Մինչ իշխանությունները ողջ իրավապահ ու դատական համակարգը գործի են դրել իրենց ընդդիմադիր մրցակիցների հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով, Հայաստանի տարբեր մարզերի բնակավայրերում գտնվող գյուղերի բնակիչները փորձում են միայնակ պայքարել տարերային աղետի դեմ, որը նրանց անողոքաբար զրկում է ապրուստի միակ միջոցից։
Հիմա էլ բնության թիրախում են հայտնվել Արմավիրի մարզի մի շարք գյուղեր։
Նախօրեին ուժգին փոթորիկը, անձրևը, մի շարք տեղերում էլ կարկուտը րոպեների ընթացքում ոչնչացրել են գյուղացիների այգիների, մշակահողերի պտուղը, բանջարեղենը, ցանքատարածությունները, վնասել գյուղացիների տների, անասնագոմերի տանիքները, պատուհանները, անգամ արևային վահանակներ ու ավտոմեքենաները։
Այս մասին այսօր ահազանգել են Արմավիրի մարզի տուժած բնակավայրերի բնակիչները, որոնք փակել էին Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի ՀՀ կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը շտապ ներկայացնեն կարկուտից ու ուժգին քամուց տուժած բնակիչներին փոխհատուցելու հստակ ծրագիր։
Բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը սոցիալական անելանելի իրավիճակում են հայտնվել իրենց գրեթե ողջ բերքը կորցնելու հետևանքով, հիմա չգիտեն, թե ինչպես են փակելու բանկային վարկերը, ինչպես են հոգալու ընտանիքի հոգսերը և պատրաստվելու առաջիկա ձմռանը։
Ոմանք ասում էին, որ պարտադրված են լինելու թողնել գյուղատնտեսությունը և փորձել Երևանում որևէ վարձու աշխատանք գտնել, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղվելը երաշխավորված ու կայուն արդյունք չի տալիս։ Պետությունն էլ ապահովագրական համակարգ չունի մարդկանց պատշաճորեն տարերային աղետներից ու գյուղատնտեսության հետ կապված այլ սպառնալիքներից պաշտպանելու համար։ Իսկ այդպես երկրում աստիճանաբար կոչնչանա գյուղատնտեսական ոլորտը։ Այդպիսի միտում արդեն նկատվում է անասնապահության ոլորտում։ Շատերն են հրաժարվել Հայաստանում անասնապահությամբ զբաղվելուց, որովհետև այն այլևս ձեռնտու չէ։
Պետական համակարգային աջակցության բացակայության պայմաններում շուտով ընդհանրապես գյուղատնտեսությամբ զբաղվելը կդառնա աննպատակահարմար։ Գյուղացիները պահանջում են, որպեսզի իրենց աչքաթող չանեն և սրտացավորեն օգնեն հաղթահարելու իրենց պատուհասած աղետը։
Խնդրի առնչությամբ MediaHub-ը զրուցեց Արազափ գյուղի վարչական ղեկավար Մանվել Հարությունյանի հետ, որն էլ մեզ հավաստիացրեց, որ արդեն իսկ Մեծամոր համայնքը հանձնաժողով է ստեղծել, որն էլ այս պահին այցելում է տուժած բնակավայրեր ու գույքագրում գյուղացիների կրած վնասները, արձանագրում դրանց ծավալները, որից հետո հանձնաժողովի արձանագրությունը կուղարկվի Կառավարություն և Կառավարությունը որոշում կկայացնի աջակցություն տրամադրելու մասին։
Արազափի վարչական ղեկավարը ևս հաստատեց գյուղացիների մտահոգությունները, որ ուժգին քամին, կարկուտը հողին են հավասարեցրել գյուղացիների ամբողջ քրտնաջան աշխատանքը, անգամ որոշ ջերմոցներ են վնասվել, այնինչ գյուղում դա նրանց ապրուստի միակ միջոցն է, և հիմա բնակիչները ձեռնունայն են մնացել։ Ոմանց անգամ տան տանիքն է վնասվել, ինչն անհապաղ վերանորոգում է պահանջում։ Փոխհատուցումը նրանց հնարավորություն կտա դիմակայել այս փորձությանը և նորից վերակենդանացնել իրենց այգիներն ու բանջարանոցները։
200 տնտեսություն ունեցող Վարդանաշեն բնակավայրի վարչական ղեկավար Միհրան Հովհաննիսյանը MediaHub-ին տեղեկացրեց, որ տուժած գյուղացիներն արդեն բացել են ճանապարհը և դադարեցրել իրենց բողոքի ակցիան, քանի որ նրանց պահանջը բավարարվել է․
«Բնակիչներն անհամբեր էին, չսպասեցին մինչև համայնքի ղեկավարն ու ձևավորված հանձնաժողովի անդամներն այցելեն գյուղ, միանգամից ճանապարհ փակեցին։ Վախենում էին, անհանգստանում, որ իրենց խնդրին լուծում չեն տա, բայց համայնքի ղեկավարը դեռ երեկոյան տեղյակ էր խնդրից և հայտնել էր, որ հաջորդ օրն առավոտյան համայնքում է լինելու։ Բայց դե գյուղացիներին էլ կարելի է հասկանալ, քանի որ ամբողջ բերքը, նրանց մեկ տարվա եկամուտը հողին է հավասարվել»,- հայտնեց վարչական ղեկավարը՝ նշելով, որ այժմ տուժած բնակիչների վնասների գույքագրում և դրա չափի հաշվարկ է արվում, որից հետո կդիմեն Կառավարությանը։
Ըստ նրա՝ իրենց գյուղն ավելի շատ տուժել է ուժգին անձրևից և քամուց, որը տների տանիքներն է պոկել, էլեկտրասուները շուռ տվել, վնասել էլեկտրական լարերը։
Միհրան Հովհաննիսյանը հիշում է, որ դեռ 2024 թվականին իր ղեկավարած բնակավայրում կարկուտը վնասել էր այնտեղ աճեցվող խաղողը։ Նախորդ տարի Կառավարությունը փոխհատուցեց այդ բնակիչների վնասները և գյուղացիները գոհ մնացին։
Թագուհի Ասլանյան

Русский