Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանի հերթական «ռուսաստանցի» զոհը

Blog Image

Դեռ 2018 թվականին իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց Հայաստանում ռուսական տնտեսական ներկայության դեմ իր պայքարը. մասնավորապես 2008 թվականից հայաստանյան երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը ստանձնած և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը համարվող «Հարավկովկասյան երկաթուղիներում» լայնածավալ փաստաթղթային ստուգումներ սկսվեցին քննչական կոմիտեի կողմից՝ հիմնավորմամբ, թե իբր  ընկերությունն իր կառավարման տարիներին խուսափել է 20 հազար դոլարի չափով հարկեր վճարելուց: Ընկերության դեմ տարբեր չարաշահումների, հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու, լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով յուրացումների փաստով քրեական գործեր հարուցվեցին, որոնք ավելի շատ ընկալվում էին որպես քաղաքական ուղղվածությամբ գործեր: Այն ժամանակ ակնհայտ էր, որ «Հարավկովկասյան երկաթուղին» իշխանությունների թիրախում է հայտնվել զուտ ռուսաստանյան ընկերություն լինելու համար: 

Բայց ՀՀ և ՌԴ պաշտոնյաների որոշ հանդիպումներից հետո հայաստանյան իշխանություններն ընկրկեցին, և կոնցեսիոն ընկերությունը շարունակեց իր բնականոն գործունեությունը, իսկ քննչական և իրավապահ մարմիններն այլևս չանհանգստացրեցին ընկերության ղեկավարությանը: 

Ինչպես ռուսն է ասում՝ «до поры до времени». TRIPP-ը դարձավ հերթական թրիգերը «Հարավկովկասյան երկաթուղուն» արդեն վերջնականապես բարի ճանապարհ ասելու համար: TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է հայկական երկաթուղու կառավարումը «Հարավկովկասյան երկաթուղուց» այլ երկրի հաձնելու մասին՝ պատճառաբանելով, թե ռուսաստանյան ընկերությունն ի վիճակի չէ սպասարկելու բեռնափոխադրումների այն հոսքը, որն ակնկալում է ունենալ Հայաստանը Սյունիքի այդ ճանապարհը գործարկելուց հետո։ Օրերս էլ նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե արդեն իսկ այդ ուղղությամբ ռուսական կողմի հետ աշխատանքային քննարկումներ են ընթանում և որ ռուսական կողմից իրավիճակի որոշակի ընկալում կա․ 

«ՌԴ մեր գործընկերների հետ հարցի վերաբերյալ մենք որոշակի ըմբռնում ենք տեսնում, որի համար շատ շնորհակալ եմ, քանի որ էլի եմ ասում` մեր ասածի մեջ որևէ բան, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, չկա։ Մենք մեր գործընկերների հետ կիսվում ենք օբյեկտիվ իրավիճակով, որ Հայաստանն այս առումով իր մրցակցային առավելությունները կորցնում է։ Մենք այլ մոտիվացիա չունենք»։

Մեկ այլ առիթով էլ Փաշինյանն առաջարկել էր ռուսական ընկերությանը որևէ երրորդ երկրի վաճառել երկաթուղու կոնցեսիոն՝ հավատարմագրային կառավարման իրավունքը, որովհետև TRIPP-ում ընդգրկված որոշ գործընկերներ չեն ցանկանում ռուսական ընկերության հետ գործ ունենալ։  

«TRIPP-ի շրջանակներում կան ուժեր, որ ասում են` եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ երկաթուղին մտնում է Նախիջևան, շրջանցի Հայաստանը, ասում են՝ Հայաստանի երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է։ Ցավոք սրտի, Ռուսաստանի և շատ երկրների հարաբերություններ սուր են, բայց մենք ասում ենք, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և Ռուսաստանը չի ցանկանում և խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ։ Սրա մասին ՌԴ նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ աջակից է այս բոլոր ծրագրերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, որովհետև երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է»,- հայտարարել է Փաշինյանը։

