MediaHub-ն ուսումնասիրեց վաղվա Կառավարության նիստի օրակարգը․ նախագծերից մեկում նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու անհրաժեշտությամբ։
Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) վավերացման դեպքում կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև քաղաքական, ռազմական, տնտեսական, իրավական, գիտատեխնիկական կամ որևէ այլ համագործակցության շրջանակներում փոխանացվող, ստացվող, ինչպես նաև այդպիսի համագործակցության ընթացքում ստեղծվող գաղտնի տեղեկատվության պահպանության և պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
Համաձայնագրով կանոնակարգված են նաև գաղտնի տեղեկությունների պահպանության և պաշտպանության ապահովման, գաղտնի տեղեկությունների փոխանցման, դրանց օգտագործման, իրավասու մարմինների փոխգործակցության, գաղտնի տեղեկությունների պահպանության և պաշտպանության պահանջների հնարավոր խախտումների դեպքերում իրականացվող գործողությունների հետ կապված հարաբերությունները:
Համաձայնագրի շրջանակներում հայկական կողմից Համաձայնագրի իրականացման համար իրավասու մարմին է հանդիսանում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ղազախական կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն:
Ինչպես նշվում է, օրենքի ընդունման արդյունքում կվավերացվի 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև կսահմանվեն երկկողմ համագործակցության ընթացքում գաղտնի տեղեկությունների փոխանցման, պահպանության և պաշտպանության համար անհրաժեշտ ընթացակարգեր:
Հաշվի առնելով ռազմարդյունաբերության ոլորտում ընկերությունների հետ համագործակցելու ղազախական կողմի ցուցաբերած հետաքրքրությունը և զարգացող միջազգային համագործակցությունը՝ Համաձայնագրի վավերացումը կնպաստի նաև ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը: Նկատի ունենալով նաև Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների փաստացի սառեցված բնույթը և դրանով պայմանավորված քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ներկա փուլում ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, փոխգործակցության իրականացման բացակայությունը և անհնարինությունը, հայ-ղազախական երկկողմ համագործակցության շրջանակներում Համաձայնագրի վավերացումը և հետագա կիրարկումը կնպաստի գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը, թույլ կտա նվազեցնել անվտանգային ռիսկերը՝ բացառելով գաղտնի տեղեկությունների չարտոնված օգտագործման կամ տարածման հավանականությունը՝ դրանով իսկ խորացնելով տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև համագործակցության վստահելիությունը և արդյունավետությունը։

Русский