Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

3 պարտադիր քայլ՝ ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտների համար

Blog Image

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանը հետևողականորեն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը՝ առավել խիստ վերահսկողություն սահմանելով օտարերկրացիների նկատմամբ։

Այս փոփոխություններն առաջին հերթին անդրադառնում են աշխատանքային միգրանտների վրա, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների։ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միգրացիոն հարցերով փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը ներկայացրել է, թե այսօր ինչ սահմանափակումներ ու պահանջներ են գործում Ռուսաստանում, և ինչ քայլեր պետք է ձեռնարկեն միգրանտները՝ օրենքի շրջանակում մնալու համար։

«Հայկական Կարիտասը» միջազգային գործընկերների հետ իրականացնում է տարածաշրջանային ծրագիր, որի նպատակն է աջակցել Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտներին։ Ծրագրի շրջանակում տրամադրվում է նախամեկնումային խորհրդատվություն, ինչպես նաև իրավաբանական աջակցություն։

«Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում և Տաջիկստանում։ Ծրագրին մասնակցող կազմակերպությունները նաև Ռուսաստանում գործող իրավաբանների ցանց ունեն, որոնք տեղում աջակցում են իրենց քաղաքացիներին։ Եթե խոսքը վերաբերում է վարչական իրավախախտման հետևանքով առաջացած խնդիրներին, կազմակերպությունը կարող է պաշտպանել միգրանտի իրավունքները նույնիսկ դատարանում։ Սակայն քրեական գործերով աջակցություն չի տրամադրվում»,- ասաց փորձագետը։

Բեժանյանի խոսքով՝ իրենց հիմնական առաքելությունն այն մարդկանց պաշտպանելն է, որոնց իրավունքները խախտվել են, այլ ոչ թե նրանց, ովքեր իրենք են խախտել օրենքը։ Ծրագրի շահառուներն են Ռուսաստանում գտնվող կամ այնտեղ աշխատանքի մեկնող միգրանտներն ու նրանց ընտանիքները։ Կարևոր ուղղություններից է նաև միգրացիոն օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ հանրային իրազեկումը։

Բեժանյանի գնահատմամբ՝ 2022 թվականից հետո Ռուսաստանը միգրացիոն քաղաքականության խստացումները հիմնավորում է անվտանգության նկատառումներով։ Ռուսական կողմը փորձում է առավել վերահսկելի դարձնել երկրում գտնվող օտարերկրացիների տեղաշարժը, զբաղվածությունը և կապերը՝ հատկապես պատերազմի համատեքստում։

Փորձագետը նշում է, որ 2025 թվականի փետրվարի 5-ից ռուսաստանյան ոստիկանությունը լրացուցիչ լայն լիազորություններ է ստացել։ Եթե իրավապահները նույնիսկ փոքր կասկած ունենան, որ օտարերկրացին կարող է վարչական կամ այլ խախտում թույլ տված լինել, նրան կարող են մինչև 48 ժամով պահել և ստուգումներ իրականացնել։ Եթե հաստատվի խախտման փաստը, արտաքսման որոշումը կարող է ընդունվել առանց դատարանի միջամտության։

Տաթեւիկ Բեժանյանի խոսքով՝ արդեն արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ օտարերկրացիները Ռուսաստանից հեռացվել են նույնիսկ վարչական խախտումների պատճառով։ «Խստացումները վերաբերում էին նաև բեռնափոխադրող վարորդներին։ Նախկինում, եթե նրանք մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում գտնվել էին 90 օրից ավելի, կարող էին խնդիրների առաջ կանգնել։ Սակայն ապրիլի 27-ին Ռուսաստանի կառավարությունը որոշեց այդ ժամկետը հասցնել 180 օրվա, և փոփոխությունն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից»։

Բեժանյանը նշում է, որ ինքը ծանոթ է տասնյակ դեպքերի, երբ մարդկանց մուտքը Ռուսաստան արգելվել է հինգ տարով միայն մի քանի օր ժամկետը գերազանցելու պատճառով։

Փորձագետը խոսում է նաև վերահսկվող անձանց ռեեստրի մասին, որտեղ հայտնված օտարերկրացիների իրավունքները խիստ սահմանափակվում են։ Ռեեստրում ընդգրկվելու դեպքում հնարավոր է բանկային հաշիվների արգելափակում, պետական ծառայություններից զրկում, աշխատանքային պայմանագրի երկարաձգման անհնարինություն, ինչպես նաև ամուսնության կամ երեխայի ծննդի գրանցման խնդիրներ։

