Երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Ավելի ուշ Պապիկյանը փաստաթուղթ հրապարակեց, որով կարգավորվում է Զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը:
Այդ փաստաթղթում նշված էր, որ այուհետ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ զինված ուժերում ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակված անձանց կողմից է իրացվելու հոգևոր ծառայության իրականացումը։
Փաստացի՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դուրս է մղվում բանակից։ Այսինքն՝ Պապիկյանը՝ որպես ՔՊ քաղաքական թիմի անդամ, քաղաքականացնում է նաև Զինված ուժերը և պարտադրում կիսել իր քաղաքական հայացքները։ Եթե իր համար Վեհափառն ընդունելի չէ, ապա ամբողջ Զինված ուժերում նա այլևս ընդունելի չէ, և հոգևորականի դերն էլ այսուհետ կատարելու են եկեղեցու հետ կապ չունեցող մարդիկ։ Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է այս ամենն ունենալ հայ զինվորի բարոյահոգեբանական վիճակի, և ընդհանրապես, հայոց բանակի վրա։
«Զինված ուժերում հոգևոր ծառայությունը հսկայական դեր է ունեցել զորքերում բարոյահոգեբանական վիճակի, զինծառայողների միջև հարաբերությունների և ուսումնական-դաստիարակչական գործընթացների վրա»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական հաշվարկի և նեղ անձնական շահերից ու քինախնդրությունից ելնելով՝ բանակում այս ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին, մարդկային փոխհարաբերություններին, և ըստ այդմ, մարտունակությանը։
«Քիչ չեն մարդիկ, ովքեր ձգտում են պատմություն մտնել։ Ոմանք այդ նպատակին հասնում են, սակայն այլ է խնդիրը՝ հերոսի՞, թե՞ հակահերոսի կարգավիճակով։ Փաշինյանն այդ ընտրությունը վաղուց էր կատարել, սակայն նա չի պատրաստվում հակահերոսի խարանը միայնակ կրել։ Երեկ այդ որոշումը Պապիկյանն է կայացրել, վաղը նրա այլ թիմակիցներ կընդունեն»,- նկատեց Աբրահամյանը։
Բայց և այնպես, ըստ պատգամավորի, պատմության անիվը հետ շրջել չի լինի, պատմությունը խմբագրել չի լինի․ միակ բանը, որ հնարավոր է՝ «այս վայրագների» իշխանության հեռացումից հետո, նրանց հասցրած ծանր վնասների վերականգնումն է, որը ժամանակ կպահանջի, սակայն հնարավոր է։
Հիշեցնենք, որ 1997 թվականին Գարեգին Վեհափառի և Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ են գնդերեցները սկսել ծառայել ՀՀ զինված ուժերում։

Русский