Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչպե՞ս չդառնալ տոնական «զեղչերի» զոh և գումար չկորցնել. մանրամասնում է մասնագետը

Blog Image

Մարտի 8-ին ընդառաջ խանութներում հաճախ կարելի  է տեսնել  մեծ զեղչերի մասին հայտարաություններ։ Սակայն շատ սպառողներ կասկածում են՝ արդյո՞ք դրանք իրական զեղչեր են, թե պարզապես գները նախապես բարձրացվել են, ապա զեղչվել։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց՝ զեղչեր իրականում գոյություն ունեն, սակայն բացառված չէ նաև այն, ինչի մասին խոսում են սպառողները։

«Իրականում զեղչեր կան, սրա մասին երկրորդ կարծիք չի կարող լինել։ Բայց նաև բացառված չէ այն, ինչ պնդում են սպառողները. երբեմն գները նախապես բարձրացվում են, հետո իջեցվում՝ ներկայացվելով որպես զեղչ։ Օրենսդրության մեջ արդեն երկու տարի է՝ գործում են փոփոխություններ, որոնք պետք է կանխեն նման իրավիճակները։ Տնտեսվարող սուբյեկտը զեղչ հայտարարելու դեպքում պետք է նշի ոչ թե տվյալ օրվա գնի նկատմամբ զեղչը, այլ միջին գնի նկատմամբ։ Օրինակ՝ եթե մարտի 8-ի զեղչ է, և ակցիան սկսվել է մարտի 5-ից, ապա այն պետք է հաշվարկվի ոչ թե մարտի 1-ին բարձրացված գնից, այլ փետրվար ամսվա վաճառքի միջին գնից։ Եթե տնտեսվարողը նման բան չի անում, միանշանակ գործ ունենք խախտման հետ»,- նշեց Պիպոյանը։

Սակայն լինում են նաև իրավիճակներ, երբ սպառողները սխալ են գնահատում ակցիաները։ «Մարդը գնում է տոնավաճառ, տեսնում է՝ ապրանքը ակցիայով 10000 դրամ է, բայց կողքի խանութում առանց ակցիայի նույն ապրանքը 8000 է, ու ասում է՝ տեսեք ակցիա է, բայց տվյալ ապրանքն ավելի թանկ է։ Երբ ուսումնասիրում ես, պարզվում է՝ այդ խանութը միշտ էլ ավելի թանկ է վաճառել։ Այսինքն՝ մեկը պարզապես թանկ խանութ է, մյուսը՝ ավելի էժան»։

Սպառողները հաճախ բողոքում են նաև զեղչված ապրանքների վերադարձի հետ կապված խնդրից։ Շատ խանութներ հրաժարվում են ընդունել զեղչով գնված ապրանքը՝ պնդելով, թե ակցիայի դեպքում վերադարձ հնարավոր չէ։ Բաբկեն Պիպոյանը վստահեցնում է՝ դա սխալ է, նման բան անելու իրավունք չկա։

«Դա սխալ է։ Բիզնեսը նման բան անելու իրավունք չունի։ Անկախ նրանից՝ ապրանքը գնվել է զեղչով, թե ոչ, եթե այն վատ որակի է, տնտեսվարողը պարտավոր է հետ ընդունել»։ Մասնագետը խորհուրդ է տալիս գնում կատարելիս ուշադրություն դարձնել ոչ միայն գրված «զեղչ» բառին, այլ նաև համեմատել գները տարբեր խանութներում և պահպանել գնումը հաստատող կտրոնը։

Ալիտա Եղիազարյան

Send