MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որ այս տարի ծիրանի դեֆիցիտ կա։ Այս պահին ցոգոլի սեզոն է, սակայն, շուկաներում անգամ այդ ցոգոլը չկա։ Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք ծիրանի դեֆիցիտ կա․ թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ։
«Այս տարի ծիրանի բերքը բավականին քիչ է, փոշոտման ժամանակ անձրև եկավ, չթողեց փոշոտում լինի, և շատ տեղեր թեթև ցրտահարություն էլ է եղել, ինչի պատճառով այս տարի ծիրանի բերքը քիչ է»,- նշեց Մնացականյանը։
Հարցին, թե արդյոք այս տարի ծիրանը թանկ կլինի դեֆիցիտի պատճառով, գյուղատնտեսը պատասխանեց․ «Կախված է արտահանումից, եթե արտահանման խնդիր չլինի, որոշակի առումով գինը բարձր կլինի, եթե արտահանման խնդիրներ առաջանան՝ չէ։ Համարյա բոլոր շրջաններում է խնդիրն եղել, Արմավիրում հիմնական անձրևի պատճառով չի եղել, Արտաշատում նույնպես, իսկ Կոտայքի մարզում ցրտահարությունն է եղել»։
Իսկ այս տարվա կանխատեսումները ինչպիսի՞ն են. բերքի թանկացումներ լինելո՞ւ են, գյուղատնտեսը ներկայացրեց. «Թանկացումներ արդեն կան՝ 7-8 %-ի չափով։ Անցած տարվա համեմատ ամեն ինչ թանկացել է, օրինակ՝ ցանկացած գյուղմթերք, ձվից սկսած, տավարի մսով, գառան մսով վերջացած։ Մենակ, երևի, խոզի միսը չի թանկացել։ Տավարի միսը 4200 է դարձել, անցած տարվա 3400-ի համեմատ։ Ձուն էլ է բավականին թանկացել, ձվի թանկացման պատճառը չեմ հասկանում, չգիտեմ, իսկ տավարի միսն արդեն դեֆիցիտի հետ է կապված. գյուղացիները չեն ուզում գյուղատնտեսությամբ զբաղվել, նպաստավոր պայմաններ չկան, դրա համար հրաժարվել են»։
Մարիաննա Արամյան

Русский