Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Աշունը՝ մազաթափության սեզոն․ ե՞րբ է պետք անհանգստանալ

Blog Image

Աշնան գալուն զուգահեռ շատերի համար կրկնվող խնդիր է դառնում մազաթափությունը։ Սանրի վրա, բարձին կամ լոգանքից հետո սովորականից ավելի շատ մազեր նկատելիս հաճախ առաջին արձագանքը անհանգստությունն է։ Բայց արդյո՞ք աշնանը մազաթափությունն ինքնին անհանգստանալու պատճառ է։

MediaHub-ը զրուցել է մաշկաբան Լուսինե Ամիրխանյանի հետ՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված սեզոնային մազաթափությունը և որ դեպքում այն այլևս չի կարելի պարզապես վերագրել աշնանային սեզոնին։

«Դա սեզոնային մազաթափություն է։ Ծերացած մազերը թափվում են, տեղում աճում են նոր մազերը»,– նշեց մաշկաբանը։

Սակայն մասնագետի խոսքով՝ մազաթափությունը նկատելու դեպքում այն անտեսել պետք չէ։ Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է նշանակել համապատասխան հետազոտություններ՝ հասկանալու խնդրի պատճառը։ «Առհասարակ, եթե նկատվում է մազաթափություն, ցուցում կա դիմել բժշկի՝ անկախ ամեն ինչից։ Որոշակի անալիզներ կան, որոնք պետք է հանձնել ըստ անհրաժեշտության, և նաև կարևոր է գլխամաշկի խնամքը»,– նշեց բժիշկը։

Իսկ ո՞ր հետազոտություններն են սովորաբար անհրաժեշտ մազաթափության դեպքում։ Մասնագետի խոսքով՝ բոլորի համար նույն ցանկը կիրառել հնարավոր չէ։ «Անալիզները կախված են տարիքից, սեռից և ցուցանիշներից, նաև՝ գենետիկայում ինչ խնդիրներ են հանդիպում։ Հիմնականում՝ վիտամին D, B12, ֆոլաթթու, միկրոէլեմենտներից՝ ցինկ, ու արդեն հավելյալ անալիզներ՝ ըստ անհրաժեշտության»,– ասաց Ամիրխանյանը։

Մազաթափության պատճառը կարող են լինել նաև օրգանիզմում այլ փոփոխություններ։ Մասնավորապես՝ վահանաձև գեղձի խնդիրներն ու հորմոնալ փոփոխությունները նույնպես կարող են անդրադառնալ մազերի վիճակի վրա։

Շատերը մազաթափության դեմ ինքնուրույն փորձում են վիտամիններ ընդունել, դիմակներ օգտագործել կամ տարբեր խնամքի միջոցներ կիրառել։ Սակայն այստեղ ևս, ըստ մասնագետի, կարևոր է հասկանալ՝ ինչի կարիք ունի օրգանիզմը։ «Պետք է ամեն ինչ ունենա իր իմաստը։ Եվ վիտամիններ խմելը, եթե կա դեֆիցիտ, ըստ անհրաժեշտության պետք է օգտագործվի։ Եթե չկա դեֆիցիտ, ապա մեծ դոզաներով վիտամիններ խմելը անիմաստ և ապարդյուն է, քանի որ ոչ մի ազդեցություն չի ունենալու և բերելու է հիասթափության»,– նշեց մաշկաբանը։

Մազաթափության վրա կարող են անդրադառնալ նաև մազերի հետ իրականացվող որոշ պրոցեդուրաներ։ Ներկումը, գունաթափումը, հաճախակի քիմիական միջամտություններն ու հարդարիչ սարքերի օգտագործումը ևս հարցեր են առաջացնում։ «Կան մազաթափության տեսակներ, որոնց վրա խիստ ազդեցություն կարող է ունենալ, և այստեղ պետք է հասկանալ՝ մազերի ներկելը բերում է գլխամաշկի գրգռվածության, թե ոչ»,– ասաց Լուսինե Ամիրխանյանը։

Իսկ ի՞նչ դնել աշնանային սննդակարգում, որպեսզի մազերն ավելի առողջ լինեն։ Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել սեզոնային սննդին։ «Որտեղ որ ապրում ես, ու այդ հողում ինչ աճում է և այդ սեզոնին ինչ բերք է աճում, պետք է սնվել այդ սեզոնով»,– նշեց մաշկաբանը։

Send