«Եթե գյուղի երեխաները գնում են կողքի գյուղի դպրոց, և այդ գյուղում գործող դպրոցը այլևս չի գործելու, դա նշանակում է, որ այդ դպրոցը փակվում է։ Թե դուք ինչ անուն եք տալիս այդ ծրագրին, դա արդեն բան չի փոխում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send