Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանը ևս վախեցած է, որ գազը կթանկանա

Blog Image

Հայաստանի իշխանությունների վարած անհավասարակշիռ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ սկսել է կոշտ հակադարձումների արժանանալ՝ Հայաստանի համար վտանգավոր ռուսաստանյան որոշումներով ու քայլերով։

Աստիճանաբար ավելի ու ավելի է ընդլայնվում հայկական այն արտադրանքների ցանկը, որոնք Ռուսաստանը տարբեր պատրվակներով՝ հիմնականում սահմանված չափորոշիչների խախտման անվան տակ, թույլ չի տալիս ներմուծել իր երկիր և վաճառել Ռուսաստանի քաղաքացիներին։

Արդեն սև ցուցակում են հայտնվել հայաստանյան այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Ջերմուկ գրուպը», Պռոշյանի կոնյակի գործարանը, «Վեդի Ալկոն»։ Ռուսաստանի զայրույթը չի շրջանցել նաև հայ գյուղատնտեսներին ու ծաղկաբույծներին, որոնց համար ևս ապրանքների ներմուծման սահմանափակումներ են կիրառվել։ Չուշացան նաև ռուսական գազի գինը վերանայելու մասին ռուսական պաշտոնական նախազգուշացումները, և եթե մինչև վերջերս մեզանում փորձագիտական շրջանակներից էին այդ մասին մտավախություններ լսվում, ապա հիմա պաշտոնական Մոսկվան անգամ գործնական քայլերի է անցել՝ Հայաստանին լուրջ այլընտրանքի առաջ կանգնեցնելով։ Օրեր առաջ՝ մայիսի 25-ին, ՌԴ էներգետիկայի նախարարությունը նամակ է հղել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որում Հայաստանը նախազգուշացվել է, որ ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների՝ առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։
 
«Շարունակվող գործնական քայլերը կապված Հայաստանի՝ ԵՄ գործակցության խորացման հետ և Հայաստանի կառավարության ԵՄ անդամակցության ձգտումները հարվածի տակ են դնում ռուս-հայկական բարձր մակարդակի վրա գտնվող առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, որի հիմքերից են երկկողմանի միջազգային պայմանագրերը»,- նշված է նամակում։
 
ՌԴ էներգետիկայի նախարարը հստակեցրել է, որ Հայաստանի՝ ԵՄ մուտք գործելու փորձերը չեն համապատասխանում երկու երկրների և երկու երկրների տնտեսվարողների միջև փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահավետության հիմքի վրա տասնամյակներով ձևավորված հարաբերությունների բնույթին, այդ թվում նսեմացնում են ՌԴ կողմից բազմաթիվ անգամներ ձեռնարկված քայլերը՝ հոգալու Հայաստանի կենսական կարևորության կարիքները արտոնյալ պայմաններով։

Նկատենք, որ Ռուսաստանն այս դեպքում չի նշել, որ կսպասի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը ի վերջո կողմնորոշվի՝ մտնո՞ւմ է ԵՄ, թե չի մտնում։ Ռուսական կողմը նակամով փաստացի նշել է, որ ՀՀ իշխանությունների քայլերը խոշորացույցի տակ են լինելու, և եթե մեր իշխանությունները շարունակեն եվրոպական սիրավեպը ավելի խորացնել՝ քայլեր ձեռնարկելով ԵՄ-ում ընդգրկվելու ուղղությամբ, ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացման ուղղությամբ, Եվրամիության երկրների հետ միջազգային գործընկերության և համագործակցության պայմանագրեր կնքելով, Ռուսաստանի դեմ արևմտյան նախաձեռնություններին միանալով... և այլն, անկախ այն բանից՝ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից, թե ոչ, Ռուսաստանը նախազգուշացումներից կանցնի ավելի լուրջ, գործուն քայլերի։  
 
Նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է լրագրողների հետ զրույցում հայտարարել, թե ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է վերանայվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Հայաստանին տրամադրված արտոնությունները Ռուսաստանի ներդրումների հաշվին են արվել։ Ինչ վերաբերում է գազի համաձայնագրի հնարավոր չեղարկմանը կամ վերանայմանը, ըստ Պեսկովի դա պետք է քննարկվի «Գազպրոմ» ռուսական ընկերության հետ, որը զբաղվում է Հայաստան գազի մատակարարմամբ և բաշխմամբ։ Նման նախազգուշացումներ հնչեցին նաև ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերից։ Ասել է թե պաշտոնական Մոսկվան վճռական է տրամադրված ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը այդ ձևով հակազդելու համար։ Վերջին հաշվով Մոսկվայի դիրքորոշումն ընկալելի է այն առումով, որ Հայաստանի համար արտոնյալ գինը միայն ՌԴ ռազմավարական գործընկեր լինելու շնորհիվ է եղել, և եթե հիմա պաշտոնական Երևանը հետ է վանում այդ գործընկերոջ ձեռքը, հասկանալի է, որ գազի գինն էլ այլևս չի կարող գործընկերային լինել։

