Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանրայնացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացնելու հարցը՝ ի նշան Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերի գնահատականի։
Նա X սոցիալական ցանցի իր էջում գրել է, թե նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին իր նախաձեռնությամբ Վաշինգտոնում կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։
«Խաղաղության գործընթացում նրա նշանակալի ներդրումը գնահատելու նպատակով Ադրբեջանն ու Հայաստանը, իմ նախաձեռնությամբ, համատեղ առաջադրել են նախագահ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված նախագահ Թրամփի պատմական ջանքերը պատշաճ գնահատականի կարժանանան այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհելիս»,- գրել է Ալիևը։
Հիշեցնենք, որ 2025-ին ևս Հայաստանն ու Ադրբեջանը Միացյալ Նահանգների նախագահի թեկնածությունն էին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ ԱՄՆ նախագահը որպես վկա մասնակցել էր բանակցություններին։ Սպիտակ տան ղեկավարն իր հերթին հայտարարում էր, թե հունվարին սկսելով պաշտոնավարումը՝ առնվազն 7 պատերազմ է կանգնեցրել։ Սակայն մրցանակի շնորհման նախօրեին փորձագետները հայտարարել էին, թե Թրամփը չի ստանա այն, քանի որ ոչնչացնում է միջազգային աշխարհակարգը, որն այդքան թանկ է Նոբելյան կոմիտեի համար:
Եվ 11 միլիոն շվեդական կրոն կամ մոտ 1,2 միլիոն դոլար արժողությամբ Խաղաղության Նոբելյան մրցանակը Օսլոյում դեկտեմբերի 10-ին շնորհվեց Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին՝ Վենեսուելայի ժողովրդի դեմոկրատական իրավունքների պաշտպանության և բռնապետությունից ժողովրդավարություն անցնելու արդար ու խաղաղ գործընթացում ներդրած անխոնջ աշխատանքի համար:
Նշենք, որ 1901 թվականից սկսած Խաղաղության Նոբելյան հեղինակավոր մրցանակը հանձնվում է ամեն տարի Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովի կողմից՝ խաղաղության հաստատման և ամրապնդման բնագավառում ձեռքբերումների համար։ Ալֆրեդ Նոբելի ցանկության համաձայն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է հանձնվի այն մարդուն, «ով կկատարի ամենամեծ կամ ամենաարդյունավետ աշխատանքը՝ ազգերի միջև եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման և խթանման համար»։ Մինչև օրս այդ ոլորտում 97 մրցանակ է հանձնվել։
Արդյո՞ք այս տարի Նոբելյան հանձնաժողովը նախապատվությունը կտա Ալիևի և Փաշինյանի թեկնածուին՝ հաշվի առնելով, որ Թրամփը չի հրաժարվել միջազգային աշխարհակարգի ոչնչացման իր ռազմավարությունից։ Դա մի կողմից։ Մյուս կողմից՝ արդյո՞ք Իրանի դեմ մշտապես ագրեսիա հրահրող ու ռազմական գործողություններով այդ պետության նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող Թրամփը կարող է խաղաղության հաստատման միջնորդ դիտարկվել։
Եվ եթե Ալիևը փորձում է հաճոյանալ ԱՄՆ-ում իր գործընկերոջը՝ փառաբանելով նրան որպես խաղաղության անվիճելի աղավնու, որը կաշվից դուրս է գալիս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, Իրանի դեմ ԱՄՆ գործողություններով ալիևյան այդ առասպելը հօդս է ցնդում։ Եթե անգամ մի պահ պատկերացնենք, թե Նոբելյան հանձնաժողովին կարելի է մոլորեցնել և հավատացնել, թե հայ-ադրբեջանական հարաբերություններում բեկումնային շրջադարձ է եղել, և երկու պետությունների միջև խաղաղության հաստատումը հնարավոր չէ խաթարել, ապա Իրանի գործոնը Ալիևի ու Փաշինյանի ջանքերը ջուրն է գցում։
