2026 թվականի համապետական ընտրությունների քարոզարշավի փուլը դեռևս չսկսված՝ ՔՊ իշխանական թիմը աշխուժորեն լծվել է տարատեսակ նախաձեռնություններով, օրենսդրական փոփոխություններով հանրության տարբեր շերտերին սիրաշահելու և նրանց քվեները ստանալու միջոցով ընտրություններում իրենց հաղթանակն ապահովելու գործին։ Դատելով այդ նախաձեռնությունների ծավալից ու ֆինանսական ներդրումներից՝ կարելի է եզրակացնել, որ իշխանությունները խուճապի մեջ են և վստահ չեն, որ նախկին տարիներին իրենց քայլերը կարող են ապահովել ՔՊ վերարտադրությունը։
Հակառակը, ամենայն հավանականությամբ, ներքին հարցումներով ու հանրային տրամադրությունները շոշափելով՝ իշխանությունները հասկացել են, որ իրենց վարած ներքին և արտաքին քաղաքականությունը հիասթափեցրել է ժողովրդին, և իրենք այլևս երբեմնի վստահությունն ու հանրային համակրանքը չեն վայելում։ Եվ գործի է դրվել ծանր հրետանին՝ բյուջեից անխնա վատնումները, ինչը մոտ ապագայում երկիրը կարող է կոլապսի առաջ կանգնեցնել։ Իշխանության այդ նախաձեռնությունները հանրային ընկալման մեջ որպես ընտրակաշառք են դիտարկվում, որի համար, ի դեպ, վճարում են ոչ թե իշխանավորներն իրենց գրպանից կամ «իրենց աթոռին պահող հովանավորների» տրամադրած գումարներից, այլ հանրությունը, որի վճարած հարկերի հաշվին է նաև գոյանում պետական բյուջեն։
Եվ փոխանակ պետական ծրագրերը կյանքի կոչելուն և պետական համակարգը կայուն պահելուն այդ գումարները Փաշինյանը որոշել է ծախսել քվեներ «գնելու» համար։
Նախընտրական ենթադրյալ կաշառքի առաջին դրսևորումը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումն է։ «Հայաքվե» ԱՔՄ վարչության անդամ, հանրային գործիչ Արեգ Սավգուլյանը MediaHub-ի հետ զրույցում, անդրադառնալով ընտրություններից առաջ իշխանական նման շռայլություններին, ասաց, որ համակարգը հապշտապ ներդրվեց՝ առանց պիլոտային լուրջ փորձարկումների, այնինչ բազաների անճշտության, բժշկական հիմնական ծառայությունների ամբողջացման և այլ խնդիրներ կան։
«Հիմնական նպատակն այն է, որ նախընտրական ժամանակահատվածում իշխանությունները մի քանի պոպուլիստական թվեր ցույց տան, թե, օրինակ, թոշակառուն ստանում է 4 միլիոն դրամի անվճար բժշկական օգնություն, մի բան, որ ՀՀ ողջ պատմության ընթացքում նախադեպ չի ունեցել»։
Հաջորդիվ կենսաթոշակների բարձրացումն էր։
«Մի գիշերվա մեջ որոշում կայացվեց, որ թոշակները ապրիլի 1-ից բարձրացնելու են 10 000 դրամով։ Իշխանության հիմնավորումը, թե տնտեսական աճի շնորհիվ գումար է գեներացվել, ինչն էլ նպատակաուղղվելու է թոշակների բարձրացմանը, սնամեջ են։ Հերիք չէ թոշակները բարձրացնում են, պահպանում են նաև 20 տոկոս հետվճարի համակարգը, որը չափազանց խոցելի է։ Բայց դա իրենց թույլ է տալիս հայտարարել, թե իրենց օրոք միջինացված թոշակը զգալիորեն բարձրացել է՝ 46 000-ին ավելացել է հետվերադարձի 10 000-ը և ևս 10 000 դրամ առանց որևէ պայմանի բարձրացում է սպասում։ Ոչինչ, որ այդ գումարը հսկայական բեռ է դառնալու բյուջեի համար այս և հաջորդ տարիների համար։ Այդ նպատակով բյուջեից 80 միլիարդից մինչև 100 միլիարդ դրամ ավելի գումար անհրաժեշտ կլինի սոցիալական վճարումներին