Երեխաներին դպրոց ընդունելու ժամանակահատվածին ընդառաջ ծնողների զգալի մասը բախվեց էլեկտրոնային տարբերակով երեխաներին հանրակրթական դպրոցի առաջին դասարան հայտագրելու խնդրին։
Այդ առնչությամբ օրերս մեր խմբագրություն էին զանգահարում ծնողները և դժգոհում համակարգից օգտվելու բարդություններից, ինչը անհնարին էր դարձնում այս տարի իրենց երեխաներին դպրոցում գրացելը։ Փաստորեն նրանք պետք է սպասեին և մեկ տարի ուշացումով նոր երեխային դպրոց ուղարկեին։ Խնդիրն առնչվում է բազմաչարչար ID քարտին, որը ստանալու համար ՀՀ բոլոր քաղաքացիների ունեցվածքը, եկամուտները հայտարարագրելու օրենքի պատճառով բավականին մեծ պահանջարկ է առաջացել, և քարտ ստանալու համար հերթագրվող քաղաքացիները ստիպված են մի քանի ամիս շարունակ սպասել իրենց հերթին։
Ծնողները դժգոհում էին, որ այդ ընթացքում երեխային դպրոցում հայտագրելու ժամանակահատվածը կանցնի, որից հետո նրան այլևս դպրոց չեն ընդունի։ Ինչպես MediaHub-ին հայտնեց ծնողներից մեկը՝ ամեն ինչ այնքան անարդյունավետ է կազմակերպված, որ իրենք ստիպված են մի շարք անհարմարությունների բախվել, որ ի վերջո հոգնում են և տեղի տալիս՝ մտածելով, որ թերևս լավագույն տարբերակը երեխային մեկ տարի ուշ դպրոց տանելն է։
«Այնքան հնարամիտ են ՆԳՆ-ի անձնագրային բաժնի պաշտոնյաները, որ ID քարտ ստանալն արագացնելու տարբերակ են առաջարկում՝ օրական երեք հոգու հնարավորություն տալով առանց հերթագրման մոտենալ անձնագրային բաժիններ, գտնել բաց պատուհաններից և գրանցվել քարտ ստանալու համար։ Սակայն այդ հնարամիտները չեն հաշվարկել, որ մինչև որևէ մեկի անձնագրային բաժին գնալը իրենից առաջ արդեն երեք հոգի կարող է այցելած լինել և նրա այցն անիմաստ դառնա։ Եվ այդպես օրեր շարունակ իր բախտը փորձելուց հետո ի վերջո նա ևս ձեռքը թափ տա ու հրաժարվի նույնականացման քարտ ստանալու մտքից՝ եթե ոչ ընդհանրապես, ապա գոնե մինչև հերթերի թեթևանալը»,- ասաց ծնողը։
Ծնողների մտահոգությունները ներկայացրեցինք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Սոնա Մարտիրոսյանին, որն էլ հայտնեց, թե էլեկտրոնային ստորագրությունն անհրաժեշտ է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ԵՍԵՄ միջոցով երեխային հայտագրելու համար, բայց եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն, ապա այդ հարթակում օգտահաշիվ բացելու այլ տարբերակ գոյություն ունի․
«Էլեկտրոնային ստորագրությունը ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով հայտագրելու համար է անհրաժեշտ։ Կա նաև երկրորդ տարբերակ՝ էլեկտրոնային հասցեի միջոցով ծնողը կարող է օգտահաշիվ ստեղծել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, բայց դրա համար նա պետք է հանրային ծառայությունների համարանիշ ունենա, որպեսզի համակարգը կարողանա նույնականացնել նրան որպես ՀՀ քաղաքացի»։ Բայց այս դեպքում բաց կմնա երեխային դպրոց ընդունելու դիմումը ստորագրելու հարցը։
Սոնա Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ նաև այդ դեպքի համար է լուծում առաջարկվում։ Ինչպես նախօրեին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարությունը, այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։
Էլեկտրոնային տարբերակն այն ծնողների համար է, որոնք այս պահին արդեն էլեկտրոնային ստորագրություն ունեն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել են նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով։ Նրանք թե՛ դիմումը, և թե՛ պայմանագիրը կարող են ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։
Այն ծնողները, որոնք չունեն էլեկտրոնային ստորագրություն և չեն նույնականացվել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող են դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։ Բայց այդ ծնողները գոնե էլեկտրական փոստի միջոցով պետք է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գրացվեն։
Դպրոցներ երեխաների ընդունելության խնդիրը եթե այս կերպ առժամանակ հնարավոր է լուծել, ապա դեռևս խնդրահարույց է ID քարտ ստանալու հնարավորությունը․ քարտ ստանալու համար հերթագրումներով ծանրաբեռնված է ոչ միայն մայրաքաղաքի տեղամասային անձնագրային բաժանմունքները, այլև մոտակա ու հեռավոր մարզերի։ Ժամանակին նման խնդրի հետ էին բախվել ՀՀ քաղաքացիները անձնագրեր ստանալու հետ կապված, ինչն ավելի էր սրվել ամառային սեզոնին, երբ շատերը հանգստանալու նպատակով երկրից դուրս գնալու ցանկություն ունեին։ Եվ այն ժամանակ նորից Երևանի բնակիչը ստիպված էր լինում գնալ ՀՀ որևէ հեռավոր մարզ, որտեղ անձնագրային բաժնի ծանրաբեռնվածությունն այնքան շատ չէր և երկու-երեք ամսվա փոխարեն կարող էր, օրինակ, մեկ ամսում անձնագիր ստանալ կամ փոխել հին անձնագիրը։ Խնդիրը կարգավորվեց այն ժամանակ, երբ անձնագրերի պահանջարկը նվազեց, քանի որ շատերն արդեն հասցրել էին այն ձեռք բերել։ Արդյո՞ք այս դեպքում ևս գերատեսչությունը կսպասի այնքան ժամանակ մինչև ինքնաբերաբար հերթերը կպակասեն, ID քարտ չունեցող քաղաքացիների թվի նվազմանը զուգընթաց։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը MediaHub-ին պարզաբանեց, որ այս պահի դրությամբ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են արագ ID քարտ ստանալ, կարող են օգտվել այսպես կոչված կենդանի հերթի տարբերակից՝ այցելելով անձնագրային տեղամասեր և հերթագրման կտրոն վերցնելով։ Օրական երեք քաղաքացի կարող է այդ տարբերակից օգտվել։ Բայց այս դեպքում էլ, ինչպես նշեցինք, քաղաքացին կարող է ստիպված լինել օրեր շարունակ փորձել իր բախտը և այնպիսի օր գնալ, որ իրենից առաջ արդեն երեք հոգու հնարավորությունը սպառված չլինի։ Նարեկ Սարգսյանը խորհուրդ տվեց նաև փորձել մարզերում ID քարտ ստանալ, որտեղ հերթերն ավելի քիչ են։ Բայց այս դեպքում էլ փաստորեն քաղաքացին ստիպված է երկու անգամ մարզ այցելել՝ գրացման և արդենք քարտը ստանալու ժամանակ, ինչը լրացուցիչ անհարմարություններ կարող է ստեղծել՝ աշխատանքից բացակայելու, ավելի շատ ժամանակ և գումար ծախսելու առումով։
Թագուհի Ասլանյան

Русский