«Հայաստանյան երկաթուղիների» հավատարմագրային կառավարումը ՀԿԵ-ին տրվել է 30 տարով՝ ևս 10 տարով այն երկարացնելու հնարավորությամբ, և եթե ընկերությունը չհամաձայնի կառավարման իրավունքը վաճառել, արդյո՞ք Փաշինյանը կփորձի ՀԷՑ-ի սցենարն իրականացնել և խզել պայմանագիրն ընկերության հետ։ Լրագրողների այս հարցին Փաշինյանը պատասխանել է, թե ամենևին մտադիր չէ Ռուսաստանի հետ փչացնել հարաբերությունները և սուր խոսակցություններ ունենալ կոնֆլիկտային տրամաբանությամբ․ «Միշտ էլ պայմանագիր խզելը վատ բան է, պետք է պայմանավորվել, մեր միջպետական հարաբերությունները, այդ թվում՝ մեր անձնական հարաբերությունները թույլ չեն տալիս, որ մենք գնանք այդ ճանապարհով: Դրա նպատակն ու իմաստը ես չեմ տեսնում: Եվ հակառակը՝ մեր հարաբերությունները թույլ են տալիս՝ ընկերական, բարեկամական խոսենք»։ 

Այդուհանդերձ, Ռուսաստանից արդեն իսկ բացասական բովանդակությամբ հայտարարություններ են հնչում՝ ի պատասխան Փաշինյանի մտադրությունների։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հիշեցրել է, որ ՌԴ-ն ավելի քան 30 մլրդ ռուբլի է ներդրել «Հայկական երկաթուղիներում»՝ արդիականացնելով այն և երկար տարիներ շահագործելով։ Շոյգույի գնահատմամբ՝ ՌԴ-ին փոխարինելու Հայաստանի ցանկությունը դիվանագիտական լեզվով ասած՝ «անմշակ է», ️ ️ Հայաստանի կարիքների համար անհրաժեշտ բոլոր բեռները տեղափոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից և Ռուսաստանը լիովին կատարում է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն պայմանագրի դրույթները։ Շոյգուն կասկածում է, թե այլ երկրներից որևէ ընկերություն կարող է Հայաստանում փոխարինել ռուսական ՀԿԵ-ին։ Շոյգուի խոսքով՝ ՀՀ երկաթուղիները ՌԴ-ից այլ երկրի հանձնելու դեպքում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»։ 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցից MediaHub-ը հետաքրքրվեց, թե TRIPP -ում ներգրավված ո՞ր ուժն է, որի հարաբերությունները սրված են Ռուսաստանի հետ։ Սուրեն Սուրենյանցը հավաստիացրեց, որ փաշինյանական բոլոր հայտարարությունները՝ կապված ՀԿԵ-ի հետ, կեղծ են և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում․ 

«Փաշինյանը շատ լավ գիտի, որ ի սկզբանե TRIPP-ը չի նախատեսվել Նախիջևանով Հայաստան ճանապարհ հարթելու համար, գիտի, որ TRIPP -ի նախագծմանը զուգահեռ և դեռ ավելի վաղ Թուրքիան սկսեց Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի կառուցումը։ Պարզապես հիմա նրան պետք է իր հերթական ձախողումը քարոզչական մակարդակում տեղավորել ինչ-որ մեկի գրպանում։ Տվյալ դեպքում ընտրել է Ռուսաստանին և TRIPP -ի ձախողման՝ Հայաստանի ապաշրջափակմանը չծառայելու դեպքում կասի՝ այ, եթե ոուսական երկաթուղին կոնցեսիոն կառավարում չիրականացներ, TRIPP-ը Նախիջևանից հետո կհասներ Հայաստան և հետո այստեղից կձգվեր Թուրքիա։ TRIPP -ի փաստաթղթերում ոչ փոխադարձություն է ենթադրվել, ոչ այնպիսի ռեժիմ, որ կենթադրեր Հայաստանի ապաշրջափակում»։ 

Մյուս կողմից էլ, ինչպես նշում է քաղաքագետը, Փաշինյանը որդեգրել է Հայաստանը ռուսական ուղեծրից դուրս բերելու քաղաքականություն և պատրվակ է փնտրում դրա համար կամ անուղղակի մատնում է, որ Հայաստանը Ռուսաստանի տնտեսական ազդեցությունից զրկելը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է։ 

Սուրեն Սուրենյանցի համոզմամբ՝ անգամ եթե ռուսական կոնցեսիոն կառավարում չլինի հայկական երկաթուղիներում, անգամ եթե Ռուսաստանին մեկ այլ երկիր փոխարինի, TRIPP-ը մինչև Երասխավան և այնուհետև Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա չի շարունակվելու։ 

Մեր զրուցակիցը նաև կասկածում է, որ ռուսական կողմը հեշտությամբ կարող է տեղի տալ Փաշինյանի պահանջին․ «Ռուսների դիրքորոշումը շատ հստակ է, որքան էլ Փաշինյանը փորձի մատուցել, թե ինքը գործընկերային դրական հարթության վրա ուզում է լուծել հարցը, ակնհայտ է, որ Ռուսաստանը տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունի»։

Թագուհի Ասլանյան

Send