Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայաստանը պատրա՞ստ է ԵՄ շուկաները գրավելու. եթե անգամ ԵԱՏՄ պահանջներին չի կարողանում բավարարել, պետությունն ու տնտեսվարողները հանցակի՞ց են

Blog Image

«Ռոսսելխոզնադզոր»-ից օրերս տեղեկացրել են, որ հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման սահմանափակումները դեռ չեն վերացվել, քանի որ հայկական կողմից առայժմ որևէ հաստատում չեն ստացել այն մասին, թե նախկինում հայկական արտադրության կաթնամթերքի, ձկան և ձկնամթերքի արտադրության ու ներմուծման ընթացքում արձանագրված խախտումները վերացվել են։
 
«ՀՀ տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդություններ, ինչը բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար։ Այս մասին տեղեկությունն ուղարկվել է հայկական կողմին», - հայտարարել են ռուսական վերահսկող կառույցից։
 
Դեռ մեկ ամիս առաջ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Telegram-ի «Юнашев Live» ալիքին տված պարզաբանման ժամանակ անդրադարձել էր թեմային և հայտնել, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ։
 
«Խոսքն այն մասին չէ՝ Հայաստանում ուշքի կգան, թե ոչ, այլ այն, որ պետք է պահպանվեն բուսասանիտարական վերահսկողության պահանջները։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմի հետ կապված որոշակի խնդիրներ կան, և, համապատասխանաբար, այդ երկխոսությունը շարունակվում է», - ասել է Օվերչուկը։
 
Իսկ ի՞նչ է անում Հայաստանը ռուսաստանյան սահմանափակումները վերացնելու ուղղությամբ, արդյո՞ք հայկական կողմն ընդառաջ է գնում կառուցողական երկխոսության առաջարկին։ Նշենք, որ Հայաստանում նախընտրում են խնդիրը քաղաքականացնել՝ հղում անելով Ռուսաստանի կողմից Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցության գործոնին՝ թե իբրև այդպիսով Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ՀՀ իշխանություններին եվրաինտեգրման մտադրությունից հետ պահելու համար։
 
Սակայն սննդի անվտանգության ոլորտը վերահսկող կառույցի բացահայտումները հակառակն են փաստում։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) վերջերս հրապարակել էր 2024–2025 թվականների ընթացքում ձկան և գյուղմթերքների շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Դրանց համաձայն՝ լուրջ խնդիրներ են հայտնաբերվել. գյուղմթերքներում արձանագրվել են քիմիական նյութերի կիրառման չարաշահումներ, իսկ ձկնարտադրության մեջ՝ հակաբիոտիկների գերազանցում և կիրառման մեթոդների խախտումներ։
 
Ձկան արտադրության ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքում վերցված նմուշներում հայտնաբերվել են հակաբիոտիկների մնացորդային քանակներ։ Իրականացվել է արտադրողների թույլ տված խախտումների վերլուծություն և գնահատվել են դրանց ռիսկերը սպառողների առողջության վրա։ ՍԱՏՄ-ի գնահատմամբ՝ նմուշներում հայտնաբերված հակաբիոտիկները, մասնավորապես՝ նիտրոֆուրանների և մետրոնիդազոլի խմբի միացությունները, ունեն կուտակային ազդեցություն և կարող են առաջացնել քաղցկեղածին ու մուտագեն հետևանքներ։ Առաջարկվել է վերահսկողություն իրականացնել բարձր ռիսկայնություն ունեցող տնտեսավարողների նկատմամբ և մոնիթորինգային ծրագրում ներառել խախտումներ թույլ տված բոլոր տնտեսավարողներին։
 
Բայց Ռուսաստանի կողմից շարունակվող սահմանափակումները թերևս այն մասին են, որ անգամ նման միջոցառումներից հետո այդ խախտումները չեն վերացվել։ Թե՛ գյուղատնտեսության, թե՛ ձկնարտադրության ոլորտներում առկա լուրջ խնդիրների մասին բարձրաձայնվում է տարիներ ի վեր։ Պետական գերատեսչության և մասնավոր կառույցների կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող լաբորատոր ստուգումները ցույց են տալիս, որ քաղաքական կամքը բավարար չէ այդ խախտումները վերացնելու համար, իսկ պետական վերահսկողական համակարգում պատասխանատու կառույցների գործառույթները բավարար չեն անբարեխիղճ տնտեսավարողներին շուկայից դուրս մղելու և մյուսներին չափորոշիչները պահպանել պարտադրելու համար։
 
