Իրանի 15 նահանգներում բողոքի ակցիաները և բախումները շարունակվում են: TIME ամսագրի տվյալներով՝ միայն Թեհրանում կարող է մինչև 217 զոհ լինել, այս թվերը ոչ պաշտոնական են։ Երեկ հայտնի դարձավ, որ Իրանում հայ ցուցարար է սպանվել` Էջմին Մասիհի, ով Մաջիդիե թաղի բնակիչ է։
Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ի հիշատակ զոհված նահատակների։
MediaHub-ին ահազանգել են Իրանում հայ համայնքում բնակվող քաղաքացիների հարազատները։
Մեզ ահազանգածները նշում են, որ, արդեն մի քանի օր է, ոչ մի լուր չունեն իրենց հարազատներից, հեռախոսներն անհասանելի են, զանգերին ու հաղորդագրություններին պատասխանող չկա։
«Շատ անհանգստացած ենք, մի քանի օր է, աղջկաս հետ չեմ կարողանում կապ հաստատել։ Մենք իրանահայ ենք, այս պահին ես ու մյուս աղջիկս Երևանում ենք, ոչ մի լուր չունենք մեր բարեկամներից ու հարազատներից։ Չգիտենք անգամ ինչ մտածենք, ինչո՞ւ աղջիկս չի պատասխանում, արդյո՞ք կապ չկա։ Մտածում ենք՝ գնանք Թեհրան, սակայն, նշվում է, որ բավականին լարված է իրավիճակը, և ապահով չէ»,- նշում է մեզ ահազանգած քաղաքացին։
Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն երեք օր ոչ մի կապ չկա հարազատների հետ, Թեհրանում իր բոլոր ապրող ընկերներն ու հարազատները չեն պատասխանում, ըստ երևույթի՝ կապ չկա։
Նշենք, որ ցույցերի ֆոնին ամբողջ երկրում հեռախոսային և ինտերնետ կապը սահմանափակվել է։ Իրանի կառավարությունն աշխատում է երկրում ինտերնետի կապի վերականգնման ուղղությամբ, կապի սահմանափակման մասին որոշումն անվտանգության մարմիններն ընդունել են վերջին օրերին սկսված անկարգություններից հետո, այս մասին երկու օր առաջ հայտնել է Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մոտ 2 շաբաթ: Ի սկզբանե ցույցերը բռնկվել էին ազգային արժույթի անկման և գնաճի պատճառով, սակայն այժմ ստացել են նաև հակակառավարական բնույթ: Երկրի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Թեհրանում լարված է, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են արձանագրվել:
Մարիաննա Արամյան

Русский