Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ծնողն ուսուցչին ասում էր՝ լավ ես արել, ծեծել ես. դպրոցում բռնությունը մեր վարքային մշակույթի անբաժան մասն է, նույնը կատարվում է ԱԺ-ում

Blog Image

Դպրոցներում ուսուցիչների կողմից այսպես կոչված բռնության գործադրումը տասնյակ տարիներ եղել է մեր վարքային մշակույթի անբաժան մասը. պարզապես քանի որ հիմա գաղտնի նկարահանման հնարավորություններ կան, և դպրոցներում տեսախցիկներ են տեղադրված, նման որոշ դեպքերի մասին հասարակությունն իմանում է հանրայնացված տեսագրությունների միջոցով։

MediaHub-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս Հայաստանի տարբեր մարզերում՝ Գեղարքունիքում և Սյունիքում ուսուցիչների կողմից աշակերտներին հարվածելու դրվագներին՝ նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում ուսուցչուհին ծեծի էր ենթարկել 2-րդ դասարանի 7-ամյա աշակերտուհուն։ Դեպքի շուրջ բարձրացած մեծ աղմուկից հետո ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, թե կքննարկվի ուսուցչուհու՝ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հարցը: Ապա Քննչական կոմիտեն հաղորդեց, որ ուսուցչուհուն 2 ամսով տնային կալանք են սահմանել։ Երեխային հարվածելու փաստը տեսագրվել էր դպրոցի միջանցքում տեղադրված տեսախցիկով. երեխայի բողոքից հետո մայրը դպրոցի տնօրենից վերցրել էր տեսագրությունը, որից հետո այն հանրայնացվել էր և հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։

Նման դեպքի մասին հայտնի դարձավ նաև այսօր ՆԳՆ հաղորդագրությունից, որի համաձայն՝ Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում 55-ամյա ուսուցչուհին դասապատրաստման ժամանակ մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում: Ուսուցչուհու արարքը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը, որը ներկա է եղել դասապատրաստմանը, և տեսագրությունն այնուհետև ցույց է տվել մորը։ Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ, սակայն, հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։ Նույն օրը 55-ամյա կինը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժին։

Կրթության փորձագետի վստահեցմամբ՝ մեզանում նման դեպքերը եզակի չեն, պարզապես երեխաների և ծնողների մեծ մասը չի ահազանգում նման փաստերի մասին։ Նա նաև նկատում է, որ, այնուհանդերձ, 20-30 տարի առաջվա վիճակագրության հետ համեմատելու դեպքում այսօր վիճակագրությունն անհամեմատ հուսադրող է, նման դրսևորումների թիվը զգալիորեն նվազել է։ Փորձագետը սա պայմանավորում է մարդկանց կենսամակարդակի քիչ թե շատ բարձրացմամբ և մտածելակերպի փոփոխությամբ. մարդիկ ավելի պահանջատեր են դարձել, նոր սերունդը չի հանդուրժում, երբ իրեն խփում են կամ վիրավորում, և կարող է բողոքել ու դժգոհել։ Սերոբ Խաչատրյանը հիշում է, որ նախկինում լինում էին դեպքեր, երբ ծնողն ինքն էր ուսուցչին ասում, թե լավ է արել, որ երեխային ծեծել է, քանի որ ծեծը դաստիարակության ազդեցիկ միջոց էր համարվում։

Դպրոցներում ուսուցիչների կողմից աշակերտների հանդեպ բռնության և նվաստացման դրսևորումները կանխելու համար, փորձագետի համոզմամբ, առաջին հերթին հարկավոր է կտրուկ բարձրացնել մարդկանց կենսամակարդակն ու կրթական մակարդակը և հոգ տանել հասարակության բարեկեցության մասին։ Բարեկեցիկ հասարակություններում նման երևույթներն անհամեմատ քիչ են լինում, բայց դրանք ընդհանրապես բացառել հնարավոր չէ. անգամ ամենազարգացած երկրներում են նման դեպքեր լինում։

«Անցած տարի Նորվեգիայի նման առաջադեմ երկրում մասամբ թույլատրվել է ֆիզիկական պատժի կիրառումը դպրոցներում, եթե այդպիսով ուսուցիչը կարողանալու է կանխել որևէ ագրեսիա աշակերտի կողմից։ Բայց անգամ այդ դեպքում ֆիզիկական ազդեցությունը պետք է շատ մեղմ լինի և հստակ կանոնակարգված։ Օրինակ՝ երեխայի գլխին հարվածել կամ այնպիսի պատիժ տալ չի թույլատրվում, որը կարող է վնասել երեխային, ցավ պատճառել և այլն»։

Այս առումով, ըստ փորձագետի, նման խնդիրների լուծումը շատ դեպքերում կրթության համակարգից դուրս է, քանի որ դրանք մշակութային, մտածելակերպի և ձևավորված սովորությունների խնդիրներ են, որոնք կարելի է արմատախիլ անել մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու միջոցով։ Բայց Հայաստանում մոտ ապագայում նման սպասելիքներ չկան։