Տնտեսագետ, վերլուծաբան Գագիկ Մակարյանը, MediaHub-ի հետ զրույցում մեկնաբանելով ՌԴ էներգետիկայի նախարարության նամակը Հայաստան՝ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների՝ առանց մաքսատուրքի մատակարարման համաձայնագիրը չեղարկելու վերաբերյալ, պարզաբանել է, որ Ռուսաստանը լիովին կարող է նման քայլի գնալ՝ օգտվելով այն հանգամանքից, որ գազի և այլ ռազմավարական կարևորության ապրանքների առքուվաճառքի պայմանագրերը Հայաստանը Ռուսաստանի հետ է կնքել՝ երկկողմանի են և կապ չունեն ԵԱՏՄ-ի համաձայնագրերի հետ․ «Ռուսաստանը  ցույց է տալիս, որ իրենց համբերության բաժակը լցվել է, և մեր պահվածքն իրենց բոլորովին չի գոհացնում։ Եթե Ռուսաստանն օգտվի այն հանգամանքից, որ իր երկկողմանի պայմանագիրը չի հակասում ԵԱՏՄ-ի պահանջներին, որոնց համաձայն՝ քանի դեռ մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք եկել, առիթ չկա, որ ԵԱՏՄ-ի արտոնությունները մեզ վրա չտարածվեն, ապա կարող է այդ պայմանագրով նախատեսված արտոնությունները միակողմանի չեղարկել, ինչը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության և քաղաքացիների կենսամակարդակի վրա»։

Տնտեսագետը կասկածում է, որ պետությունը այդ դեպքում կկարողանա սուբսիդավորել թանկացած գինը՝ մինչև այլընտրանք գտնելը։
 
Հարցին՝ պայմանագրով Ռուսաստանն արդյոք կարո՞ղ է այն միակողմանիորեն խզել, Գագիկ Մակարյանն ասաց, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանի կամքից։ Անգամ եթե պայմանագրով նման բան նախատեսված չէ, ՌԴ-ն կարող է դա անել՝ վստահ լինելով, որ որևէ պատասխանատվություն դրա համար չի կրի։ Եթե անգամ այդ գործընթացը խախտումով լինի, Հայաստանը չի կարողանա միջազգային արբիտրաժային դատարաններ դիմել Ռուսաստանի դեմ, որովհետև Ռուսաստանը հաշվի չի առնի նման դատարանների որոշումները՝ հաշվի առնելով այսօր ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը։ Այդ իրավիճակում Ռուսաստանը որևէ ձևով կաշկանդված չէ նման կառույցների որոշումներով։
 
Արդյո՞ք էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար Հայաստանը կկարողանա կարճ ժամկետում ռուսական գազին այլընտրանք գտնել։ Այսօր հատկապես իշխանական շրջանակներից շատ են խոսում իրանական, անգամ ադրբեջանական գազի մասին։ Որքանո՞վ է իրատեսական ռուսական գազը դրանցով փոխարինելու հնարավորությունը։ Գագիկ Մակարյանի պարզաբանմամբ՝ ռուսական գազն իրանականով փոխարինելը հեռու ապագայում միայն հնարավոր տարբերակ կարող է լինել, քանի որ մի ամբողջ նոր համակարգ պետք է կառուցվի իրանական գազի տեղափոխման համար․ «Հիմա նման բան հնարավոր չէ։ Հայաստանն այսօր Իրանից գազ է ստանում՝ այստեղ սպառվող գազի գրեթե 20 տոկոսը։ Այդ ծավալները մինչև 100 տոկոսով ավելացնելու համար Իրանի հետ հարկավոր է նոր հզոր հոսքագիծ կառուցել։ Իսկ դա և՛ բավականին ծախսատար է և՛ բավականին ժամանակատար»։
 
Ինչ վերաբերում է ադրբեջանական գազին, ապա տնտեսագետի հավաստմամբ՝ այդ պետությունը գազի այդքան ռեսուրս չունի, որ կարողանա նաև Հայաստանի կարիքներն ապահովել։ Մյուս կողմից էլ ամենևին ցանկալի չէ, որ Ադրբեջանից Հայաստանը էներգետիկ կախվածության մեջ հայտնվի՝ հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Ադրբեջանի տրամադրվածությունն ու վերաբերմունքը։

Գագիկ Մակարյանը պարզաբանեց, որ նաև գազատարի ցանցի հետ կապված Հայաստանը կախվածություն ունի ռուսական ընկերությունից, քանի որ թե՛ մինչև Հայաստան եկող, թե՛ Հայաստանի ներսում գազամատակարարման ցանցն ամբողջությամբ պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, այլ ոչ թե մեր պետությանը։
 
«Գազպրոմ Արմենիան» այդ ընկերությանը պատկանող դուստր ձեռնարկություն է։ Եվ այդ ընկերությունը կարող է հրաժարվել իր ստեղծած ցանցը Հայաստանի կարիքների համար տրամադրելուց։

Այս դեպքում Ռուսաստանի հետ բանակցելու և այդ լարվածությունը վերացնելու խնդիր ունեն ՀՀ իշխանությունները։ Ի դեպ, երեկ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այդ խնդրին, հայտարարեց, թե Երևանը Մոսկվայի հետ բոլոր հարցերը, այդ թվում՝ գազի հնարավոր գնային փոփոխությունների շուրջ քննարկումները, պատրաստվում է լուծել հանգիստ ճանապարհով։
 
«Մեր ռազմավարությունը մնում է նույնը՝ մենք մեր ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի կաշխատենք և մեր բոլոր խնդիրները կլուծենք»,- հայտարարել է վարչապետը։ Եթե այլ հարցերում Փաշինյանը հոխորտում ու մատ է թափ տալիս իր համար խնդիրներ առաջացնող կողմերի վրա, բացառությամբ Ադրբեջանի, ապա այս դեպքում նրա խոնարհությունը մտածելու տեղիք է տալիս, որ նա ևս այս պահին լուրջ խնդիր է համարում Ռուսաստանի կողմից գազը թանկացնելու հավանականությունը և ինքն էլ ժողովրդին առաջարկելու այլընտրանք չունի։

Թագուհի Ասլանյան

Send