Խորհրդարանական ընտրություններն արդեն իրողություն են, և հիմա հայ ժողովուրդը քաղում է դրա պտուղները, եթե կարելի է այդպես ձևակերպել։
Եթե մինչև ՍԴ դատարանի՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը վիճարկելը խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը հստակ չէին հայտարարում մանդատները վերցնելու մասին, օրեր առաջ թե՛ «Ուժեղ Հայաստանը», թե՛ «Հայաստան» դաշինքը մի շարք հիմնավորումներով հայտնեցին խորհրդարան մտնելու իրենց որոշման մասին։ Այդպիսով ձևավորվել է իններորդ գումարման ազգային ժողովը, որի կազմում ընդրգրվել են իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատով և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով։ Խորհրդարանը կունենա ընդհանուր 105 պատգամավոր։
Բայց առ այսօր դեռևս առկախ է այդ խորհրդարանի լեգիտիմության հարցը, քանի որ իշխանությունն ընդդիմությանն է մեղադրում, թե նրանք իրենց ձայները ընտրողներին կաշառելու միջոցով են ստացել, ընդդիմությունն էլ հայտարարում է, թե ՔՊ-ն իշխանական լծակներն ու վարչական ներուժը օգտագործելով է կարողացել այնքան ձայն հավաքել, որպեսզի խորհրդարանում ամենամեծ ուժը լինի։ Ճիշտ է, ՔՊ-ին այդուհանդերձ չհաջողվեց սահմանադրական մեծամասնություն դառնալ խորհրդարանում, այդուհանդերձ նա կշարունակի որպես իշխող ուժ իր ներկայացվածությունն ունենալ։
Ընտրություններից հետո հրավիրված Կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը իր գնահատականը տալով խորհրդարանական ընտրություններին, վստահաբար հայտարարել էր, թե միայն իր թիմի ստացած քվեներն են «օրգանիկ», իսկ ընդդիմության բոլոր ձայները կաշառքով են ստացվել․
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե: Խախտումներ, այո՛, եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ 3 ուժերը խորհրդարան մտնելու շեմը պետք է չհաղթահարեն։ Հիմա էլ քննարկում, ասում են՝ մանդատները վերցնե՞նք, թե՞ չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան կունենանք, թե չէ ստիպված ենք լինելու տեսնել խորհրդարանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն»,-ասել էր Փաշինյանը։
Փաշինյանն իր այս արտահայտությամբ խոստովանում է, որ ստիպված է ընդունել ոչ լեգիտիմ խորհրդարանի կազմը և շարունակել աշխատաել այդպիսի օրենսդիր մարմնի հետ։ Այսինքն՝ երկրի ղեկավարն ինքն է հայտարարում, որ իր օրենսդիր մարմինը լեգիտիմ չէ, հետևաբար կարող ենք պնդել, որ այդպիսի խորհրդարանի ընդունած որևէ օրենք կամ նախաձեռնություն չի կարող օրինական լինել։
Ստացվում է, որ թե՛ ԿԸՀ-ն, թե՛ Սահմանադրական դատարանը Փաշինյանի հայտարարություններին հակասող որոշումներ են կայացրել՝ որևէ խնդիր չտեսնելով ընտրությունների արդյունքների լեգիտիմության մեջ։ Ճիշտ է, ՍԴ դիմել էին ընդդիմադիր ուժերը, որոնք մասնակցել էին հունիսի 7-ի ընտրություններին և կասկածի տակ դրել իշխող ուժի ստացած քվեները, բայց այդ դիմումների քննությանը որպես երրորդ կողմ ներգրավված էր ՔՊ-ն, որն էլ կարող էր բարձր դատարանի նիստերի ժամանակ Փաշինյանի համոզումներն ու պնդումները բարձրաձայնել, կամ ՔՊ-ն էլ իր հերթին կարող էր դիմել ՍԴ և բողոքարկել ընդդիմության ստացած ձայները՝ որպես կաշառքով ստացված։ Մինչդեռ ՍԴ-ն՝ որպես բարձր իրավական մարմին ընտրությունների հետ կապված նման խնդիր չի տեսել։ Հակառակ դեպքում Հայաստանում պետք է նոր՝ արդեն արտահերթ ընտրություններ անցկացվեին, եթե ՍԴ-ն համաձայներ Փաշինյանի ասածների հետ։
Ըստ Սահմանադրական դատարանի, ինչպես և կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Փաշինյանը շարքային ստախոս է և վիրավորում ու զրպարտում է ինչպես ընդդիմադիր ուժերին, այնպես էլ նրանց ձայն տված բոլոր քաղաքացիներին՝ չհիմնավորված հայտարարություններ անելով։ Ընդդիմության շարքերից այս պահին մի շարք քաղաքացիների ու գործիչների նկատմամբ ընտրակաշառքի մեղադրանքով գործեր են հարուցված, սակայն դրանք քննության ընթացքում են, և Փաշինյանը իրավունք չունի մինչև այդ գործերի քննության ավարտն ու դատական որոշումն ուժի մեջ մտնելը նման մեղադրանքներ հնչեցնել։ Իրավական որևէ երկրում դատաիրավական համակարգը նման դեպքերում երկրի որևէ պաշտոնյայի առնվազն պետք է իր խոսույթը զսպելու մասին կոչեր ու նախազգուշացումներ աներ, բայց մեզանում վաղուց ավանդույթ է դարձել, որ երկրի ղեկավարին ոչ միան իր արտահայտություններում զուսպ ու զգուշավոր լինելու մասին գոնե հորդորներ չեն արվում, այլ այդ արտահայտությունները որպես գործելու հրահանգ են ընկալում։
Թագուհի Ասլանյան

Русский