Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ է դատախազությունը դիմել հակակոռուպցիոն դատարան՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» տոնավաճառի շենքը բռնագանձելու պահանջով

Blog Image

Այսօր օրվա երկրորդ կեսին գլխավոր դատախազությունը առանձին հաղորդագրությամբ տեղեկացրեց ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության կողմից դեռ 2004 թվականին սեփականաշնորհված «Այրարատ» կինոթատրոնի շենքի շուրջ ծավալվող դատական գործընթացների մասին։

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջով, ի թիվս այլնի, բռնագանձում տարածել նաև Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող (նախկին հասցե՝ Մ. Խորենացի 43, «Այրարատ» կինոթատրոն) անշարժ գույքի վրա։ Գլխավոր դատախազության պահանջի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով սահմանված՝ 1 մլն 550 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ չեն կատարվել։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, և ՍՊ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի նշված հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության։

Այս գործի առնչությամբ MediaHub-ը պարզաբանում խնդրեց «Սիլ-կոնցեռնի» մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանից, որն էլ մեզ ասաց, որ բացարձակապես տեղյակ չեն դատական վարույթից և դատախազության գործողություններից։ Իրենք էլ այդ մասին իմացել են միայն գլխավոր դատախազության կողմից հաղորդագրությունը տարածելուց հետո։

Աննա Մկրտչյանը հայտնեց, որ իրենց համար ևս անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված այդ վարույթը, «քանի որ շենքի մասնավորեցման ողջ գործընթացը կատարվել է օրենքի շրջանակներում, պայմանագրի բոլոր պայմանները պահպանված են և կատարվել են»։ Նրա հավաստմամբ՝ երբ ընկերության իրավաբանները կստանան հայցադիմումը և կծանոթանան դրա բովանդակությանը, ավելի մանրակրկիտ մեկնաբանություն կներկայացվի։ Այս պահին նա միայն այդքանը կարող է ասել։ Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք այս պահին տոնավաճառի շենքում շարունակվում են նախաձեռնված վերանորոգման աշխատանքները, թե վարույթով պայմանավորված՝ դադարեցված են, նա ասաց, որ այդ մասին նույնպես տեղյակ չէ։

Թագուհի Ասլանյան

Send