Այսօր խափանման միջոցի քննության դատական նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը դատավորին տեղեկացրեց, թե Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել, որպեսզի կարողանա մասնակցել առաջիկա ընտրական գործընթացներին՝ որպես իր ղեկավարած կուսակցության վարչապետի թեկնածու։ «Ես Հայաստանի քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի և Կիպրոսի անձնագիր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց ենք սկսել»,- դատարանում դատավորին հայտնել է Կարապետյանը։
Թեև «Ուժեղ Հայաստանի» ներկայացրած նախընտրական ցուցակի թեկնածուների 30-յակում Սամվել Կարապետյանի անունը նշված չէ, և ցուցակն էլ գլխավորում է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, կուսակցությունը հայտարարել է, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Կուսակցության իրավաբանները հավատացնում են, որ ընտրություններից հետո սահմանադրական մեծամասնություն դառնալու դեպքում իրենք սահմանադրական փոփոխություն կնախաձեռնեն՝ Սամվել Կարապետյանի համար հնարավորություն ստեղծելով ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Այս պահի դրությամբ նա՝ որպես օտար երկրի քաղաքացիություն ունեցող անձ, իրավունք չունի ոչ վարչապետի թեկնածու լինել և ոչ թե պատգամավոր դառնալ։ Սահմանադրությունը նման հնարավորություն ընձեռում է միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց։
Սահմանադրության 148-րդ հոդվածով վարչապետի թեկնածուն պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջներին: Այդ պահանջներն ամրագրված են 48-րդ հոդվածում և սահմանում են, որ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Թագուհի Ասլանյան

Русский