Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրավիճակով պայմանավորված շատ հայեր չէին կարողանում վերադառնալ ՀՀ, իսկ շատերը ստիպված գնել էին թանկարժեք ավիատոմսեր։ Այդ քաղաքացիների, Կառավարությունը, կարծես թե փորձում է օգնել՝ փոխհատուցելով տոմսերի գումարը։ Այսօրվա նիստի օրակարգն ուսումնասիրելով՝ MediaHub-ը նկատեց, որ հարցերից մեկով անդրադարձ է կատարվել ավիատոմսերի գումարների վերադարձին։
Կառավարության նախագծում նշվում է՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ չեղարկվել են Մերձավոր Արևելքի պետություններից դեպի Հայաստանի Հանրապետություն մի շարք չվերթներ, փակվել է տարածաշրջանի մի քանի երկրների օդային տարածքը:
Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ՀՀ դեսպանությունների կողմից աշխատանքներ են իրականացվել ՀՀ քաղաքացիներին անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, համապատասխան երկրների գործընկերների հետ փոխգործակցությամբ, ապահովել է Օմանից, Լիբանանից, Հնդկաստանից դեպի ՀՀ թռիչքների թույլտվությունների ստացումը։
Օգտվելով Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Օմանի հետ ցամաքային սահման ունենալու հնարավորությունից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնել է ՀՀ քաղաքացիների անվճար տեղափոխման հնարավորություն ԱՄԷ-ից դեպի Օման՝ Մասկատի օդանավակայան։ Նախաձեռնության մասին համապատասխան տեղեկատվությունը տարածվել է արտաքին գործերի նախարարության, Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հարթակներում, հավաքագրվել են հետաքրքրված ՀՀ քաղաքացիների տվյալները և մարտի 4-10-ն իրականացվել է հինգ ուղևորափոխադրում՝ ապահովվելով ՀՀ 253 քաղաքացու անվճար տեղափոխումն Օման։
Օմանում ՀՀ դեսպանությունն ապահովել է ՀՀ քաղաքացիների անվտանգ և դյուրին սահմանահատումն ԱՄԷ-Օման սահմանին, ուղեկցումը դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն:
Մասկատ-Երևան չվերթով մարտի 2-ից 12-ը Հայաստանի Հանրապետություն է վերադարձել 550 քաղաքացի: Դուբայ-Երևան չվերթով՝ մարտի 3-ից 16-ը, երբ արդեն առանձին չվերթներ եղել են՝ շուրջ 1030 քաղաքացի: ՀՀ քաղաքացիները վերադարձել են նաև այլ երթուղիներով: Այս պահին առկա չեն տեղեկություններ, թե նրանցից քանիսին է ավիաընկերությունն ամբողջությամբ փոխհատուցել չեղարկված թռիչքի համար կամ գնել նոր տոմս։ Մարտի 19-ին ամփոփված տվյալներով, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապ է հաստատել շուրջ 1080 քաղաքացի։ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսերը կավելանան ոչ ավելի, քան 250 մլն ՀՀ դրամով:
Մարիաննա Արամյան

Русский