Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞ր ուժն է արդյունավետ աշխատում, ո՞րը՝ հին մեթոդներով. մասնագետների գնահատականը

Blog Image

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է չորս օր առաջ, և դեռևս վաղ է վերջնական գնահատական տալը, սակայն արդեն նկատվում են տարբեր քաղաքական ուժերի դիրքավորումներն ու կիրառվող մարտավարությունները։

Որոշ ուժեր ակտիվ քարոզչություն են իրականացնում, մյուսները դեռևս պասիվ փուլում են և կարծես չեն շտապում ամբողջ ծավալով մտնել պայքարի մեջ։

Քարոզարշավի ընթացքի և քաղաքական ուժերի պայքարի արդյունավետության մասին MediaHub-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, ով այս քարոզարշավի արդյունավետությունը գնահատվում է կոմպլեքս, այլ ոչ թե հանգամանքով, թե որ ուժն ինչ քայլ է անում։

«Խնդիրը այն չէ, թե որ ուժն ինչ քայլ է անում։ Արդյունավետությունը գնահատվում է կոմպլեքս՝ թե որ ուժն է ավելի ճիշտ ներկայացնում իր ասելիքն ու առաջարկը։ Այս պահի դրությամբ, եթե լիարժեք դիտարկենք, ոչ մի ուժ ամբողջական ու ճիշտ քարոզչություն չի իրականացնում, որովհետև լիարժեք չեն ներկայացնում իրենց ընտրազանգվածի պահանջածը։

Ճիշտ է՝ քարոզարշավը պաշտոնապես այսօր է մեկնարկել, բայց փաստացի այն ավելի վաղ էր սկսվել։ Այս պահին ընդամենը երկու ուժ կա՝ ՔՊ-ն և Ազգային ժողովրդավարական բևեռը, որոնք ինչ-որ կերպ ներկայացնում են Հայաստանի ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումը։ ՔՊ-ն ներկայացնում է խաղաղ Հայաստան՝ հարևանների հետ չպատերազմող, այս սահմանների մեջ ապրող պետություն։ Ազգային ժողովրդավարական բևեռը ներկայացնում է մեծ սահմաններով Հայաստան և ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող պետություն։ Պարզապես Ազգային ժողովրդավարական բևեռն այդ պատկերացումն ավելի թույլ է ներկայացնում, իսկ ՔՊ-ն՝ ավելի որակով։

Երկուսն էլ ապագայի ինչ-որ պատկեր են տալիս՝ մեկը ավելի որակյալ, մյուսը՝ քիչ։ Իսկ մյուս քաղաքական ուժերը հիմնականում զբաղված են ՔՊ-ին քննադատելով, ինչը արդեն մարդկանց ձանձրացնում և զզվացնում է։ Իրենց թվում է՝ եթե քննադատեցին ՔՊ-ին, ապա ընտրողներից ձայներ կստանան, բայց այդպես չի լինում։ Դու պետք է ընտրողին գրավիչ ինչ-որ բան առաջարկես։

Մնացած ուժերը գրավիչ ապագա չեն ներկայացնում՝ բացառությամբ մեկ-երկու կետի, օրինակ՝ հարյուր հազարավոր աշխատատեղերի խոստումների, որոնք, իմ կարծիքով, արդյունք չեն տալու։ Կան ուժեր, որոնք մարզեր են գնում, հանդիպում մարդկանց հետ, և դա ճիշտ քայլ է։ Բայց դա պետք է լինի համալիր աշխատանքի մաս․ հանդիպելիս պետք է ներկայացնես այնպիսի երկիր, որտեղ մարդիկ կուզենան ապրել, ոչ թե պարզապես գնաս ու ասես՝ «լավ տղա եմ, եկեք ինձ ընտրեք»։ Սա «բիսեդկայի» խոսակցություն չէ»,- ասաց քաղտեխնոլոգը։

Հարցին՝ քարոզարշավի ընթացքում արդյոք կարող է փոխվել պատկերը, Բադալյանը պատասխանեց․ «Մի քանի ամիս է՝ քարոզարշավը փաստացի սկսվել է, և նույն սխալներն այս ամբողջ ընթացքում շարունակվում են։ Այս պահի դրությամբ ոչինչ չի փոխվել․ նույն գորշ ոճն է։ Իսկ գորշությունը մարդկանց տեղամաս չի տանում, մարդկանց տանում է վառ լույսը։ Եթե նույն կերպ շարունակեն, բոլոր ուժերը պետք է հիշեն, որ շահող է դուրս գալու ՔՊ-ն»։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ էլ էֆեկտիվ են աշխատում «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան դաշինք»-ը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

«Լավ էֆեկտիվ աշխատում է «Ուժեղ Հայաստան»-ը՝ փորձելով հնարավորինս բազմազան լինել։ Իրենք փորձում են աշխարհագրական տեսակետից հնարավորինս լցնել Հայաստանն իրենց ներկայությամբ և փորձում են նաև ավելի կրեատիվ գործել՝ չսահմանափակվելով ավանդական հանրահավաքային տրամաբանությամբ։ «Հայաստան դաշինք»-ը բավականին զուսպ, ավանդական և իրեն բնորոշ քաղաքականություն է վարում։ ՔՊ-ն նույն ոճի մեջ է աշխատում 8 տարի շարունակ։ Նրանք օրակարգ են լցնում, եթե պետք է պեռաշկի ուտել, պեռաշկի են ուտում, ընդ որում այնպես են ուտում, ինչպես կուտեր ցածր ինտելեկտ ունեցող զանգավծը։ Ազգային ժողովրդավարական բևեռը չես կարող համեմատել ՔՊ-ի հետ, քանի որ Բևեռն էլ ունի շատ հստակ ազգային գաղափարախոսություն։ «Բարգավաճ Հայաստան» կուսասկցությունը լավ գիտի, թե որտեղ է իր ընտրազանգվածը և հենց այնտեղ է գնում, աշխհագրորեն չի տարածվում»,- նշեց Վիգեն Հակոբյանը։

Ալիտա Եղիազարյան

Send