հատկացնել։ Եթե սրան ավելացնենք առողջության ապահովագրության համար թոշակառուներին հատկացվող բյուջեն՝ անգամ, եթե նրանցից յուրաքանչյուրը մեկ միլիոն դրամի սպասարկումից օգտվի, ապա հսկայական գումար է ստացվում։ Եթե միայն թոշակառուներին ուղղված այս բոլոր նախընտրական խոստումներն ու նախաձեռնությունները ֆինանսական արտահայտությամբ ներկայացնենք, ապա բյուջեի զգալի մասը պետք է ուղղվի դրանց իրականացման համար։ Եվ սա դեռ սկիզբն է։ Քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց իշխանությունն արդեն այնպիսի սոցիալական ծրագրեր է նախաձեռնել ու խոստացել, որ դրանք կիրականացնի, որ համապետական ընտրություններից հետո երկիրը կարող է կանգնել ֆինանսական կոլապսի առաջ»,- նշեց մեր զրուցակիցը։
Իշխանական հաջորդ «ընտրակաշառքը» հայտարարագրման համակարգում հայտարարագրված հարկվող գումարի շեմի բարձրացումն էր։ Եթե մինչև այդ նախատեսված էր հարկել միանվագ ստացված 300 000 դրամից ավելի ֆինանսական հոսքերը ընտանիքի անդամ չհանդիսացող անձանցից, ապա հիմա չհարկվող գումարի շեմ է սահմանվել մեկ միլիոն դրամը՝ չհարկվող շեմը գրեթե եռապատկվել է։ Փոփոխությամբ չեն հայտարարագրվի նաև վարկերը՝ առանց գումարային որևէ սահմանափակման։
Իշխանական «կաշառատվության» գործին է լծվել նաև Երևանի քաղաքապետարանը՝ հայտարարելով, թե մայիսի մեկից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով։ Արեգ Սավգուլյանի դիտարկմամբ՝ միայն Երևանում համայնքային մանկապարտեզների աշխատողներն ազդեցիկ ընտրազանգված են իրենց թվով։ Իսկ եթե հաշվի առնենք այն մարդկային ռեսուրսը, որի հետ շփվում են այդ աշխատակիցները, ապա իշխանության խաղադրույքները կարող են խոստումնալից լինել։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին քվեներ ապահովելու գործում ևս դերեր են հատկացվել։ Գևորգ Պապոյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով աչքալուսանք տվեց՝ ապրիլի մեկից էլեկտրամոբիլների գույքահարկը կտրուկ իջեցնելու կապակցությամբ՝ մոտ եռակի։ Ավելի վաղ արդարադատության նախարարն էր հայտնել, որ մինչև 300 հազար դրամը չգերազանցող ակտը, եթե վճռվել է հօգուտ քաղաքացու, այլևս վարչական վերաքննիչ դատարանում չի կարող բողոքարկվել։
Արեգ Սավգուլյանը համարում է, որ սրանք էլ այլ թիրախային խմբերի քվեների ներգրավման փորձ է իշխանության կողմից։
«Նախարարությունները լծված են հանրության սոցիալակեպես խոցելի և միջին ու միջինից բարձր դասերին սիրաշահելու գործին, որ քաղաքական դիվիդենտներ շահեն։ Բայց մի կողմից սիրաշահում են, մյուս կողմից՝ նեղացնում՝ այնուամենայնիվ ցույց տալով իրենց իրական վերաբերմունքը սեփական ժողովրդի հանդեպ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը թոշակառուներին անվանեց սոված՝ ասելով, թե իբր այլևս սոված թոշակառու չպետք է լինի։ Սա վիրավորանք է՝ հասցեագրված հարյուր հազարավոր թոշակառուներին։ Այդ ձևակերպումը հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացրեց»,- նկատեց մեր զրուցակիցը։
Տեսնես ուրիշ ո՞ւմ են ենթադրյալ կաշառք խոստանալու այս իշխանությունները՝ անկախ դրանք իրագործելու հնարավորություններից։
Թագուհի Ասլանյան

Русский