Փորձագետն ասում է, որ երբեմն մարդիկ որևէ ակնհայտ խախտում չունեն, սակայն միևնույն է, հայտնվում են այդ ցուցակում։ Նրա դիտարկմամբ՝ դիմած անձանց զգալի մասը նման իրավիճակում է եղել առանց հստակ իրավախախտման։ «Այնուամենայնիվ, ռեեստրից դուրս գալու տարբերակներ կան։ Դրանցից մեկն այն է, որ անձը լքի Ռուսաստանի տարածքը։ Սահմանը հատելուց հետո, երբ տվյալները թարմացվում են, հնարավոր է, որ անձը հեռացվի ռեեստրից և կրկին հնարավորություն ստանա օրինական կերպով մուտք գործելու երկիր։ Հաճախ խնդիրների պատճառ է դառնում աշխատավարձի անհամապատասխանությունը։ Օրինակ՝ աշխատանքային պայմանագրում կարող է նշված լինել մի գումար, մինչդեռ բանկային քարտին փոխանցվում է ավելի մեծ չափի աշխատավարձ։ Այս տեղեկատվությունը փոխանցվում է վերահսկող մարմիններին, և անձը ստիպված է լինում բացատրել տարբերությունը», - ասաց նա։

Այսօրինակ անհամապատասխանությունները կարող են ոչ միայն ռեեստրում հայտնվելու պատճառ դառնալ, այլ նաև քրեական գործի հիմք հանդիսանալ։ Այդ պատճառով միգրանտներին խորհուրդ է տրվում ունենալ իրական աշխատավարձին համապատասխան ձևակերպված պայմանագիր։ Ըստ փորձագետի՝ խնդիրներ կարող են առաջանալ նաև այն դեպքում, երբ անձի ֆինանսական փոխանցումները, օրինակ՝ Հայաստան ուղարկվող գումարները, ակնհայտորեն գերազանցում են պայմանագրում նշված եկամուտը։

«Ռուսաստան աշխատանքի մեկնող Հայաստանի քաղաքացիները, որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացիներ, մուտքից հետո 30 օրվա ընթացքում պետք է իրականացնեն երեք պարտադիր քայլ։ Առաջինը՝ հաշվառվել իրենց փաստացի բնակության հասցեում, եթե նախատեսում են երկրում մնալ ավելի քան 30 օր։ Երկրորդը՝ անցնել բուժզննում։ Այն իրականացվում է վճարովի հիմունքներով և ներառում է վարակիչ հիվանդությունների ստուգում ու նարկոլոգիական հետազոտություն»։

Բեժանյանի խոսքով՝ վերջին շրջանում աճել են դեպքերը, երբ հենց բուժզննման արդյունքների հիմքով մարդկանց նկատմամբ անժամկետ մուտքի արգելք է սահմանվում։

Նա պարզաբանում է, որ տուբերկուլյոզի և սիֆիլիսի դեպքում հնարավոր է բուժում անցնելուց հետո վերականգնել մուտքի իրավունքը, սակայն ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի կամ թմրանյութերի առկայության դեպքում սահմանվում է անժամկետ արգելք։ «Երրորդ պարտադիր քայլը աշխատանքային պայմանագրի կնքումն է։ Փոփոխություններ են կատարվել նաև միգրացիոն քարտերի համակարգում։ Եթե նախկինում միգրացիոն քարտը տրվում էր անժամկետ, ապա 2025 թվականի հունվարի 1-ից այն գործում է միայն 90 օր։ Եթե օտարերկրացին նախատեսում է Ռուսաստանում մնալ ավելի երկար և ունի համապատասխան հիմքեր, ապա պետք է դիմի տարածքային ծառայություն՝ քարտի վրա հատուկ կնիք ստանալու համար»,- ընդգծում է փորձագետը։

Տաթեւիկ Բեժանյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ շատ դեպքերում միգրացիոն ծառայությունների աշխատակիցները պարզապես չեն տեղեկացրել կամ չեն դրել անհրաժեշտ կնիքը, ինչի հետևանքով մարդիկ հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում և կանգնել արտաքսման վտանգի առաջ։

Հունան Թադևոսյան

Send