«Մեր կառավարությունը մտածում է միայն իր բարեկեցության մասին, իսկ քաղաքացիների ու ժողովրդի կյանքն ու ապրուստը շարունակում են մնալ դժվար, և շատ դեպքերում մարդիկ սոցիալական խնդիրներով պայմանավորված դաժան փորձությունների են ենթարկվում։ Մենք հաճախ գովերգում ենք ինքներս մեզ, թե դիմացկուն ենք ու հարմարվող, բայց բռնության այդ դրսևորումները հենց այդ դիմանալու ու հանդուրժելու հետևանք են։ Անգամ Ազգային ժողովի պատգամավորները չեն կարողանում կառավարել իրենց հույզերը և իրենց անզուսպ, բռնկուն վարքով նմանատիպ օրինակ են ծառայում՝ բռնություն գործադրելով միմյանց հանդեպ և վիրավորելով միմյանց։ Այնտեղ հասուն մարդիկ են, բայց անգամ իրենք չեն կարողանում իրենց կառավարել, ուստի ուսուցչի համար շատ ավելի դժվար է երեխաներին սանձել»,- հետևություն է անում մեր զրուցակիցը։

Սերոբ Խաչատրյանը դպրոցներում ուսուցիչների կողմից ագրեսիվ դրսևորումները նվազեցնելու հնարավոր միջոց է համարում նաև ուսուցման ու դասապրոցեսի նկատմամբ երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնելուն ուղղված միջոցառումները։ «Երեխաների հետ աշխատելու համար հետաքրքիր նյութեր, գրքեր ու գրականություն է հարկավոր օգտագործել դասաժամերին, որպեսզի ուսուցման գործընթացն աշակերտների համար լինի հետաքրքիր ու գրավիչ և կլանի նրանց։ Ուսուցիչներն աշակերտներին հարվածում են նաև այն պատճառով, որ երեխաները սովորելու մոտիվացիա չունեն, իրենց համար հետաքրքիր չէ, և ձանձրանալով դասաժամերին՝ սկսում են խանգարել ուսուցչի բնականոն դասապրոցեսին։ Ամեն ուսուցիչ աշակերտների անկարգություններին տարբեր կերպ է արձագանքում։ Կան ուսուցիչներ, որոնք կարողանում են վերահսկել ու կարգավորել նման իրավիճակները, որոշները հանդուրժում են, բայց լինում են նաև ուսուցիչներ, որոնք, այսպես ասած, բռնություն գործադրելու մեթոդն են ընտրում»,- ասում է փորձագետը։

Նրա դիտարկմամբ՝ ուսուցչի ինստիտուտը մեզանում վերջին տարիներին վերածվել է սոցապ համակարգի. ով ուզում է, մտնում է համակարգ ու դասավանդում, մրցակցություն չկա, և հաճախ տնօրենները փոխարինող չեն ունենում այն ուսուցիչներին, որոնցից դժգոհ են լինում։ Եթե անգամ տնօրենն իմանում է այս կամ այն աշակերտին հարվածելու մասին, չի կարող հեռացնել տվյալ ուսուցչին, քանի որ նրան փոխարինող չկա։ Փորձագետի համոզմամբ՝ այսօր էլ ուսուցչի մասնագիտությունը շարունակում է ոչ գրավիչ մնալ, և ուսուցչի ինստիտուտում իրականացվող բոլոր այսպես կոչված բարեփոխումները զուտ ձևական բնույթ են կրում։

Անդրադառնալով երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ուսուցչուհիների ձերբակալություններին՝ Սերոբ Խաչատրյանը դա խնդրի լուծում չի համարում։ Հակառակը՝ նրա դիտարկմամբ, ձերբակալություններն ավելի են խորացնում ճգնաժամը ոլորտում՝ կադրերի լուրջ պակաս առաջացնելու ռիսկ ստեղծելով.

«Ձերբակալություններով խնդիրը չի լուծվի։ Հակառակը, ռիսկ կա, որ համակարգից շատ ուսուցիչներ կարող են դուրս գալ, և մյուսներն էլ կխուսափեն դպրոցներ մտնելուց՝ խորացնելով ուսուցչի պակասի խնդիրը համակարգում։ Աշխարհում նման փորձ եղել է, երբ աշխատանքային պայմանների ու պահանջների խստացման հետևանքով կադրերի պակաս է առաջացել։ Առանց այն էլ, ինչպես նշեցի, ուսուցչի աշխատանքը գրավիչ չէ՝ պայմանավորված հոգեբանական ու հուզական դժվարություններով։ Եթե կարողանանք այնպես անել, որ դպրոց մտնեն միայն հոգեկան հավասարակշռված մարդիկ, որոնք բռնություն չեն գործադրի ոչ մի դեպքում, գուցե խնդիրը լուծվի, բայց արդյո՞ք այդ մարդիկ նախընտրում են հենց այդ մասնագիտությունը»,- մեզ հետ զրույցում ասաց փորձագետը՝ արձանագրելով, որ խնդրի լուծումը բավականին բարդ է և համալիր մոտեցում է պահանջում։

Թագուհի Ասլանյան

Send