MediaHub-ը հերթական ահազանգն է ստացել քաղաքացիներից, որ «FlyOne»-ը չեղարկել է վաղվա՝ Հռոմ-Երևան թռիչքը։
«Չգիտեմ՝ ինչ անել, ու անգամ չգիտեմ՝ փոխհատուցում լինելու է, թե՝ ոչ»,- պատմեց մեզ դիմած քաղաքացին։
Ընկերությունից փորձեցինք պարզել՝ ինչու է չվերթը չեղարկվել, և ինչ պետք է անեն քաղաքացիները, որոնք վաղը Հռոմից պետք է Երևան գային «FlyOne»-ի միջոցով։
«Այո՛, չվացուցակի փոփոխություն է տեղի ունեցել։ Եվ բոլոր այն քաղաքացիները, որոնք պետք է վաղը գային, կա՛մ հաջորդ չվերթով կվերադառնան Հայաստան, կա՛մ գումարի վերադարձ կստանան»,- ասացին ընկերությունից։
Հարցին, թե ինչու է չվերթը չեղարկվել, ընկերությունից նախ հրաժարվեցին պատասխանել՝ ասելով, որ պետք է գրավոր հարցում ուղարկենք, բայց երբ ասացինք, որ վաղվա թռիչքի մասին է խոսքը, և մինչև հաջորդ ուրբաթ օրը չենք կարող սպասել ու սպասեցնել մեզ ահազանգած քաղաքացուն, լղոզված պատասխան տվեցին, թե ուղղակի չվացուցակ է փոխվել։
Թե երբ հնարավորություն կունենան քաղաքացիները վերադառնալ Հայաստան, կամ ինչ այլ տարբերակ է առաջարկվում այսօր փաստի առաջ կանգնած քաղաքացիներին, ընկերությունից հստակ պատասխան չտվեցին՝ նշելով, որ քանի որ հարցը բարձրացնողը (այս դեպքում MediaHub-ի լրագրողը, խմբ.) ուղևոր չէ, նրան չեն կարող որևէ այլ բան ասել թռիչքի կամ չվացուցակի փոփոխության վերաբերյալ։
Այնուամենայնիվ, ընկերությունից տեղեկացրին, որ ծագած բոլոր խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են կապ հաստատել իրենց հետ և լուծման տարբերակներ ստանալ։
Նարե Գնունի

Русский