Վերջին օրերին երևանցիները դժգոհում են, որ քաղաքը բառացիորեն ողողված է մլակներով։ Քաղաքացիների շրջանում մտահոգություններ կան, թե խնդիրը կապված է չսրսկված ծառերի հետ, իսկ միջատների ակտիվությունը կարող է վնասել թե՛ բուսականությանը, թե՛ մարդկանց առողջությանը՝ ալերգիկ ռեակցիաներից մինչև վարակներ փոխանցելով։
MediaHub-ը փորձել է հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված միջատների կտրուկ ակտիվացումը, արդյո՞ք ծառերի սրսկման աշխատանքները պատշաճ իրականացվել են և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը վերահսկելու համար։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ երևանցիների նկատած միջատների ակտիվությունն ուղղակիորեն ծառերի չսրսկվելու հետևանք չէ։
«Մլակները ծառերի հետ որպես այդպիսին կապ չունեն, հիմնական պատճառը խոնավ եղանակն է։ Սակայն թեղու որոշ ծառատեսակներ շիրա են արձակում, ինչպես նաև դրանցից որդ ու բլոճ է թափվում, և այդ պայմաններում միջատները տեղափոխվում են դեպի այդ ծառերը՝ հատկապես շիրայի պատճառով»,- MediaHub-ին ասաց Բեգոյանը։
Նրա խոսքով՝ Երևանում ծառերի սրսկման աշխատանքները մեկնարկել են դեռ մարտի վերջից։
«Կաղնիների դեպքում արդեն տեսանելի արդյունք ունենք․ դրանք հիվանդություններ ունեին, և այս պահին հնարավոր է եղել վերահսկել իրավիճակը։ Կենտրոն վարչական շրջանում սրսկումն իրականացվել է երեք անգամ, մյուս վարչական շրջաններում՝ երկու անգամ»,- նշեց նա։
Բեգոյանի խոսքով՝ իրավիճակի բարդացման պատճառներից են նաև շարունակական անձրևները։
«Անընդհատ անձրևային եղանակ է, իսկ սրսկումից հետո կիրառվող նյութը պետք է առնվազն 24 ժամ մնա ծառերի վրա։ Անձրևը լվանում է քիմիական նյութը, ինչի հետևանքով սրսկման արդյունավետությունը նվազում է։ Մենք կրկին սրսկում ենք, սակայն անձրևները նորից լվանում են դեղանյութը»,- ասաց նա։
ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ խնդիրը խորացնում են նաև հիվանդ թեղիները, որոնք շիրա են արտադրում և գրավում միջատներին։ «Այդ ծառերի դեմ պայքարել հնարավոր չէ․ դրանք ենթակա են փոխարինման»,- ընդգծեց Բեգոյանը։
MediaHub-ը հետաքրքրվեց նաև մի քանի ամիս առաջ Պարոնյան, Ամիրյան և հարակից փողոցներում իրականացված ծառափոխման արդյունքներով։ Բեգոյանի գնահատմամբ՝ ընթացքը «արտակարգ» է։ «Պարոնյան փողոցում տնկված մեծասաղարթ ծառերը մեկ ամիս անց արդեն ավելի զարգացած են, քան նախկին հատված, փտած ու անսաղարթ ծառերը։ Ունենք 100 տոկոս կպչողականություն՝ գեթ մեկ ոչ կենսունակ ծառ չենք արձանագրել։ Ամիրյանում տնկված ծառերն էլ առաջիկայում կունենան մինչև 15-20 մետր սաղարթ, այս տարի ևս նկատելի աճ և լավ սաղարթավորում կլինի»,- նշեց նա։

Русский