Իսկ եթե պարզ և ուղիղ խոսենք, ապա չնայած հայ-ադրբեջանական հարաբերություններում սառույցը հալեցնելուն ուղղված Թրամփի ջանքերին՝ պետք է խոստովանենք, որ դրանք ճգնաժամ են ապրում։ Չի կարող խաղաղություն լինել այն պետությունների միջև, որոնցից մեկի խաղաղասիրական ու հանդուրժողական հայտարարություններին մյուս պետությունը պատասխանում է նվաճողական նկրտումներով լի հայտարարություններով ու ագրեսիայով, որտեղ դպրոցներում շարունակում են ատելություն սերմանել մյուս պետության ժողովրդի հանդեպ, որտեղ մյուս պետության պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու և յուրացնելու քաղաքականությունը պետական օրակարգ է, և առաջին դեմքի մակարդակով է այդ ամենը հովանավորվում ու խրախուսվում։
Անգամ ադրբեջանցի ահաբեկչի կողմից հայ կնոջն անդամալույծ դարձնելու և նրա երեխաներին ահաբեկելու գործողություններից հետո իբրև խաղաղության ձգտող Ադրբեջանն այդպես էլ մինչև օրս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, որտեղ առնվազն ափսոսանք կհայտներ տեղի ունեցածի համար։ Ուրեմն էլ ի՞նչ արժեք ունի իբրև խաղաղության ձգտող և Թրամփին դրա համար երկրպագող Ալիևի գրառումը, եթե դրանք ուղեկցվելու են «Արևմտյան Ադրբեջանի», ադրբեջանցի փախստականների վերադարձի, Հայաստանին ագրեսոր պետություն հայտարարելու և արցախյան պատերազմին մասնակցած հայ ռազմաքաղաքական վերնախավին ահաբեկիչներ անվանելու, նրանց տրիբունալի առաջ կանգնեցնելու կոչերով ու հայտարարություններով։
Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին, որի ընթացքում կհստակեցվեն երկու պետությունների տարածքները և միջազգայնորեն կարձանագրվի դրանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը չի շտապում հետ քաշել Հայաստանի ինքնիշխան տարածքում հիմնավորապես տեղակայված իր զորքերը՝ ակնհայտորեն հասկացնել տալով, որ այդ տարածքները ևս պետք է ընդգրկվեն Ադրբեջանի կազմում։
Հակառակ դեպքում ինչո՞վ բացատրել զորքերը հետ քաշելու նրանց հապաղումը, եթե Հայաստանի իշխանությունների կողմից զրո ագրեսիա կա Ադրբեջանի հանդեպ. անգամ սեփական երկիրն ու ժողովրդին պաշտպանելու անհրաժեշտության դեպքում մեր իշխանությունները նահանջողական, պարտվողական, կապիտուլյացիոն ռազմավարություն են որդեգրել, որ, Աստված մի արասցե, էսկալացիա կամ պատերազմ չլինի։ Իսկ դրա համար աներկբա հնազանդություն են ցուցաբերում Ադրբեջանի բռնապետի կամքին ու ցանկություններին։
Ոչինչ, որ պատերազմը դասական ձևով չի դրսևորվում՝ մարտի դաշտով, սպառազինության կիրառմամբ, զինված ուժերի մասնակցությամբ. դրա անհրաժեշտությունն էլ չկա, քանի որ առանց մարտական գործողությունների էլ Փաշինյանը Ալիևի հլուհնազանդ կամակատարն է դարձել, և արդեն Սահմանադրության ադրբեջանական տարբերակի ընդունման քայլերին զուգահեռ նաև անկլավների անվան տակ հայկական բնակավայրերը հանձնելու արկածախնդրությանն է համաձայնել։ Ո՞րն է լինելու խաղաղության քողի տակ հերթական էսկալացիան Հայաստանի համար՝ կարելի է կռահել։
Փաշինյանն ու իր թիմի անդամները միաբերան հերքում են 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում բնակեցնելու իրենց պատրաստակամությունը, այնինչ Ադրբեջանում այդ խոսույթը չի դադարում, անգամ գործնական քայլեր են արվում այդ ուղղությամբ՝ այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների համայնք» և դրա ղեկավար կազմ ձևավորելով, համագումարներ իրականացնելով և միջազգային հարթակներում իրենց կեղծ իրավունքների մասին բարձրաձայնելով։ Իսկ մեզ համար արդեն փաստ է, որ Հայաստանում կյանքի են կոչվում այն գործընթացները, որոնք օրակարգ է դարձնում ոչ թե ՀՀ, այլ Ադրբեջանի իշխանությունը։
Թագուհի Ասլանյան

Русский