Ինչո՞ւ հայ ֆերմերներն ու գյուղատնտեսները չեն ցանկանում չափորոշիչներին համապատասխանող, անվտանգ սնունդ արտադրել։ Հարցը հռետորական է, քանի որ ակնհայտ է՝ նման խախտումները թույլ են տալիս նրանց ավելի շատ եկամուտ ունենալ՝ ավելի դիմացկուն, երկար պահպանվող ու անհամեմատ մեծ քանակությամբ մթերք ստանալու շնորհիվ։ Խնդիրը թերևս այլ հարթության մեջ է։ Հույս դնել տնտեսվարողի բարեխղճության վրա կապիտալիզմի և ազատ շուկայական հարաբերությունների ժամանակաշրջանում՝ միամտություն է։

Իսկ թե պետությո՞ւնն ինչու է աչք փակում այդ թերացումների վրա՝ վտանգելով իր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը, դա արդեն աններելի հանցագործություն է։ Երբ մարդասպանը սպանում է իր զոհին, պետական կառույցը պարտավոր է հայտնաբերել ու դատապարտել նրան։ Եթե պետական իրավասու մարմինն իմանում է հանցագործի տեղը և նրան պատասխանատվության չի ենթարկում, ակամա դառնում է հանցակից։ Նույնն այս դեպքում է։
 
Այս տարվա հուլիսի 30-ի կառավարության նիստում, երբ քննարկվում էր ռուսական սահմանափակումներից տուժած ձկնաբույծներին աջակցելու հարցը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե խուսափում է տեղական արտադրության ձուկ օգտագործելուց, քանի որ մտահոգված է իր առողջությամբ և չի վստահում արտադրողներին․ «Ես, օրինակ, իմ անձնական փորձն ասեմ... վաղուց էդ աճեցված ձուկ չեմ օգտագործում, շատ վաղուց։ Որովհետև ինձ համար ակնհայտ է, որ էդտեղ խնդիր կա»։
 
Նման հայտարարությունից հետո պետք է բացահայտվեին անբարեխիղճ արտադրողները և ոչ միայն ոլորտից դուրս մղվեին, այլև քրեական պատասխանատվության ենթարկվեին երկար տարիներ քաղաքացիներին փաստացի թունավորելու և նրանց առողջությանը զգալի վնասներ հասցնելու համար։ Բայց մեզ մոտ այդպես էլ «գլուխներ չթռան»՝ ի տարբերություն Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների, որոնց հանդեպ այսօր քրեական հետապնդումներ են իրականացվում՝ ի դեպ, նրա նմանատիպ հայտարարություններից անմիջապես հետո։
 
Ստացվում է՝ իշխանությունը գործարքի՞ է գնում անբարեխիղճ արտադրողների հետ, միայն թե նրանք շարունակեն հարկեր վճարել պետական բյուջե, որպեսզի իշխանությունները կարողանան բարձրացնել իրենց և թիմակիցների աշխատավարձները։ Բայց չէ՞ որ մյուս կողմից էլ՝ ռուսաստանյան սահմանափակումների պատճառով հայ արտադրողների մթերքի սպառման ծավալների կրճատման արդյունքում զգալիորեն նվազել են հարկային հոսքերը բյուջե։ Դրա համար էլ վարչապետը Եվրամիությունից շուկաներ է մուրում՝ նախ վերականգնելու համար ռուսաստանյան սահմանափակումներից հետո արձանագրված տնտեսական անկումը և սանձելու տնտեսվարողների շրջանում հնարավոր սոցիալական ընդվզումը։
 
Հայաստանի հետ հեռու գնացող շահեր ունեցող Եվրամիությունն այդ հարցում շտապեց աջակցել Փաշինյանին, և օրերս ԵՄ խորհուրդը պաշտոնապես ընդունեց Հայաստանի համար ժամանակավոր ինքնավար առևտրային միջոցների մասին կանոնակարգը, ըստ որոշման՝ երկու տարով կվերացվեն ԵՄ ներմուծման մաքսատուրքերը հայկական արտադրանքի համար։ Այս որոշմամբ ԵՄ-ն կասեցնում է մաքսատուրքերը Հայաստանից ներկրվող մի շարք ապրանքների, այդ թվում՝ սակագնային քվոտաների ենթակա առանձին գյուղատնտեսական արտադրատեսակների նկատմամբ։
 
