ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը երեկ հայտարարեց, որ կուսակցության վարչության որոշմամբ ինքը դուրս է եկել ՔՊ նախընտրական ցուցակից։ Նա չէր մեկնաբանել, թե ինչու է չեղարկվել իր թեկնածությունը, սակայն, մեզ հասած տեղեկություններով, պատճառն այն է, որ նա խախտել է նախընտրական քարոզչության առաջին փուլի կանոնները, ինչն էլ բացասական արձագանքի է արժանացել կուսակցականների կողմից։ Արդյունքում որոշվել է «ընդդիմության բերանը լեզու չդնելու համար» նրա թեկնածությունը պարզապես չեղարկել։ Քայլն արվել է նաև հետագայի համար, որ ընտրությունների շրջանում կամ դրանից հետո ազատորեն կարողանան ընդդիմության հետևից ընկնել՝ քարոզարշավի ինչ-ինչ դրվագներում «կոռուպցիոն տարրեր» գտնելով ու արձանագրելով։
Ինչևէ, MediaHub-ը փորձեց պատգամավորից ճշտել, թե որն է եղել իր թեկնածությունը չեղարկելու պատճառը։
ՔՊ-ական պատգամավոր, կուսակցության նախընտրական ցուցակի 50-յակի մեջ մտած Դավիթ Դանիելյանը մեզ հայտնեց, որ ներկուսակցական գործընթաց է, որի մասին ցանկություն չունի խոսելու։
«Քանի որ դեռ պատգամավոր եմ, կարծում եմ՝ կլինեն առիթներ ելույթներ ունենալու, հիմա չեմ ուզում մեկնաբանություն թողնել, ներկուսակցական գործընթաց ա, չեմ էլ ուզում մեկնաբանել, մեր ներքին խոհանոցն է»,- նշեց Դանիելյանը։
Ճշտող հարցին, թե քարոզչության ի՞նչ կանոն է խախտվել, Դանիելյանը չցանկացավ պատասխանել, նշելով՝ իր ասելիքն ասել է։
Անդրադառնալով թիմակիցների հետ հարաբերություններին՝ նա նշեց, որ կոնֆլիկտներ չեն եղել, թիմում շատ լավ ընկերներ ունի։
Նշենք, որ արդեն երկրորդ թեկնածուն է հեռացվում` քարոզչության առաջին փուլի կանոնները խախտելու համար։ Առաջինը նախկին պատգամավոր, ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանն էր։
Էմմա Մարտիրոսյան

Русский