Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ազգը Եռաբլուրում էր՝ հուշահամալիր-պանթեոններում։
Հայ հանրությունը հիշատակում էր 44-օրյա պատերազմում նահատակված տղաների հիշատակը։ Սակայն, օրվա հետ կապված ոչ մի խոսք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իշխանության ներկայացուցիչներից։
Ավելին, հանրային հեռուստաընկերությունը նույն օրը «Թեժ բանավեճի» է հրավիրել «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին» թեմայով, ապա եթեր հեռարձակել Թաթա Սիմոնյանի համերգը։ Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում բազմաթիվ դժգոհությունից հետո, երգիչը ներողություն է խնդրել.
«Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու: Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ»,- գրել է Թաթա Սիմոնյանը։ Հայ հարկատուներից աշխատավարձ ստացող Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի բաժինը չպատասխանեց MediaHub-ի զանգերին։ Մեր զանգերն անպատասխան թողեց նաև հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Մենք փորձում էինք հասկանալ սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակելու տրամաբանությունը, երբ ազգը հիշատակում էր հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը։
«44-օրյա պատերազմ բերած, հազարավոր լույս տղաների և կանանց պատերազմ ուղարկած, Արցախը հանձնած ՔՊ-ից ոչ մի տառ հիշատակի օրվա մասին։ Դուք հայասպան եք, դուք պատերազմի կուսակցություն եք, դուք երկրաքանդ եք, «հույսի ու լույսի» մանր վաճառական»,- MediaHub-ին ասաց նախկին հոգևորական, հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը։

Մեկնաբանելով Թաթա Սիմոնյանի համերգը՝ Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանի Առաջին ալիքը ոչնչով չի տարբերվում Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունից՝ AzTV-ից։
«Թաթան կարող է ներողություն և՛ խնդրել, կամ չխնդրել։ Ես վստահ եմ, որ դա վերևից տրված հրահանգ է, որի միտքն ու իմաստը՝ մոռացության տալ 44-օրյա պատերազմն ու մեր հերոսների արյունը, մոռացության տալ հայոց պատմությունը։ Հիշատակի օրը Թաթայի համերգը Հանրայինով հեռարձակելը, իմ համոզմամբ, ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես են վերաբերվում մեր հիշողությանը և ազգային զգացողություններին։ Բնականաբար, ինչ թելադրվում է, այն էլ անում են։ Նրանք այլևս կոչված են հայի հիշողությունն ու հայրենասիրությունը ոտնատակ տալու, պղծելու և վերացնելու։ Դա է նրանց առաքելությունն ու կոչումը։ Մեր հանրային հեռուստատեսությունը դարձել է ատելության սերմնացան՝ հայատյաց, անհայրենիք ու ուրացող»,- ասաց Նիկողոս Հովհաննիսյանը։
Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել կատարվածի համար, խոստանալով վերանայել համապատասխան ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։
Հունան Թադևոսյան

Русский