ԵՄ խորհուրդը նշել է, որ միջոցը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը՝ մեղմելու Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումների հետևանքները։ Ըստ որոշման՝ արտոնյալ ռեժիմով կազատականացվի Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսը։ Այն նախատեսում է վերացնել ԵՄ ներմուծվող հայկական բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական արտադրանքի համար։ Միջոցները կգործեն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի։ Դրանք կընդգրկեն ապրանքատեսակներ, որոնք կազմում են դեպի Ռուսաստան Հայաստանի թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99 տոկոսը, ինչպես նաև խմիչքների ու ոգելից ըմպելիքների արտահանման ավելի քան 91 տոկոսը։
 
Թեև Եվրամիության ընձեռած արտոնությունները Հայաստանին զուտ ժամանակավոր բնույթի են՝ երկու տարով, սակայն դրանք ժամանակ շահելու և շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ գործուն քայլեր անելու հնարավորություն են, որից պետք է խելամտորեն օգտվել։ Դատելով ՀՀ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից՝ կարելի է եզրակացնել, որ Եվրամիության աջակցությունը, եթե գործի էլ, ապա շատ կարճաժամկետ ու ոչ արդյունավետ է լինելու՝ հաշվի առնելով, որ Եվրոմիությունը այնուամենայնիվ չի կարողանա փոխհատուցել ռուսաստանյան ողջ շուկան։ Վերջինումս վաղուց կայացած և իրենց տեղը որևէ մեկին զիջել չպատրաստվող խաղացողներ կան, որոնք թույլ չեն տա ի վնաս իրենց նոր խաղացողներ մուտք գործել շուկա։

Նկատենք նաև, որ մաքսատուրքերից ազատելու արտոնությունն ամենևին չի նշանակում, որ Եվրամիությունը Հայաստանին արտոնություն է տվել սեփական վտանգավոր մթերքն իր շուկաներ արտահանելու համար։ Եվրամիության կանոնակարգը պայմաններ է նախատեսում, որոնց ապահովման դեպքում միայն հնարավոր կլինի հայկական արտադրանքի մուտքը ԵՄ որևէ երկիր։ Այլապես ԵՄ-ն ևս, ինչպես Ռուսաստանը, անհամապատասխանության հիմքով կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել իր սահմանած արտոնությունները կամ ընդհանրապես արգելել տվյալ ապրանքի մուտքը եվրոպական շուկաներ։
 
Հայաստանը պետք է պահպանի ապրանքների ծագման կանոնները և ապահովի անհրաժեշտ մաքսային ու վարչական համագործակցություն ԵՄ-ի հետ։ Սա կարևոր է, որպեսզի արտոնյալ ռեժիմից օգտվեն հենց հայկական ծագում ունեցող ապրանքները, և բացառվի երրորդ երկրների ապրանքների՝ Հայաստանի միջոցով ԵՄ շուկա արտոնյալ մուտքը։ Այնինչ Ռուսաստանը հայկական կաթնամթերքի ներմուծումն արգելել էր հենց այն պատճառաբանությամբ, որ դրանցում երրորդ երկրներից ներմուծված հումք է օգտագործվում։
 
ԵՄ շուկա մուտք գործելու համար կարևորվում է նաև ապրանքի որակն ու անվտանգությունը՝ նույն սկզբունքով, ինչ ռուսական շուկայում։ Եվ եթե Հայաստանում արտադրված ապրանքների որակը չի համապատասխանում ԵԱՏՄ չափորոշիչներին, և ռուսական սահմանափակումներից հետո անգամ քայլեր չեն արվում մասնավորապես գյուղմթերքի ու կաթնամթերքի որակի բարելավման ուղղությամբ, ապա անհասկանալի է, թե ինչպես են այդ ապրանքները հասնելու եվրոպական շուկաներ։ Հատկապես հաշվի առնելով, որ Եվրամիության ստանդարտները սննդի որակի հանդեպ շատ ավելի խիստ են, և որևէ շեղման դեպքում աչք չի փակվելու, ինչպես դա լինում էր, օրինակ, ԵԱՏՄ շուկաներում։
 
Ուստի շուկայի արդյունավետ դիվերսիֆիկացման համար չափազանց կարևոր է այն հանգամանքը, թե հայկական արտադրողները որքան արագ կկարողանան իրենց ապրանքները համապատասխանեցնել եվրոպական շուկաների պահանջներին, մինչդեռ այսօրվա դրությամբ նրանք նույնիսկ ԵԱՏՄ շուկայի պահանջները չեն կարողանում բավարարել։

Թագուհի Ասլանյան

Send