Ապրիլի 13-ին` ժամը 12-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ ստացած վնասվածքներից նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը մահացել է։ Ձեռնարկվել են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:
Արդյո՞ք կալանավորվել են ենթադրյալ սպանություն կատարած եղբայրները. MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ եղբայրները ձերբակալվել են, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Ավելի վաղ MediaHub-ին Քննչական կոմիտեից ասել էին, որ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ։ Նշենք, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված 52–ամյա Արթուր Ավագյանը գյուղի ատամնաբույժ էր։
Մարիաննա Արամյան

Русский