Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կապանի որոշ թաղամասեր մնացել են առանց ջուր. մարդիկ ոռոգման ջուր են օգտագործում (տեսանյութ)

Blog Image

MediaHub-ն այսօր առավոտյան ահազանգ է ստացել, որ Կապանի Շինարարներ թաղամասի մի քանի շենքում մոտ մեկ շաբաթ խմելու ջրի խնդիր կա։ Օր կա ընդհանրապես ջուր չի գալիս, օր էլ կա՝ երկու ժամով են ջուր տալիս մարդկանց, որ գոնե կարողանան խմելու և ճաշ եփելու համար ջուր հավաքել։ Մեզ դիմած քաղաքացին պատմում է, որ նախորդ տարի էլ են նույն խնդրին բախվել։

«Դիմել ենք քաղաքապետարան, ու որպես օգնություն քաղաքապետը ցիստեռով ջուր են ուղարկել այդ շենքեր, որ գոնե կենցաղում օգտագործել կարողանանք։ Բայց այդ ջուրն էլ ոռոգման համար է նախատեսված, կեղտոտ, ժանգագույն ջուր է։ Դիմել ենք պատկան մարմիններին, սակայն որևէ հստակ արձագանք չենք ստացել։ Ջրմուղից ասում են, թե խողովակի խնդիր կա, բայց մոտ մեկ շաբաթ է՝ այս վիճակն է, հնարավոր չի՞ հարցը լուծել այդ ընթացքում։ Թեժ գիծ էլ ենք զանգել, այնտեղից էլ ասում են, որ հնարավոր է՝ «Վեոլիա ջուրը» հայտարարություն տարածած լինի, սակայն ոչ մի նման հայտարարություն չկա»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նա տեղեկացրեց, որ ավազանում ջուր կա, այսինքն՝ այդ առումով խնդիր չկա, ցուցիչով երևում է, որ ջուր կա, պատճառը խողովակներն են, բայց ոչ ոք չի մտածում հարցը լուծելու մասին։

«Այս ամառվա շոգին ինչպե՞ս պիտի մարդիկ կարողանան առանց ջրի ապրել»,- նեղսրտած ասաց մեր զրուցակիցն ու հավելեց՝ պատրաստվում են մարզպետարան դիմել. ամեն տարի նույն խնդիրն է։

«Վեոլիա ջրից» MediaHub-ին հայտնեցին, որ արդեն այդ խնդրի մասին հայտարարություն են տարածել։ «Կապանում վերջին օրերի առատ տեղումների և հեղեղումների հետևանքով ժամանակավոր դժվարություններ են առաջացել ջրամատակարարման համակարգի աշխատանքում։ Բանն այն է, որ հեղեղումների ժամանակ քարաթափման հետևանքով խցանվել է «Գյարդ» ջրընդունիչից դեպի «Գեղի» մաքրման կայան ջուր մղող խողովակաշարը: Դրա հետևանքով ներկայում հնարավոր չէ անհրաժեշտ ծավալի ջրաքանակ հասցնել Կապան քաղաք: Այս օրերին «Վեոլիա» ջուր ընկերության մասնագետներն շուրջօրյա ռեժիմով աշխատում են. 7-8 կմ ձգվող խողովակաշարում իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ քարերով խցանված հատվածը հայտնաբերելու և խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։

Նաև նշված է, թե կոնկրետ որ հասցեներում ջուր չի լինի աջաջիկա օրերին։ Շինարարների թաղամասի վերաբերյալ նշված է, որ 11-16.00-ն է ջրամատակարարումը դադարեցվելու, սակայն մեզ դիմած քաղաքացին պնդում է, որ այդ ժամերից դուրս էլ իրենք ջուր չունեն։

Ինչևէ, «Վեոլիա ջրից» հետաքրքրվեցինք, թե ինչու են միայն այսօր հայտարարություն տարածել, որին ի պատասխան ասացին՝ կոնկրետ Շինարարների թաղամասին հետ կապված իրենց հայտարարությունից դուրս այս պահին որևէ բան չեն կարող ասել, եթե նախորդ օրերին էլ ջուր չի եղել, ապա իրենք կուսումնասիրեն հարցը՝ հասկանալու, թե որն է պատճառը։

Send